Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. Ադրբեջանը այդ կեղտոտ գործը անելու համար կատարում է բութ գործիքի դեր, որի կոթը ռուսական ձեռքում է

Նոյեմբեր 16,2021 18:28

«Ռուսաստանին պետք է ամբողջ տարածաշրջանը»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) կազմակերպած քննարկման ընթացքում ասաց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, հետազոտական ծրագրերի համակարգող Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ այս ամենը պետք է համարել որպես այդ ալգորիթմի օղակներից մեկը, որը թույլ է տալու Ռուսաստանին մշտապես ցույց տալ իր անփոխարինելությունը, իր կարևորությունը՝ այս հարցերը լուծելու համար. «Ռուսաստանին այս հարցերի լուծման ընթացքում պետք է ոչ թե արդյունք, այլ գործընթաց՝ մշտական գործընթաց»:

Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ այն, ինչ Ռուսաստանը հետապնդում է հակասում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի բոլոր երկրների շահերին, և խոսքը Ալիևի ռեժիմի մասին չէ. «Ըստ էության, Ալիևը այստեղ անում է նույն բանը, ինչ Ռուսաստանը իր սահմաններին՝ տարբեր երկրների նկատմամբ մեկին մեկ: Ուկրաինայի նկատմամբ՝ քայլերի մի խումբ, Վրաստանի նկատմամբ՝ մեկ այլ խումբ քայլեր: Եվ այդ ողջ մենյուին ավելացավ այն, ինչ տեղի է ունենում Բելառուսում: Դա առայժմ Ադրբեջանը մեր դեմ չի կիրառում, որովհետև առանց դրա էլ ինչ կիրառում է, աշխատում է բավականին արդյունավետ, և դրա գլխավոր շահառուն, այնուամենայնիվ, Ռուսաստանն է: Ադրբեջանը ուղղակի այդ կեղտոտ գործը անելու համար կատարում է բութ գործիքի դեր՝ բութ ծանր առարկայի դեր, որի կոթը ռուսական ձեռքում է»:

Նա համարում է, որ պետք է թույլ չտալ, որ այս ամենի դեմ Հայաստանը միայնակ մնա. «Իզուր չէ, որ Վլադիմիր Պուտինը ասում է՝ մեզ այլ կողմ պետք չէ: Եղբա՛յր, ինչո՞ւ պետք չէ: Եթե դու ուզում ես լավ բան անել, ուրիշն էլ ուզում է գա, նպաստի դրան, ինչո՞ւ ես դեմ: Այդ ժամանակ հարց է առաջանում՝ ինչո՞ւ ես դեմ: Մենք ինչի՞ համար ենք անդամակցում այդ կազմակերպությանը, և ինչո՞ւ այս հարցը չի դառնում ԵԱՀԿ մշտական խորհրդում քննարկման առարկա: Ընդամենը քննարկման առարկա: Ես չունեմ այս հարցի պատասխանը: Ի վերջո, մենք ասում ենք՝ ներխուժել են Հայաստանի տարածք, անեքսիա է, ագրեսիա է: Ո՞վ է ասել, որ ագրեսիա է, որտե՞ղ է գրած: Մենք որտե՞ղ ենք ասել դրա մասին, որ ագրեսիա է և անեքսիա է»:

Ռուբեն Մեհրաբյանին հետաքրքրում է նաև, թե Հայաստանը ինչո՞ւ է անդամակցում ՄԱԿ-ին. «Եթե այս հարցերը չպետք է լուծենք ՄԱԿ-ում անդամակցելու իմաստը ո՞րն է: Երրորդ՝ ՀԱՊԿ կոչվածը: Քանի մենք այնտեղ ենք, մենք այդ հարցը բարձրացնել կարո՞ղ ենք, թե չէ՞: Գիտեք՝ ինչ, աղմուկ անել պարտադիր է, որովհետև այս ամեն ինչը բոտուլիզմի նման է, քանի մենք գործում ենք կոնսերվացված վիճակի մեջ, այդ բոտուլիզմը կա: Պետք է բացել և եռացնել այս ամենը, որ թափանցիկություն ապահովվի այս ամեն ինչին, որ Ալիևի իր ձեռքերին ազատություն չկարողանա տալ, բարձր քաղաքական գին վճարի դրա համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930