Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Հասարակությունը պետք է կողմնորոշվի. արագիլի պես մի ոտքո՞վ ենք կանգնելու մեր հայրենիքում, թե երկու ոտքով՝ տանտիրոջ լիիրավ իրավունքով»

Նոյեմբեր 16,2021 17:30

«Ես հույս ունեմ, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, հույս ունեմ, որ որոշ տարածքներ մենք այնուհանդերձ հետ կվերադարձնենք: Խոսքս չընդունեք որպես քաղաքական ռոմանտիկա, որովհետեւ քաղաքականության մեջ «երբեք մի ասա երբեք» կարգախոսը շատ արդիական է: Եվ վստահ եմ՝ երբ որ Հայաստանը կունենա խելքը գլխին, հայաստանանպաստ իշխանություն, որը կսպասարկի բացառապես Մայր Հայաստանի եւ Արցախի շահերը, մենք կարող ենք գերտերությունների հետ հավասարի իրավունքով նստել սեղանի շուրջ եւ այդ խնդիրները լուծել, այլ ոչ թե ինքներս լինենք սեղանի վրա, ինչպես հիմա է»,- «Հենարան» ակումբում այսօր նշեց ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Նա նաեւ ասաց. «Ինձ անհանգստացնում է իշխանության այսօրվա գործողությունների վտանգավորությունը: Դրա համար ողջունում եմ խորհրդարանական ընդդիմության՝ այսօրվա ԱԺ նիստը բոյկոտելու որոշումը, ինչը պետք է շուտ արած լինեին: Որքան կոշտ լինեն միջոցները, այնքան ես կողմ եմ: Որովհետեւ սրանք ոչ մարդկային լեզու են հասկանում, ոչ դիվանագիտական: Իրենց ոչ էլ պետք է, որ դավաճան կամ կապիտուլյանտ ես անվանում: Ես արդեն կողմ եմ սրանց հեռացնելու ցանկացած ճանապարհին: Թող համարեն՝ ես շատ ագրեսիվ եմ ասում, հակաօրինական եմ ասում, թող համարեն՝ ապստամբության կոչ եմ անում: Այո, ես ապստամբության կոչ եմ անում, որովհետեւ սրանք նորմալ լեզուն այդպես էլ չհասկացան: Ես կարծում եմ, որ քանի դեռ իշխանությունից բառի ուղղակի կամ անուղղակի իմաստով մի քանի գլուխներ չեն թռել, մենք որեւէ հաջողություն չենք ունենալու: Իսկ այս դեպքում բոլոր կոշտ մեթոդները ինձ ընդունելի են: Այս իրավիճակում նստել մտածում ենք, Վազգեն Սարգսյանի նման ասեմ՝ «ըսե՞նք, թե չըսենք, ընե՞նք, թե չընենք»: Ճիշտը ըսելն ու ընելն է: Եվ հերիք է մենք մեզ պուպուշի տեղ դնենք ու հարցնենք՝ բա ի՞նչ կասեն կողքից: Ինչ ուզում են, թող ասեն: Երբ 44-օրյա պատերազմում ԱԹՍ-ները կոտորում էին, ֆոսֆորային զենք էին գցում հայ ժողովրդի գլխին, միջազգային կառույցներն ինչո՞ւ էին լուռ ու մունջ նստել: Մենք որպես ժողովուրդ ու ազգ կա՞նք, թե՞ չկանք: Քանի դեռ ընդդեմ դավաճանի կոնկրետ գործողություն տեղի չի ունեցել, մենք որեւէ հաջողության չենք հասնելու: Սիրելի հասարակություն, եկեք կողմնորոշվենք. կամ դու զոհ ես, որ գլուխդ պետք է դնես ու յաթաղանով թռցնեն, կամ պետք է դրա դեմ պայքարես:

Մենք այս իրավիճակից հաստատ դուրս ենք գալու: Եթե 1915 թվականից հետո կարողացանք վեր հառնել փյունիկի պես, հիմա էլ դա կանենք: Ուղղակի խնդիրն այն է, թե ինչ տարածքով ենք իրավիճակից դուրս գալու: Արագիլի նման մի ոտքո՞վ ենք կանգնելու սեփական հայրենիքում, թե՞ երկու ոտքով, լիիրավ տիրոջ իրավունքով»:

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930