Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ հրաշամանուկ Մհերը, կամ ով է թաքնված Սամսոնիչի կերպարի հետեւում

Նոյեմբեր 17,2021 12:00

Հայկական ամենահայտնի երգիծական նախագծերի ու սիտքոմերի ռեժիսոր, պրոդյուսեր Արման Մարությանը կրկին ուրախացրել է հումորասեր հասարակությանը. այս անգամ առիթը Բլբուլյաններն են՝ համանուն սիտքոմի հերոսները՝ մեկը մյուսից յուրօրինակ ու կոլորիտային: Պատմությունը երկու հարազատ եղբայրների մասին է, որոնք չեն կարողանում կիսել հորից ժառանգած բնակարանը: Ի դեպ՝ «Բլբուլյանները» հայտնի «Ազիզյանների» տրամաբանական շարունակությունն է, սակայն նոր բովանդակությամբ եւ է՛լ ավելի ծիծաղաշարժ լուծումներով:

Սիտքոմը հագեցած է զվարճալի տեսարաններով ու դերասանական հիանալի խաղով: Այստեղ նկարահանվել են ինչպես արդեն ծանոթ ու սիրված հայտնի դերասաններ, այնպես էլ՝ այս ասպարեզում առաջին քայլերը կատարող մարդիկ, որոնք, սակայն, ոչ պակաս գրավիչ ու տաղանդավոր են եւ արդեն իսկ հասցրել են սիրվել ու գնահատվել հեռուստադիտողի կողմից:


Թեեւ սիտքոմի բոլոր հերոսներն էլ իրավամբ արժանի են բարձր գնահատականի՝ իրենց խիստ իրական խաղի եւ անվիճելի տաղանդի համար, սակայն առանձնահատուկ ցանկանում ենք շեշտել հատկապես երեխաների՝ Մանեի ու Սամսոնիչի, իսկ իրական կյանքում՝ Էմմայի ու Մհերի խաղը: Երկուսն էլ, ինչ խոսք, շնորհալի երեխաներ են, սակայն այս անգամ կանդրադառնանք ամենափոքրին՝ Սամսոնիչին կամ Մհեր Գրիգորյանին: Սա նրա առաջին փորձն է սիտքոմում, բայց փոքրիկն իր աշխատասիրության եւ, անշուշտ, չափազանց գրավիչ արտաքինի ու անկաշկանդ խաղի շնորհիվ կարողացել է արժանանալ հանդիսատեսի համակրանքին ու ջերմ խոսքերին:

Մհերն ընդամենը 9.5 տարեկան է: Ի դեպ՝ սիտքոմից բացի, նա հասցրել է նկարահանվել նաեւ գովազդներում ու «Յոթ քար» նախագծում: Իսկ սիտքոմի պարագայում նրան նկատել են քասթինգի ժամանակ, որտեղ Մհերը հաղթահարել է մի քանի փուլ եւ իր բնատուր տաղանդի շնորհիվ ստանձնել Սամսոնիչի դերը:

Մեզ հետ զրույցում Մհերը նշեց, որ Սամսոնիչի կերպարը շատ է հավանում, նույնիսկ՝ նմանեցնում է իրեն: «Այս կերպարը հենց ինձ համար է, բնավորությամբ էլ որոշ չափով նման է ինձ՝ բարի է, աղջիկներին, մեծերին հարգող»,-ասաց փոքրիկը:


Նա նշեց, որ շատ մեծ սիրով է սովորում իր դերի տեքստերը, ու թեեւ դպրոցական է, սակայն կարողանում է համատեղել դասերն ու փորձերն այնպես, որ ոչինչ չտուժի:

Մհերի խոսքով՝ ընկերները սիրով ողջունել են իր որոշումը՝ նկարահանվել սիտքոմում, սակայն ամենից շատ նրան քաջալերել են մայրիկն ու հայրիկը:


Փոքրիկի դերասանական խաղն անաչառ գնահատողը, նրա հետ պարապողը, գովեստի խոսքեր շռայլողն ու հարկ եղած դեպքում՝ նաեւ քննադատողը առաջին հերթին հայրիկն է՝ «Տեսակետ» մամուլի ակումբի նախագահ, Tesaketinfo.am կայքի խմբագիր, «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանը: Նա մասնագիտությամբ դերասան է, ավարտել է վաստակաշատ Խորեն Աբրահամյանի կուրսը, սակայն այսօր զբաղվում է այլ աշխատանքով: Կյանքի բերումով աշխատել է հեռուստատեսության բնագավառում՝ զբաղվելով ռեժիսորի, լրագրողի, պրոդյուսերի գործով, այսօր էլ ժամանակ առ ժամանակ նրան հրավիրում են այս կամ այն ֆիլմում նկարահանվելու, եւ այն, ինչ չի արել ժամանակին, ցանկանում է տեսնել որդու մեջ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ինքը՝ պարոն Գրիգորյանը: Նա նշեց, որ ինչպես տարիներ առաջ իր հայրիկն էր իր ձեռքը բռնած տանում տարբեր միջոցառումների, ձայնագրությունների ու նկարահանումների, այսօր էլ ինքն է ամենուր ուղեկցում Մհերին՝ օգնելով նրան բացահայտել աշխարհը…

Խոսելով սիտքոմում որդու նկարահանման մասին՝ Հովհաննես Գրիգորյանն ասաց, որ ընտանիքում երբեք դեմ չեն եղել, ընդհակառակը, ողջունել են եւ շատ ուրախ են, որ Մհերը հաջողություններ է ունենում: «Ռեժիսոր Արման Մարությանը եւս նշում է, որ Մհերը մեծ առաջընթաց ունի»,-ասաց հայրիկը՝ հավելելով, որ ռեժիսորի դերը շատ կարեւոր է ցանկացած նախագծում: «Շնորհակալ ենք Արման Մարությանին, որ իսկապես լուրջ է զբաղվում այս ամենով: Մեր երեխան ճիշտ մարդու եւ պրոֆեսիոնալ ռեժիսորի մոտ է հայտնվել»,-նշեց նա:

Յութուբում հարյուրավոր մեկնաբանությունները նույնպես փաստում են, որ Մհերը հասցրել է սիրվել շատերի կողմից: Մեկնաբանություններն իրավամբ վկայում են, որ Սամսոնիչի դերը հաջողված է: Մհերին նկատում են փողոցում, մոտենում, խնդրում միասին լուսանկարվել: Ի դեպ՝ ավելի հաճախ նրան մոտենում են հենց իր պես փոքրիկները, իսկ դա խոսում է այն մասին, որ «Բլբուլյանները» սերիալը դիտում են ոչ միայն մեծերը, այլեւ՝ երեխաները: Նրանց միշտ էլ իրենց հասակակիցներն են հետաքրքրում, եւ վստահաբար կարող ենք պնդել, որ երեխաներին գրավում է հենց Սամսոնիչը: Բարի ու ջերմ խոսքերից, անշուշտ, ոգեւորվում է մեր փոքրիկ հերոսը:

Հովհաննես Գրիգորյանի խոսքով՝ Մհերը փոքր ժամանակվանից չափազանց հետաքրքիր ու հետաքրքրասեր երեխա էր իր տեսակով: Նրա ստեղծագործական ջիղը նկատելի էր դեռ մանկապարտեզի տարիներից, երբ սկսել էր քառյակներ հորինել: Մհերը մեզ հետ զրույցում ասաց, որ սիտքոմում նկարահանվելն իր կյանքում համարում է նշանակալի իրադարձություն: Հարցին՝ բացի դրանից՝ ուրիշ ի՞նչ հետաքրքիր եւ արտասովոր բաներ են եղել իր կյանքում, Մհերը պատասխանեց. «Հռոմի Պապը եկել էր Հայաստան: Հայրիկս ինձ տարել էր նկարահանումների, որտեղ ես մոտեցա Հռոմի Պապին, մեր եռագույնը նվիրեցի նրան, իսկ նա ձեռքը դրեց գլխիս եւ օրհնեց: Սա իմ կյանքում մեծ իրադարձություն էր: Այս մասին խոսեցին նաեւ մամուլում: Բացի այդ՝ իմ դպրոցում մասնակցել եմ «Հայ ասպետ»-ին ու հաղթել. դա նույնպես ինձ համար շատ կարեւոր է»:

Ըստ Հովհաննես Գրիգորյանի՝ հեռուստատեսությունը Մհերին խորթ չէ, նա բազմիցս մեծ հետաքրքրությամբ մասնակցել է «Տեսակետ» ակումբում կազմակերպված ասուլիսներին, զանազան նկարահանումների:

Խոսելով որդու նախասիրությունների մասին՝ հայրիկն ասաց, որ Մհերը սիրում է ռուսական էստրադա եւ դասական երաժշտություն: «Երբեմն ընդօրինակում է ռուսական էստրադայի երգիչներին, երբեմն էլ ասում է՝ հայրի՛կ, ինձ արթնացրու դասական երաժշտությամբ»,-պատմեց պարոն Գրիգորյանը: Ի դեպ՝ նա նշեց նաեւ, որ իրենց մշակութասեր ընտանիքում մեծանում է եւս մի շնորհաշատ բալիկ՝ փոքրիկ Մարիամը. նա էլ պարի դասերի է հաճախում:

Ուշագրավ է, որ Մհերը փոքր հասակից կենդանասեր է, ասում էր, որ պիտի դառնա Կենդանաբանական այգու տնօրեն, սակայն, մշտապես աչքի առաջ ունենալով հոր կերպարը, տեսնելով նրա աշխատանքը, ինչպես նաեւ՝ անձամբ ունենալով ստեղծագործական հմտություններ, որոշեց, որ պիտի դերասան դառնա:

Մեզ հետ զրույցում Մհերն ասաց, որ որոշել է դառնալ դերասան՝ հայրիկի պես: Նրա խոսքով՝ իրեն հավասարապես հարազատ են թե՛ կինոն, թե՛ թատրոնը, եւ երկու տեղում էլ իրեն պատկերացնում է: Անդրադառնալով հարցին, թե ի՛նչ դեր կցանկանար խաղալ՝ Մհերը մանկական անկեղծությամբ պատասխանեց. «Չարի դեր եմ ուզում խաղալ»: Հետաքրքիր է սակայն, որ փոքրիկի երազանքը կապված չէ իր մասնագիտական առաջխաղացման, այս կամ այն դերը խաղալու կամ մանկական որեւէ ցանկության կատարման հետ: Բնա՛վ: Մհերի երազանքը շատ ավելի հասուն մարդու փափագ է, եւ տա Աստված, որ այն մի գեղեցիկ օր իրականություն դառնա: «Երազում եմ, որ աշխարհում երբեք պատերազմներ չլինեն, եւ հետ բերենք Արցախն ու Արեւմտյան Հայաստանը»,-ասաց Մհերը:

Ամալյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930