Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովուրդ, քաղաքացիներ… եւ զանգված

Նոյեմբեր 17,2021 14:30

Ինչպես սահմանազատել չարչրկված հասկացությունները

Քաղաքական գործիչները Հայաստանում եւ ամբողջ աշխարհում, անկախ իրենց գաղափարախոսական հավատամքից, նաեւ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական ռեժիմի ջատագովներ են, իրենց ճառերը մշտապես կառուցում են մեկ հասկացության շուրջ՝ «ժողովուրդ»: Աշխարհի մոտ 200 պետությունների ճնշող մեծամասնության ղեկավարները՝ Պուտինը, Բայդենը, Կիմ Չեն Ինը, Մերկելը, Էրդողանը, այաթոլա Հոմենեին, Մակրոնը, Սի Ծինփինը՝ բոլորը վստահ են, որ իրենց իշխանությունն իրականացնում են ժողովրդի անունից եւ ժողովրդի կամքով: Այդ իրավիճակը, եթե հարցին նայենք պատմական մեծ հեռանկարի տեսանկյունից, ստեղծվել է համեմատաբար վերջերս. մինչեւ 18-րդ դարի վերջը պետությունների ինքնիշխանություն սուբյեկտը միապետն էր, եւ միայն Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ հռչակվեց նոր սուբյեկտ՝ ժողովուրդը: Այդպիսով, անկախ այն հանգամանքից՝ քաղաքական գործիչներն իրենց հռչակում են «արեւմտամետ», թե «հակաարեւմտամետ», նրանք by default (լռելյայն) ընդունում են ֆրանսիական այդ «նորամուծությունը»:

Ու թեեւ բոլորը խոսում են «ժողովրդի» մասին, ամեն մեկն այդ չարչրկված հասկացության տակ իրե՛նն է հասկանում: Եվ այստեղ իսկապես կան օբյեկտիվ դժվարություններ: Եթե գնանք զուտ ձեւական ճանապարհով, ապա ժամանակակից պետությունների մեծ մասում «ժողովուրդ» բառի տակ հասկանում են ոչ թե տվյալ պետության ամբողջ բնակչությանը, այլ՝ միայն ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին, որոնց ընձեռնված է հնարավորություն իշխանություն ձեւավորելու: Հետեւաբար, մինչեւ 18 տարեկան երեխաներն ու պատանիները, դատապարտյալները, հոգեբուժարանի պացիենտները, այդ երկրում ապրող, բայց այլ քաղաքացիություն ունեցող կամ ընդհանրապես քաղաքացիություն չունեցող մարդիկ ժողովուրդ չե՞ն: Կամ մեր դեպքում, երբ հայ ժողովրդի 2/3-ն ապրում է Հայաստանից դուրս, այդ միլիոնավոր հայերը ժողովուրդ չե՞ն:

(Ի դեպ, եթե խոսքը քվեարկելու իրավունք ունեցողների մասին է, ապա 30 տարվա ընթացքում մենք չենք կարողացել պատշաճ ձեւով ապահովել Հայաստանից դուրս ապրող մեր քաղաքացիների այդ իրավունքը): Բայց չէ՞ որ մեր, ինչպես եւ մնացած ժամանակակից սահմանադրություններում գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այնտեղ գրված չէ, որ իշխանությունը պատկանում է քաղաքացիներին: Բացի դրանից, մեր նման երկրներում իշխանությունն ասում է՝ «մեզ ժողովուրդն է ընտրել», նկատի ունենալով, որ իրենց քվեարկած քաղաքացիները ժողովուրդ են, իսկ մնացած քաղաքացիները, որոնք իրենց ձայն չեն տվել կամ ընտրություններին չեն մասնակցել. ժողովուրդ չեն:

Ակամա հիշեցի Թուրքմենբաշուն. տարիներ առաջ հերթական նախագահական ընտրություններում նա ստացել էր ձայների 98.5 տոկոսը: «Ի՞նչ կասեք մնացած 1,5 տոկոսի մասին», – Նիյազովին հարցրեցին լրագրողները: Թուրքմենստանի առաջնորդի պատասխանը փիլիսոփայական էր. «Ամեն ժողովրդի մեջ կան մոլորյալներ»:

Պետք է խոստովանել, որ այն ձեւերը, որոնցով քաղաքացիներին զատում են ժողովրդից, քիչ թե շատ օբյեկտիվ են (օրինակ, լրացել է 18 տարեկանը, թե չի լրացել): Եթե փորձենք այլ «ցենզեր» մտածել՝ ասենք, դնենք գույքային սահմանափակում, ապա նախ՝ դա կլինի խտրականություն, երկրորդ՝ մեր մակարդակին գտնվող պետություններում, երբ աղքատության նպաստ ստացող քաղաքացին կարող է «Ֆերրարի» ունենալ, գույքային վիճակն ամենեւին էլ թափանցիկ չէ: Նույնը՝ կրթական ցենզը. բազմիցս հնարավորություն եմ ունեցել համոզվելու, որ բարձրագույն կրթություն ունեցողի կամ անգամ ակադեմիկոսի մտածողությունը կարող է ավելի սահմանափակ եւ պրիմիտիվ լինել, քան, ասենք, փականագործինը: Եվ, բնականաբար, մտածողությանը տրված իմ այս գնահատականը նույնպես խիստ սուբյեկտիվ է:
Այնպես որ՝ պետության տեսանկյունից ուրիշ ճար չկա, քան բավարարվել եղած չափանիշներով՝ այն վերապահումով, որն արդեն արեցի՝ ապահովել բոլոր քաղաքացիների քվեարկության իրավունքը՝ անկախ իրենց գտնվելու վայրից: Ես կառաջարկեի նաեւ, որ Հայաստանում համապետական ընտրություններում քվեարկելը պարտադրված լինի օրենքով. թող 5 տարին մեկ նեղություն քաշեն եւ մոտենան քվեախցիկներին, որպեսզի հետո հնարավորություն չունենան հպարտորեն կուրծք ծեծել՝ «ես ընդհանրապես ընտրությունների չեմ գնացել, ոչ մեկին էլ չեմ հավատում», ինչպես որ հիմա են շատերն ասում:

Մենք տարանջատեցինք «ժողովրդին» եւ քաղաքացիներին ինչ-որ ձեւական եւ, իհարկե, անկատար չափանիշներով: Բայց, թերեւս, ավելի բարդ է պատասխանել հետեւյալ հարցին՝ արդյոք բավարա՞ր է 5 տարին մեկ գնալ ընտրությունների քաղաքացի կոչվելու համար: Եթե այդպես է, ուրեմն մեզ մոտ կան միայն ուղղահայաց, հիերարխիկ կապեր՝ վերեւում իշխանությունն է, ներքեւում «քաղաքացիները», որոնց իշխանությունը «ժողովուրդ» է անվանում: Այդպես էլ կա, եւ վերջին ամիսներին այդ միտումը, կարծես թե, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Կասկածում եմ, որ այն կրավորական զանգվածին, որը մեծ հաշվով անտարբեր է մեր երկրում տեղի ունեցող, այսպես ասենք, դրամատիկ իրադարձությունների հանդեպ, կարելի է անվանել «քաղաքացիներ», առավել եւս՝ «ժողովուրդ»:

Մինչդեռ մոտավորապես 2011 թվականից, կարծես թե, երեւում էր, որ մարդկանց, առաջին հերթին երիտասարդների մեջ ստեղծվում են հորիզոնական կապեր, նախաձեռնություն է դրսեւորվում, ձեւավորվում են ինչ-որ բարի նպատակներ:

Իսկ հիմա մտածում եմ՝ գուցե աչքի՞ս է երեւացել: Կամ գուցե այդ դրսեւորումները արհեստածին էին եւ, ինչպես ասում են, «մեր ժողովրդին հարիր չեն»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.11.2021

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի/«Հետք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    too little, too late…

    համայն հայ ժողովուրդի եւ այժմու Հայաստանի քաղաքացիների միջեւ վերեւ – դեռ, հպանցիկ կերպով – մատնանշուած «նրբութիւնը»՝ նորութիւն է, այս թերթին այս սիւնակին մէջ

    այսինքն, նախկինում, ոչ միայն ասիկա չէր նշուեր այստեղ, այլ յաճախ՝ հակառակ կեցուածքն է որ կ’արտայայտուէր – ուղղակի կամ անուղղակի կերպով –

    իսկ այդ նախկին կեցուածքը հաստատած է, ամենայն գիտակցութեամբ եւ յատուկ նպատակով, այս Հայաստանի առաջին վարչակարգը

    հիմա խնդիրը հետեւեալն է. եթէ այս շա՜տ ուշացած «զարթօնքի»ն պատճառը՝ Արցախի կորուստն է եւ դրա յաջորդող, տակաւին ընթացիկ աղէտալի վիճակը, ի՞նչ մտածեն, ի՞նչ զգան այն հայերը, որոնց համար շատ յստակ էր, էական համոզում էր՝ Հայ Ազգի միասնական ինքնութեան Գաղափարը, եւ այդ Գաղափարի կենսական անհրաժեշտութիւնը՝ Հայութեան գոյատեւման եւ վերականգումի առնչութեամբ

