Ադրբեջանն ու Հայաստանը մասնատվել են մանր հակամարտությունների: Կրակում են թե՛ խաղաղապահների պատասխանատվության գոտում, թե՛ հայ-ադրբեջանական սահմանին: Միկրոպատերազմները չեն դադարի, մինչև որ չլինի խաղաղության պայմանագիր, և կողմերն էլ չլուծեն սահմանազատման հարցը, գրում է Կրեմլին մոտ կանգնած «Կոմերսանտ» թերթը «Կրակոցներ հանուն խաղաղության» խորագրով հոդվածում (հոդվածը հրապարակվել է նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան- «Առավոտ»):
«Առանց որևէ հիմնավորման հակառակորդն ինտենսիվ կրակի է ենթարկում մեր դիրքերը տարբեր տրամաչափի հրազենից, այդ թվում դիպուկահարներից և նռնականետերից»,- երկուշաբթի հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից՝ մեկնաբանելով, որ դա տեղի է ունեցել նոյեմբերի 15-ի գիշերը:
Մեկ օր առաջ կրակի մասին տեղեկացրել էին հայ զինվորականները. «Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ: Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդը փորձերը՝ այդ տարածքում դիրքեր գրավելու փորձերը: Իրավիճակը շարունակում է մնալ լարված»:
Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ նշված է, որ կրակոցները եղել են Քելբաջարի շրջանի Զեյլիք և Յելիջա բնակավայրերի մոտակայքում: Հայկական կողմի հաղորդագրության մեջ բնակավայրերի անուններ նշված չեն, մեծ հավանականությամբ՝ խոսքը սահմանային նույն տեղանքի մասին է, գրում է թերթը:
Կարդացեք նաև
Ավելի ուշ Հայաստանի Անվտանգության խորհրդից հայտնեցին, որ ինչ-որ պահի հայկական 4 մարտական դիրքեր հայտնվել են շրջափակման մեջ, և որ բանակցությունների արդյունքում և՛ ադրբեջանական, և՛ հայկական ուժերը հետ են քաշվել այդ դիրքերից:
Այս նորությունները հոդվածագրի մոտ դեժավյուի տպավորություն են թողնում:
Նման հաղորդագրություններ տարածվում էին նախքան ղարաբաղյան երկրորդ պատերազմը, դրանք ավելի հաճախակի դարձան անմիջապես պատերազմից առաջ և շարունակվում են պատերազմի ավարտից մեկ տարի անց, նկատում է հոդվածագիրը:
Դեռ մայիսին Հայաստանից հայտարարեցին, որ հարևան երկրի զորքերը մտել են իրենց տարածք Գեղարքունիքի շրջանում և Սև լճերի շրջակայքում:
Ադրբեջանական զորքերի ներխուժման մասին նոյեմբերի 15-ին հայտնեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ ֆոնին նա որոշեց հեռացնել պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին՝ նրա փոխարեն նշանակելով իր թիմի անդամ Սուրեն Պապիկյանին, որը զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը: Ի դեպ, Պապիկյանը Նիկոլ Փաշինյանի մոտ 3.5 տարվա իշխանության ընթացքում արդեն 4-րդ պաշտպանության նախարարն է:
«Կոմերսանտի» կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանին խնդիրները պայմանավորված են նրանով, որ այն մինչ այժմ սահմանազատված չէ:
Թերթի հետ զրույցում ռուսական պետական կառույցներում անանուն աղբյուրը նշել է, որ սահմանի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան: «Կան անկլավներ, կան գյուղեր, որոնք համարվում են օկուպացված: Կա, օրինակ,Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհը, որի ոլորանները տեղ-տեղ մտնում են Ադրբեջանի տարածք»,- ասել է թերթի զրուցակիցը:
Ըստ նրա՝ Մոսկվան պատրաստ է օգնել կողմերին այդ հանգույցները բացելու հարցում: Բայց գործընթացը հեշտ չի ընթանում: Առայժմ եղել են սահմանազատման հարցով միայն խորհրդակցություններ, սակայն համապատասխան հանձնաժողովի ստեղծման մասին չի հայտարարվել: Ըստ «Կոմերսանտի»՝ դա կարող է արվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը, որի անցկացման օրը նոյեմբերի 15–ի դրությամբ համաձայնեցված չէ:
Եթե սահմանազատման գործընթացը հաջողվի մեկնարկել, մեծ հավանականությամբ կողմերը տարածքների փոխանակում կիրականացնեն:
Իսկ դրան պետք է պատրաստ լինեն հանրային տրամադրությունները թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում: Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նոյեմբերի 12-ին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին հայտարարեց, որ Բաքուն հանդես է գալիս սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուտափույթ մեկնարկի օգտին:
Երևանում դա չեն մեկնաբանում: Ակնհայտորեն իշխանությունները դժվարությամբ են գնում այդ հարցին: Նիկոլ Փաշինյանը հազիվ կարողացավ պահել իշխանությունը 2020թ. պատերազմի պարտությունից հետո: Եթե պարզվի, որ Երևանի զիջել է կամ պատրաստվում է որևէ բան զիջել Բաքվին, Հայաստանի վարչապետի համար նոր խնդիրները երաշխավորված են, գրում է թերթը:
Լեռնային Ղարաբաղում, նրա այն հատվածում, որտեղ մնացել է հայկական բնակչություն, նույնպես անհանգստություն կա: Նոյեմբերի 10-ին այնտեղ միաժամանակ տեղի էր ունենում տոնակատարություն և հուղարկավորություն: Ստեփանակերտի մոտ տեղակայված ռազմական ճամբարում ռուս խաղաղապահները նշում էին օպերացիայի մեկնարկի մեկ տարին: Նրանք կազմակերպել էին տեխնիկայի և սպառազինության ցուցադրություն և բեմադրում էին պայմանական դիվերսանտներին հետ մղելու գործողություն:
Զորամիավորման հրամանատար գեներալ- լեյտենանտ Գենադի Անաշիկը հայտարարեց. «Խաղաղապահների կողմից իրագործվող քրտնաջան և պատասխանատու աշխատանքը կանխարգելում է կռիվները հակամարտող կողմերի միջև»:
Ընդ որում, պարոն Անաշկինի ասածը սխալմունք չէր, երբ պատերազմի ավարտից մեկ տարի անց կողմերին անվանեց «հակամարտող»:
Ղարաբաղում դեռ կրակում են: Մինչ ելույթ էր ունենում գեներալ-լեյտենանտը, Ստեփանակերտում հրաժեշտ էին տալիս 22-ամյա Մարտիկ Երեմյանին, որին սպանել էին նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տեղեկագրում այդ միջադեպը ներկայացված է հետևյալ կերպ. «Նոյեմբերի 8-ին Մոսկվայի ժամանակով 13:40-ին Շուշիի շրջանում ադրբեջանական կողմից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի՝ 4 հոգուց բաղկացած աշխատանքային խմբի վրա, ինչի հետևանքով երեք մարդ վիրավորվել է, մեկը՝ սպանվել: Ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ քննում է միջադեպը»:
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հայտնել են, որ 4 բանվորներ ջրատար էին վերանորոգում ռուս խաղաղապահների համար: Ինչ-որ պահի Շուշի քաղաքից նրանց մոտ իջել է զինված մարդ և կրակ բացել ատրճանակից: Հայաստանում դա մեծ աղմուկ բարձրացրեց: Երկրի ԱԳՆ-ն զգացմունքային արձագանք տվեց: «Կրակի դադարեցման ռեժիմի խախտման կրկնվող միջադեպերը բացահայտ ցույց են տալիս Հայաստանը և հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ Բաքի հայտարարությունների կեղծ բնույթը»,- -ասվում էր Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Բաքուն էլ չլռեց: «Դա հայկական կողմից հերթական սադրանքի արդյունքն է: Այդ տարածում ցանկացած տեսակի աշխատանքներ իրականացնելիս սովորաբար այդ մասին հայտնում են ռուս խաղաղապահներին: Ավելին, աշխատանքներն իրականացվում են խաղաղապահների ուղեկցությամբ: Այս անգամ ռուս խաղաղապահներին որևէ տեղեկություն չի տրամադրվել, և նրանք չեն մասնակցել աշխատանքին: Իհարկե, դա լուրջ հարցեր է առաջացնում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան:
