Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը քննարկում էր կազմակերպել «Սահմանակետ-մաքսակետեր չդադարող սահմանախախտումների ու չդեմարկացված «սահմանի» պայմաններո՞ւմ» թեմայով:
Միջազգային հարաբերությունների, հանրային կառավարման եւ անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը քննարկման ընթացքում նշեց, որ երբ Ադրբեջանը սկսեց իր մարտական դիրքերի առաջխաղացումը Սյունիքում դեկտեմբերի կեսերին, ինքը հասկացել է, որ դա շարունակական է լինելու: Եվ ըստ նրա, դա կանխելու ձևը սահմանազատումն ու սահմանագծումն էր՝ միջազգային չափանիշների համաձայն:
«Այսպիսի մի մոտեցում կա, որ Ադրբեջանը զենքի ուժով կամ ռազմաքաղաքական ճնշման միջոցով իրականացնում է սահմանազատում և սահմանագծում: Ես բացարձակապես համաձայն չեմ այսպիսի ձևակերպման հետ, քանի որ այն, ինչ որ հիմա տեղի է ունենում ոչ թե սահմանազատում և սահմանագծում է, այլ ընդհակառակը: Դա միջազգային փորձագիտության մեջ կոչվում է սողացող անեքսիա, եթե ասենք կոպիտ տերմինով: Իսկ եթե մեղմ տերմինով, «բորդերիզացիա», այսինքն՝ երբ ինքն իր արձանագրած ռազմական հաջողությունների արդյունքում փորձում է դե ֆակտո այդ հաջողությունները ֆիքսել՝ անտեսելով սահմանազատման և սահմանագծման միջազգային չափանիշները»,- ասաց Սոսի Թաթիկյանը:
Նրա կարծիքով՝ կարելի էր սրանից խուսափել՝ անելով պատշաճ սահմանազատում և սահմանագծում միջազգային չափանիշներին համաձայն, որը չպետք է լիներ աշխարհաքաղաքական շահերի և ռազմական գործողությունների արդյունք. «Եթե այս հարցը միջազգայնացվի և տեղափոխվի միջազգային հարթակ և կատարվի միջազգային չափանիշների համապատասխան, հնարավոր է ռիսկերը նվազեցնել»:
Կարդացեք նաև
Սոսի Թաթիկյանը հանրային համերաշխության և մեղավորներ չփնտրելու կոչ արեց, հակառակը՝ համախմբվել և փորձել լուծումներ գտնել. «Եթե փորձենք գտնել մեղավորներ, պետք է հետ գնանք խորհրդային իշխանություններ: Եվ հարց է ծագում՝ ինչո՞ւ է խորհրդային տարիներին՝ սկսած 20-ականների վերջից Խորհրդային Հայաստանից կտոր առ կտոր պոկվել և Ադրբեջանին տրվել տարբեր հատվածներ»:
Նա նշեց, որ խորհրդակցել է տարբեր մասնագետների հետ՝ հասկանալու համար Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհների պատկանելիությունը երբ և ինչպես է որոշվել, սակայն խճճվել է. «Կան բազմաթիվ տարբեր քարտեզներ՝ փակ և բաց: Ըստ բաց քարտեզների, նույնիսկ՝ Գենշտաբի, 1940 թվականին այդ ճանապարհները պատկանել են Հայաստանին: Թե ո՞ր թվականին են տրվել Ադրբեջանին, պարզ չէ: Սակայն 1963 թվականին Խորհրդային ատլասում հրապարակված քարտեզների համաձայն, նրանք եղել են Խորհրդային Հայաստանինը, 1987 թվականին եղել են արդեն Խորհրդային Ադրբեջանինը, բայց ոչ ամբողջությամբ, այլ կտոր առ կտոր: Եվ Գենշտաբի քարտեզների և ատլասի քարտեզների միջև կա տարբերություն, քանի որ փաստորեն ատլասի քարտեզները ավելի ոչ խնդրահարույց ձևով են ներկայացրել այդ համաձայնությունները, սակայն եղել են գաղտնի Գենշտաբի քարտեզներ, որոնց համաձայն, այդ ճանապարհների առնվազն մի մասը տրված է եղել Խորհրդային Ադրբեջանին: Եվ 40 և ավելի բարձր տարիքի սերունդը, որը ապրել է Սյունիքում, հիշում է, որ այդ ճանապարհը կտրտված էր՝ մի մասը համարվում էր Ադրբեջանինը, մի մասը՝ Հայաստանինը»:
Սոսի Թաթիկյանը ընդգծեց, որ Ռուսաստանի Դաշնության արխիվներում են գտնվում Գենշտաբի գաղտնի քարտեզները, որոնց պատճենները, իր կարծիքով, հայկական կողմը չունի. «Առաջինը եռակողմ ձևաչափով այդ քարտեզների փոխանակումը և տրամադրումն է: Եվ ինչը, որ խնդրահարույց չէ, միգուցե այդ ձևաչափով կարելի է համաձայնեցնել: Սակայն, ինչքան ես հասկանում եմ, խնդրահարույց հարցերը չափից դուրս շատ են, ինչպես այս ճանապարհների հարցը, երկրորդը անկլավների հարցն է: Եվ այդ պարագայում Հայաստանին չպետք է պարտադրվի որպես պատերազմում պարտված կողմ համաձայնվել զուտ այն լուծումներին, որոնք ոտնահարում են մեր պետական և մարդու իրավունքների շահերը: Հետևաբար՝ դա պետք է տանել ԵԱՀԿ ֆորմատ, քանի որ ԵԱՀԿ-ն ունի համապատասխան փորձ, համապատասխան ձեռնարկ և չափանիշներ»:
Իսկ եթե ԵԱՀԿ-ում չլուծվեն վիճահարույց հարցերը, Սոսի Թաթիկյանը համարում է, որ պետք է դրանք լուծել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի