Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը նոյեմբերի 15-ին այցելել է Կապան համայնքի Ներքին Հանդ, Ծավ, Սրաշեն, Շիկահող ու Ճակատեն գյուղեր, հանդիպել վարչական ղեկավարներին ու բնակիչներին, տեղեկացել նրանց հուզող հարցերին ու ներկայացրել, թե այս պահին ինչպես են լուծվում գյուղերը մարզկենտրոնին կապող ճանապարհի փակվելուց հետո ի հայտ եկած խնդիրները։
Մինչ այլընտրանքային ճանապարհի կառուցման ավարտը մարզպետարանը Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի աջակցությամբ անվճար դիզվառելիք ու բենզին է հասցնում գյուղեր։ Առաջացող խնդիրներին անմիջապես արձագանքելու համար գյուղերում է գտնվում նաեւ խմբի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։
Մարզպետի հետ երեկ նաեւ գյուղեր է հասցվել Մեղրու ԲԿ-ի մեկ շրջիկ շտապօգնության մեքենա՝ բուժքույրով, որը հերթապահում է տեղում։
Նշենք, որ այս բնակավայրերից շտապօգնության ծառայության կանչերը տեղափոխվել են Մեղրու ԲԿ՝ առավել արագ սպասարկման համար։
Կարդացեք նաև
Հանդիպելով Ծավում գործող հացի արտադրամասի ղեկավարին՝ մարզպետը տեղեկացել է, որ այն բավականաչափ ալյուրի պաշար ունի ու կկարողանա ապահովել գյուղերի հացի պահանջարկը։
Մելիքսեթ Պողոսյանն այցելել է նաեւ այլընտրանքին ճանապարհը կառուցող շինարարներին ու ծանոթացել աշխատանքների ընթացքին։ Նշենք, որ այն այս պահին գործածելի է միայն առնվազն երկսռնանի ամենագնացների համար։
Չի ընդհատվել նաեւ դպրոցների դասապրոցեսը․ Ներքին Հանդի եւ Ծավի դպրոցներում առկա ուսուցում է, քանի որ գյուղերում ուսուցիչները տեղի բնակիչներ են։ Շիկահողում կազմակերպվել է մասնակի հեռավար ուսուցում, իսկ Ճակատենի դպրոցում հեռավար կրթություն է կազմակերպվել։ Տեխնիկական միջոցներ չունեցող աշակերտներին մարզպետարանն ապահովել է անհրաժեշտ սարքավորումներով։
Սյունիքի մարզպետարան