    ուրեմն ասեմ, թէ ի՞նչ կը զգայ եւ կը մտածէ այդպիսի մի հայ…

    հիմա ես եմ որ, այս նիւթով, բնաւ համաձայն չեմ Խմբագրին հետ

    Փաշինյանը ճիշդ է. իր ըսած «ժողովուրդը», Հայաստանի – բնիկ – քաղաքացիներն են. որոնց զանգուածային մեծամասնութիւնը կարելի չէ շփոթել աշխարհի տարածքին ապրող հայ ծագումով անձերի եւ հաւաքականութիւնների հետ. ես ինքս չեմ կարող նշոյլ մը նմանութիւն տեսնել իմ եւ Հայաստանի այդ ժողովուրդին միջեւ. տեսնում եմ միայն էական, անհաշտելի տարբերութիւններ, հակադրութիւններ.

    ուրեմն, վերջին երեքուկէս տարիներու եւ դրանց աղէտալի յանգումին, «պսակման» շնորհիւ, իսկական զարթնիլը կը նշանակէ՝ այլեւս չհաւատալ վերոյիշեալ այդ դատարկ Գաղափարին. զորս փաստօրէն զուտ ինքնախաբէութիւն էր միայն. ի սկզբանէ.

    Մ. Հայդուկ Շամլեան
    https://www.facebook.com/Blog-H-368796210632940/
    https://haytougchamlian.blog/

  2. Հ.Շ. says:

    Յ.Գ. « Fool me once, shame on you; fool me twice, shame on me»
     
    նորէն բարի եղայ, վերը՝ «ինքնա»խաբէութիւն գրեցի
     
    սակայն տեղի ունեցաւ նաեւ՝ խա՛բէութիւն.

    արդարեւ, առաջին նախագահին վերոյիշեալ հակազգային դաւանանքը, ճակատաբար կը հակադրուէր՝ ի միջի այլոց, բառացիօրէն իր իսկ ձեռքով ստորագրուած Անկախութեան Հռչակագրին, եւ իր մարմնաւորած Շարժումի անունի երկրորդ «Հ»ին. դրանք ուրեմն մեզ խաբելու միտող հնարքներ էին.
     
    հիմա, կարծես թէ փորձ մը կայ դարձեալ մեզ լոլոզելու, նոյն հանկերգներով… բայց ձեզի համար դժբախտաբար, մենք՝ այդ աստիճան, էշ չենք. իսկ նկատի ունելով տեղի ունեցածը, դրա ենթարկուած ամենամիամիտ կթան կովին իսկ ստինքները կը փակուէին, նեղութիւնից կը չորանային…
     
    այսուհետեւ, որպէս Աւանդական, Դասական Սփիւռքի աջակցութիւն, պիտի այլեւս բաւարարուիք Սերժ Թանկյաններով, եւ մի քանի մեծապատիւ յետոյքալէզներով.

    մնացեալներս, մեր ազգային առաջնահերթութիւնների կարգը արդէն խորապէս վերադասաւորած ենք. ամիսներէ ի վեր արդէն, մեր նիւթական զօրակցութիւնը առաջին գիծի վրայ տրամադրուած եւ վերապահուած է Միջին Արեւելքի մեր համայքներին.
     
    սակայն չմտահոգուիք… բան չմտածէք… Մաքարոնին, Պայտընը եւ դեռ այլազան սորոսներ-մորոսներ, դեռ լիքը փողեր կը շնորհեն ձեզի. թերեւս դրանց մի մասն է կրնայ հասնիլ ուրեմն «հայ ժողովուրդին».

  3. Հ.Շ. says:

    Յ.Գ 2. Շատ լաւ էլ նկատեցի որ դուրսի հայերի պարագային անգամ, խօսում էք միայն քաղաքացիների մասին. սակայն իրողութիւն է որ Արեւմտեան Հայաստանէն եւ Կիլիկիայէն սերած հայորդիներէն շատեր, վերջին տասնամեակին, ՀՀ օրէնսդրական փոփոխութիւնների հիման վրայ, դարձած են այժմու Հայաստանի քաղաքացիներ. սակայն արդէն պիտի չերազէի որ յանկարծ «հայ ժողովուրդ» համարէք այդ հինգ-վեց միլիոն հայերը, որոնք այս Հայաստանի քաղաքացիները չեն.

    երեւի «ՀՀՇ»ի մէջ «Համազգային» բառն էլ, կապ չունէր նրանց հետ… իսկ լրիւ հանելուկ մըն է, թէ այդ բառին իսկ «ազգային» արմատը, ճիշդ ի՞նչ էր նշանակում արդեօք… մի օր երեւի մեզ դա էլ կը բացատրեն, հանճարեղ Լիպարիտեանները… կամ իրմէ աւելի լաւ, Սերժ Թանքեանը… քայլ արա, բացատրէ՛ Սերժ…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930