Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ կլինի ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկը, պաշտպանվա՞ծ է արդյոք ատոմակայանն արտաքին հարձակումներից

Նոյեմբեր 16,2021 18:50

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք Հայկական ատոմակայանի արդիականացումը, որը նախատեսված է շահագործել մինչեւ 2026 թվականը, ապա կրկին երկարաձգել մինչեւ 2036 թվականը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանեց. «Էներգաբլոկը, որն աշխատում է, գրեթե ամբողջությամբ նորացվել է, թարմացվել է»:

Գնել Սանոսյանը եւ «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն այսօր շրջեցին Հայկական ատոմակայանում եւ ծանոթացան արդիականացված էներգաբլոկի աշխատանքներին:

Նախարարի խոսքով, բազմաթիվ սարքավորումներ, գեներատորներ փոխվել՝ նորացվել են, ինչը թույլ է տալիս հայտարարել, որ ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվում է: Ըստ Գնել Սանոսյանի, ծրագրեր կան էներգաբլոկը շահագործել մինչեւ 2036 թվականը: Նախարարը նաեւ նշեց, որ «Ռոսատոմ» պետկորպորացիայի հետ շարունակելու են համագործակցել՝ նոր էներգաբլոկ կառուցելու նպատակով:

«Հայաստանում ոչ մի օր չպետք է դադարեցվի ատոմային էներգիայի արտադրությունը: Մեր մտադրությունն այն է, որ այս կայանի շահագործման եւ դրա ավարտի ժամանակ ունենալ արդեն նոր էներգաբլոկ եւ այն անմիջապես միացնել ցանցին»,-ասաց Գնել Սանոսյանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ արդեն աշխատանքները սկսվել են եւ շարունակվելու են. «Մեր աշխատանքների ընթացքը կհասցնենք նրան, որ մոտավորապես 2026-2027 թվականներից կսկսվի նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը՝ հաշվի առնելով, որ այդ աշխատանքները կարող են տեւել 8-10 տարի: Եվ, երբ ավարտին մոտենա գործող կայանի աշխատանքները, անմիջապես կարողանանք նոր էներգաբլոկ ունենալ»:

 

44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից թիրախավորվում էին նաեւ ռազմավարական նշանակության քաղաքացիական օբյեկտներ՝ գազատարներ, ջրատարներ, էլցանցեր եւ այլն: Մտավախություն կար նաեւ Հայկական ատոմակայանին հարվածելու վերաբերյալ: Ինչպե՞ս կգնահատեք ՀԱԷԿ-ի եւ նաեւ նոր կառուցվելիք ատոմակայանի պաշտպանվածությունը՝ մեր հարցին Գնել Սանոսյանը պատասխանեց. «ՀԱԷԿ-ն անվտանգության բավական մեծ գործիքակազմ ունի եւ այն անընդհատ կատարելագործվում է, նաեւ հաշվի են առնվում արտաքին վտանգները: Եվ հաշվի առնելով, որ նոր ատոմակայանը ամբողջովին նոր է կառուցվելու, կարծում եմ, որ շատ ավելի մեծ անվտանգային չափորոշիչների կհամապատասխանի»:

Նախարարի խոսքով, ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից կիրառված տարբեր զենքերին՝ տարբեր ռազմավարական օբյեկտների նկատմամբ, դա դատապարտելի է. «Ես որքան տեղյակ եմ, տարբեր միջազգային ատյաններում կան տարբեր տեսակի դատավարական գործընթացներ՝ կապված նրանց կողմից չթույլատրված զինատեսակների կիրառման կամ այնպիսի օբյեկտների նկատմամբ կիրառման, որոնք արգելված են եւ չի կարելի»:

«Հպարտ եմ, որ մասնակցում ենք մի նախագծի, որն օգնեց ՀԱԷԿ-ը դարձնել ավելի անվտանգ եւ արդյունավետ: Մենք բոլորս միասին հայկական ԱԷԿ-ի մասնագետների, նորոգման ընկերությունների, գիտահետազոտական ինստիտուտների, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագծա-կոնստրուկտորային կազմակերպությունների, ինչպես նաեւ ատոմակայանների համար սարքավորումներ պատրաստող գործարանների պրոֆեսիոնալների թիմը, իրականացրել ենք սարքավորումների փոխարինման եւ արդիականացման աշխատանքների հսկայական ծավալ»,-ասաց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը: Նրա խոսքով, Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի միջոցառումների մի ամբողջ համալիրի իրականացման շնորհիվ երկրորդ էներգաբլոկը համապատասխանում է ամենաժամանակակից միջազգային պահանջներին:

Միջոցառման ավարտին հյուրերը ատոմակայանի բակում հիմնեցին «Ռոսատոմի» ծառուղի, տնկեցին տասնյակ ծառեր:
Գնել Սանոսյանը պարգեւատրեց ատոմակայանի արդիականացման աշխատանքներին մասնակցած մասնագետներին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930