Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ-ից թերեւս պետք է ակնկալել մի փոքր այլ վերաբերմունք». Թագուհի Թովմասյան

Նոյեմբեր 16,2021 16:51

«Ես ուզում եմ ահազանգ հնչեցնել՝ քիչ առաջ ստացա տեղեկատվություն, որ Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կրկին լարված է, կրակոցներ կան: Սա հետաքրքիր էր ՊՆ նախարարի փոփոխության ֆոնին: Ըստ էության, Սյունիքի մարզում մենք գիտենք բոլորս, որ ռուսական ներկայացվածություն կա եւ ուղեկալներ: Ստացվում է, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները չեն զսպվում անգամ ռուսական կողմի ներկայությունից, ինչը ինձ համար խիստ մտահոգիչ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է. «Թերեւս պետք է ակնկալել մի փոքր այլ վերաբերմունք, որովհետեւ ստացվում է, որ ՀՀ սահմանին են տեղափոխվել պատերազմական գործողությունները, իսկ դրանք ակնհայտ պատերազմական գործողություններ են, նրանք ուզում են դարձյալ մխրճվել Հայաստանի սահմանից ներս ու, ըստ էության, մենք նորից մնացել ենք միայնակ: ՊՆ նախարարի փոփոխությունը ըստ էության ոչինչ չտվեց: Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սահմանային իրավիճակի վերլուծության արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է նախարարը հեռանա այդ պաշտոնից: Մինչդեռ բոլորս գիտենք, որ ՀՀ սահմանադրության համաձայն, զինված ուժերի հետ կապված իրավիճակի պատասխանատուն ԳՇ պետն է, այլ ոչ թե ՊՆ նախարարը, որը չի զբաղվում զորքի մարտունակությամբ: Դրա պատասխանատուն Արտակ Դավթյանն է, նրա նշանակումից հետո ունենք դիրքային կորուստներ ու նա շարունակում է պաշտոնավարել: Սա առնվազն տարօրինակ է: Ես ակնկալում էի, որ Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունից հետո պետք է հաջորդը պաշտոնանկ արվեր Արտակ Դավթյանը, բայց կարծես թե հապաղում են»:

Թագուհի Թովմասյանն ասաց, որ եթե մենք ՀԱՊԿ կազմում ենք գտնվում, դա ենթադրում է որոշակի փոխադարձ պարտավորություններ ու ՀՀ-ին լուրջ անվտանգային սպառնալիքների դեպքում ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի. «Ցավոք, մենք հենց հիմա տեսնում ենք, որ չկա ՀԱՊԿ-ի արձագանքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930