Լրահոս
Օրվա լրահոսը

Արաքս Մելքոնյան. Ադրբեջանը ռազմական ուժի սպառնալիքով իրականացնում է սահմանազատում և սահմանագծում

Նոյեմբեր 16,2021 15:45

«Շատ ավելի վտանգավոր է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը վարչապետի, անվտանգության խորհրդի, արդեն ԱԺ նախագահի մակարդակով հայտարարում են, որ դրանք ադրբեջանական տարածքներ են, և ըստ էության, օրինականացնում են, լեգիտիմացնում են նաև այս բոլոր գործողությունները»,- «Հոդված 3» ակումբի կազմակերպված քննարկման ընթացքում ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման օրինական մեխանիզմ չկա. չի ստեղծվել հանձնաժողով, չի ստեղծվել միջազգային չափանիշների վրա գործող մեխանիզմ, որի շրջանակներում այս հարցերը կքննարկվեին. «Փաստացիորեն Ադրբեջանը զինվորական, ռազմական ուժի սպառնալիքով և նաև զինված անձանցով իրականացնում է սահմանազատում և սահմանագծում: Անցակետերը հենց այն սահմանագծումն է՝ կետեր դնելն է, ինքն իր սահմանը գծում է: Եվ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իր իշխանությունների, որևէ հակադարձություն չի իրականացնում սրան, հակառակը՝ իշխանության ներկայացուցիչները իրենց հայտարարություններով սա լեգիտիմացնում են: Սա խնդիր է հենց մարդու իրավունքների տեսանկյունից»:

Արաքս Մելքոնյանը համարում է, որ սա Ադրբեջանի հայատյաց, ռասիստական քաղաքականության համատեքստում էլ ավելի մեծ վտանգավորություն է ձեռք բերում: Նրա կարծիքով՝ եթե բարեկամական երկրի հետ Հայաստանը ունենար սահմանային վեճ, այս խնդիրները հնարավոր է, որ չառաջանային. «Մենք գործ ունենք զինված թշնամու հետ: Թշնամի, որը ատելության ամենաբարձր հնարավոր գագաթնակետին է հասել իր քաղաքականությամբ: Եվ հարևան պետություն, որը պատերազմի ընթացքում իրականացրել է բազմաթիվ հանցագործություններ՝ ամենածանր, և այդ թվում՝ հենց այն զինծառայողները, որոնք զինված, դիմակավորված կանգնած իրենց անցակետի անվտանգությունն են ապահովելու՝ սահմանային բնակիչներից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Դեպքեր ենք արդեն ունեցել, որ կրակել են, քարեր են նետել մեքենաների վրա, կրակել են բնակիչների տների վրա, ֆիզիկական բռնության են ենթարկել հովիվի, և այլն: Սա խոսում է հենց կյանքի և ֆիզիկական, հոգեբանական անձեռնմխելիության մասին: Այսինքն՝ այստեղ ոչ միայն իրենց կյանքի իրավունքի պաշտպանության խնդիրն է գալիս, այլև ընդհանուր անընդհատ բնակիչները այդտեղ գտնվելու են սթրեսի և ահաբեկման մթնոլորտում, որովհետև այդտեղ ունենալու են զինված հակառակորդ՝ իրենց տներից բավականին քիչ հեռավորության վրա»:

Արաքս Մելքոնյանը ընդգծում է, որ շատ հարցեր կան, որ Հայաստանի իշխանությունները պետք է անեն, և քաղաքացիական հասարակությունը կամ իրավապաշտպանները չեն կարող բարձրացնել միջազգային ատյաններում. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ծանուցելը և դիմելը պետք է անի իշխանությունը, քաղաքացիական հասարակությունը չի կարող դա իրականացնել պետության համար: Եվ նույնիսկ Անվտանգության խորհրդին դիմելու համատեքստում մենք պետք է դնենք առաջնահերթորեն հենց մարդու իրավունքների պաշտպանության գործը: ՄԱԿ-ի բոլոր մարմինները, այդ թվում՝ առաջնահերթորեն նաև Անվտանգության խորհուրդը ստեղծված են ոչ միայն անվտանգության, խաղաղության, այլ նաև կարևորագույնս՝ մարդու իրավունքների պաշտպանության համար: Իրենք ունեն մանդատ, և այստեղ մենք պետք է առաջ տանենք մեր բնակիչների անվտանգության, կյանքի, առողջության, կենսաապահովման, սեփականությունից օգտվելու և այլ հարցեր: Այս սահմանազատումը փաստացիորեն իրականացվում է ուժի սպառնալիքով, ինչ-որ միջնադարյան մեթոդներով, բայց Հայաստանի Հանրապետությունը պետք է միջազգային իրավունքով մեզ տրված բոլոր հնարավոր մեխանիզմները օգտագործել՝ այս իրավիճակից դուրս գալու համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930