Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթյուն Գյումրու «Մսի կոմբինատ» թաղամասում․ բժիշկները պայքարում են երիտասարդ տղայի կյանքի համար

Նոյեմբեր 16,2021 17:26

Քիչ առաջ Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ շոկային վիճակում, կրծքավանդակի ստորին վերջույթների բազմաբեկորային վնասվածքով, պնևմոթորաքսով հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ, որին անմիջապես վիրահատել են։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին փոխանցեց, որ երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է։

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն էլ մեզ տեղեկացրեց՝ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու Լալայան փողոցում՝ հայկական զորամասի պարսպից դուրս, պայթյուն է տեղի ունեցել, մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց։

Նախնական տեղեկություններով, երիտասարդը 18 տարեկան է։ Պայթյունի ձայն լսելով, զորամասի աշխատակիցները դուրս են վազել, տեսել են մի տղայի՝ վիրավորում ստացած, նա եղել է միայնակ։ Թե ինչից է առաջացել պայթյունը, դեռ հայտնի չէ։

Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։

Նշենք, որ Մսի կոմբինատ թաղամասում է գտնվում Գյումրիում հայկական ամենամեծ զորամասերից մեկը, գյումրեցիներին հայտնի «Դաթոյի չաստը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930