Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյանը Զինվորի տանը նվիրեց Ռոբերտ Աբաջյանի պատկերով շապիկը, որով ինքը Ռիոյում ներկայացել էր օլիմպիական ոսկե մեդալը ստանալու արարողությանը

Նոյեմբեր 16,2021 22:55

Այսօր քառօրյա պատերազմի մասնակից Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Լրացավ Արցախի հերոսի 25-ամյակը: Այդ առիթով օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը այցելեց Զինվորի տուն: Այնտեղ էին նաեւ Ռոբերտ Աբաջյանի ծնողներն ու հարազատները, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Արթուր Ալեքսանյանը Զինվորի տանը նվիրեց Ռոբերտ Աբաջյանի պատկերով այն շապիկը, որով ինքը Ռիո-դե-Ժանեյրոյում ներկայացել էր օլիմպիական ոսկե մեդալը ստանալու հանդիսավոր արարողությանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ Ռոբերտ Աբաջյանը դարձել է անզիջում պայքարի ազգային կերպար: «Այս պահին, երբ մենք մասնակցում ենք այս արարողությանը, ասես, ճակատագրի հեգնանքով մեր քաջ տղերքը զոհաբերելով իրենց կյանքը մեր անվտանգությունն ու  արժանապատվությունն են ապահովում սահմանին: Նրանք այս պահին անզիջում ու անսասան կանգնած են մեր սահմաններում: Առիթից օգտվելով՝ այս պահին դիմում եմ բոլոր նրանց, ովքեր լսում են ինձ, որպեսզի իրենց զորակցությունը հայտնեն հայ զինվորներին, Հայոց Բանակին, յուրաքանչյուր հայ մարդու, ով վճռական է ապրել, ստեղծել, հավատալ իր Աստծուն իր երկրում: Կեցցեն մեր բոլոր տղերքը, ովքեր այսօր կանգնած են դիրքերում: Եվ թող ի դեմս Ռոբերտ Աբաջյանի, սուրբ լինի բոլոր նրանց հիշատակը, ովքեր զոհվեցին հանուն իրենց երկրի ազատության, անկախության եւ արժանապատվության: Խոնարհվում եմ Ռոբերտ Աբաջյանի եւ մյուս բոլոր ծնողների առջեւ, որոնք զավակ են տվել իրենց երկրին, իսկ նրանք էլ չզիջեցին, նահատակվեցին: Ու այս պահին, երբ հնչում են իմ այս խոսքերը, սահմանին կրակոցներ են հնչում, այնտեղ մարտեր են ընթանում: Բոլորս իրար հետ զորակից դառնանք սահմանը պահող մեր տղաներին:

Մեր Զինվորի տան տղաները, որ հիմա անկարող են լինել դիրքերում, նաեւ անկարող են բացակայել դիրքերից, համոզված եմ, որ նրանք հենց այս պահին հոգով սահմաններում են: Ուզում եմ հիշենք Ռոբերտ Աբաջյանի հանրահայտ վերջին խոսքերը: Ես միանում եմ այդ խոսքերին եւ պատրաստակամությունս եմ հայտնում լինել այնտեղ: Դիմում եմ մեր ժողովրդին, կոչ եմ անում չզիջել արժանապատվությունն ու անկախությունը, ազատությունը եւ դրանք սրբորեն պահպանել»,-ասաց Արմեն Մուրադյանը:

Արթուր Ալեքսանյանը նույնպես իր խոնարհումը բերեց Ռոբերտ Աբաջյանի եւ Հանուն հայրենիքի զոհված բոլոր հերոս տղաների ծնողներին: «Օլիմպիական խաղերից հետո որոշել էի այս շապիկը նվիրել Ռոբերտի ծնողներին, բայց ցանկություն առաջացավ նվիրել Զինվորի տանը, երբ տեղեկացա, որ այստեղ, այս դահլիճը, որտեղ գտնվում ենք հիմա, կոչվել է Ռոբերտ Աբաջյանի անունով: Կարծում եմ այդպես ավելի ճիշտ կլինի»,- ասաց Ճերմակ Արջը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930