Նա հավելել է, որ բանվորները Շուշիի մոտ երևացել են հենց այն պահին, երբ այցով այնտեղ էր գտնվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչը ենթադրում էր լրացուցիչ անվտանգության միջոցառումներ: «Իմանալով այդ մասին՝ ջրագծի վերանորոգման աշխատանքների իրականացումը մի վայրում, որը գտնվում է (պահպանվող-խմբ.) տարածքի մոտակայքում, որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»: Հայկական կողմին մեղադրելով սադրանքի մեջ՝ տիկին Աբդուլլաևան չի հերքել, որ բանվորների վրա կրակել է ադրբեջանցի ուժային:
Նոյեմբերի 13-ին արդեն Հայաստանի քաղաքացի Նորայր Միրզոյանը, անցնելով Ստեփանակերտի մոտի անցակետը, կանգնեցրեց է իր Mercedes-ը, դուրս եկավ և նռնակ նետեց ադրբեջանցի զինվորականների վրա՝ վիրավորելով նրանցից երեքին:
Ռուս խաղաղապահները ձերբակալել են Միրզոյանին: Միջադեպը վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում:
Մոտ մեկ ամիս այդ միջադեպից առաջ՝ հոկտեմբերի 9-ին հաղորդվեց, որ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Մարտակերտի մոտ հայ տրակտորիստ է սպանվել: Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի ՊՆ-ից հայտարարեցին արդեն հայ դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայողի սպանության մասին:
Նման իրավիճակը դժվար է խաղաղություն անվանել: ԼՂՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանն ուղղակի ասում է. ոչ մի բան չի ավարտվել: «Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ: Դա հնարավոր չէ: Մենք երբեք չենք հրաժարվի Շուշիից, Հադրութից, Շահումյանից: Դա մեր հողերն են: Բայց մենք հասկանում ենք, որ այս փուլում անհրաժեշտ է պահպանել այն, ինչ կա: Մենք ծանր վիրավորի վիճակում ենք: Ինչպե՞ս կարելի է ծանր վիրավոր մարդուն հանել ռինգ և ասել՝ գնա խփիր: Մենք պետք է ոտքի կանգնենք, և կարծում եմ, մենք կկանգնենք»,- ասել է Բաբայանը:
Ի պաշտոնե Դավիթ Բաբայանին կարելի է լավատեսություն ցուցաբերել: Բայց ԼՂՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության վիճակագրությունը ցցուն կերպով լույս է սփռում խնդիրների վրա. նախքան պատերազմը Ղարաբաղում աշխատում էր 7000 տնտեսական սուբյեկտ, իսկ հիմա դրանց թիվը հազիվ է գերազանցում 2000-ը: Կրկնակի կրճատվել են արդյունաբերական արտադրության և արտահանման ծավալները, գյուղատնտեսության ծավալը կրճատվել է 54%-ով:
Նախարար Արմեն Թովմասյանը խոստովանում է. «Մարդիկ հեռանում են»: Դրան նպաստում է անվտանգության և անորոշության բացակայության զգացողությունը»:
Ռուս խաղաղապահներն այստեղ ակնհայտորեն կմնան ևս չորս տարի: Արդյոք կերկարաձգվի նրանց մանդատը՝ հարց է, գրում է թերթը:
Այն բանից հետո, երբ ԼՂՀ տարածքը զգալիորեն կրճատվել է պատերազմի հետևանքով, տեղի բնակիչները մշտապես տեսնում են ադրբեջանցի զինվորականներին: Ինչպես երևում է վերը նշված դեպքերից, այդ հանդիպումները չեն ուրախացնում կողմերից ոչ մեկին:
«Այս կայուն անկայունությունը կամ անկայուն կայունությունը կշարունակվի նաև հետագայում: Ավարտվե՞լ է արդյոք պատերազմը: Եթե կարճ՝ ոչ, չի ավարտվել: Ինչպես այն կշարունակվի՞: Հնարավոր են տարբերակներ»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական բաժնի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը:
Հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նույնակարծիք է: Նա հիշեցնում է, որ բոլոր խոշոր պատերազմներն ավարտվել են պայմանագրերով. 30-ամյա պատերազմից հետո եղել է Վեսֆալը, Նապոլեոնյան պատերազմից հետո՝ Վիեննան, Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ Վերսալը, իսկ Երկրորդ աշխարհամարտից հետո՝ Յալթան, Պոտսդամը: Իսկ այստեղ պատերազմն ավարտվել է, իսկ Վերսալ չի եղել: Այն հիմա է ընթանում:
«Այս իրավիճակը գիտության մեջ կոչվում է անոմիա. ստատուս քվոն մահացել է, իսկ նորը դեռ չի ծնվել: Այն հիմա է ծնվում»,- ասել է Իսկանդարյանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