Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իրենք իրենց մասով կատարել են եռակողմ պայմանավորվածությունների դրույթները, և Հայաստանը պետք է օգտվի այս բացառիկ հնարավորությունից՝ կարգավորելով իր հարաբերություններն Ադրբեջանի հետ:
«Միրզոյանի հետ բանակցություններում ես ևս մեկ անգամ վերահաստատեցի մեր դիրքորոշումը, որը հետևյալն է. ադրբեջանական տարածքների և Ադրբեջանի միջազգային սահմանների ազատագրումից հետո հիմնարար խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի՝ հիմա արդեն նախկին հակամարտությունը, լուծված է: Դրանից հետո մենք հավատում ենք, որ առաջ է եկել բացառիկ հնարավորություն կարգավորելու հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է Բայրամովը թուրքական A News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը բաց է երկխոսության և հարաբերությունների կարգավորման համար, «բնականաբար, միջազգային իրավունքի սկզբունքների՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ընդունված սահմանների նկատմամբ հարգանքի հիման վրա»:
Խոսելով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին՝ Բայրամովը նշել է, որ բոլոր դրույթների լիարժեք իրականացումը տարածաշրջանում կստեղծի ավելի լավ մթնոլորտ, կբարձրացնի փոխադարձ վստահությունը և կնպաստի ընդհանուր իրավիճակի կայունացմանը:
Կարդացեք նաև
«Բաքուն հավատարիմ է եռակողմ հայտարարություններին և իրականացրել է դրանց՝ Ադրբեջանին վերաբերող բոլոր դրույթները, և, իհարկե, մենք ակնկալում ենք նույնը նաև Հայաստանից: Բազմաթիվ հարցեր արդեն լուծվել են, բայց դեռ մնում են չլուծված հարցեր: Ցավոք, կան որոշ հարցեր, որոնք դեռ Հայաստանը չի լուծել: Մեր ուղերձն այն է, որ բոլորը պետք է լուրջ վերաբերվեն եռակողմ հայտարարություններին: Երկրների միջև հաղորդակցությունների բացմանը վերաբերող հարցերը, ինչպիսիք են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, շատ կարևոր են, ինչպես և որոշ այլ հարցեր»,-ասել է Բայրամովը:
Նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է աշխատանքներ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի ուղղությամբ:
«Բայց նախքան փաստաթղթի շուրջ աշխատանքներ սկսելը անհրաժեշտ է երկու կողմերի պատրաստակամությունը, բարի կամք: Դա մեր մոտեցումն է, որն ընդունելը կամ չընդունելը կախված է Հայաստանի քաղաքական ղեկավարությունից: Բայց մենք հավատում ենք, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը վաղ թե ուշ կգիտակցի, որ միակ ելքը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն է, և ոչ թե նրանց նկատմամբ տարածքային հավակնություններ ներկայացնելը, ինչը չի ծառայում հայ ժողովրդի շահերին և չի կարող դրվել տարածաշրջանում խաղաղություն անվտանգություն և բարգավաճում ապահովելու հիմքում»,- ասել է Բայրամովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