«Առնվազն կարող ենք ասել, որ Ադրբեջանը սանձազերծել է ՀՀ-ի դեմ պատերազմական գործողություններ, որովհետև այդ զինտեխնիկայի, հրետանու, զրահամեքենաների ծավալը դրա մասին են վկայում: Փորձում է այսպես ճնշում բանեցնել հայկական կողմի վրա իր ուզածը պարտադրելու համար՝ լինի միջանցք, թե այլ զիջումներ»,-Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ)՝ ՀՀ ԱԳՆ-ի մոտ հրավիրված շտապ հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը:
Նա հայտնեց՝ իրենց հավաքի նպատակն է ժամը 21:00-ին ՀՀ ԱԳՆ հանդիպման եկած դեսպաններին ցույց տալ, որ հայ ժողովուրդը դեմ է նրան, ինչ իրականացնում են ՀՀ իշխանությունները: Իրենց պահանջի մասին Արա Պապյանն ասաց. «Մենք պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները դիմեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որովհետև նրա լիազորություններն ու պարտավորություններն են աշխարհի անվտանգության և խաղաղության հարցերը»:
Անդրադառնալով ՀԱՊԿ քարտուղարության այն հայտարարությանը, որ ՀՀ-ից դիմում չեն ստացել, Արա Պապյանն ասաց. «Կարծում եմ՝ դիմած կլինեն, ի վերջո բանավոր դիմումը պաշտոնյայի ևս դիմում է: Իրեն պարզապես պատրվակներ են բռնում, որ նաև երկկողմ համաձայնագիրը իրականություն չդարձնեն: Իսկ եթե այն կազմակերպությունները, որի անդամ է ՀՀ-ն, համապատասխան քայլեր չեն ձեռնարկում, պիտի դիմենք ՄԱԿ-ին»:
Կարդացեք նաև
Արա Պապյանի խոսքով՝ ադրբեջանական լրատվամիջոցներն են գրում՝ մի՞թե կարող է Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսել առանց ՌԴ թույլտվության և համաձայնության: Այս առիթով շարունակեց. «Լավ են հասկանում, որ եթե ՌԴ-ն ուզենար, պատերազմական գործողությունները կդադարեի: Բայց եթե երեկ դադարեին, ՀՀ-ի վրա լծակը թույլ կլիներ: Կիրառվում է այն, ինչ արվեց Արցախում: Հրահրել պատերազմ, ՀՀ-ին ռազմական պարտության մատնել, հետո գալ, փրկել, զորքեր տեղակայել այնտեղ և Սյունիքը արցախացնել ու դնել ռուսական ռազմական վերահսկողության տակ: ՌԴ շահերից է բխում Սյունիքն իրենով անելը: Տեղի է ունենում Արցախի աբխազացման և Սյունիքի արցախացման քաղաքականություն: Կա Լավրով-2 պլան՝ Սյունիքը ռուսական վերահսկողության տակ դնել: Պատահական չէ, որ դա արվում է Ջերմուկի և Սիսիանի միջև ընկած ամենանեղ տարածքում: Առանց Սյունիքի Արցախի վերահսկողությունը քիչ բան է տալու ՌԴ-ին: Չմոռանաք, որ Սյունիքում է գտնվում աշխարհի մոլիբդենի և պղնձի ութ տոկոսը, և այս ապաշրջափակումը պետք է միայն այդ հումքը ՌԴ տանելու համար»:
ԱԺԲ անդամ Արթուր Այվազյանն էլ հարցրեց՝ ՀՀ-ն թշնամի ՀԱՊԿ կառույցում ի՞նչ գործ ունի ու նշեց. «Դա նշանակում է, որ ՀՀ-ին և հայ ազգին զոռով պահում են այդ կառույցում: Մենք օր առաջ պետք է հրաժարվենք այդ կառույցից»:
ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանն էլ խոսեց ներքաղաքական մաքրման մասին ու ասաց. «Մեզ պետք է վերջնական հաղթանակ: Սրանք թթվել են մեզ վրա, մեզ այլևս հարկավոր է մոբիլիզանալ տասնյակ հազարներով, մաքրել երկրի կեղտը վերջապես»:
Հավաքի մասնակիցները հայտարարեցին՝ նոյեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ին հավաք կանցկացնեն Ազատության հրապարակում, որպեսզի հայ ժողովրդի անունից դիմեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական որևէ անդամի՝ բարեկամ Ֆրանսիային և ԱՄՆ-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից