«Սեյրան Օհանյանը ներկայացնում է տվյալ թեկնածուին, իսկ այդ թեկնածուն զարմացնում է մեր հասարակությանը՝ իր դարակազմիկ գրառումներով»,- այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում, խոսելով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում արդեն 12-րդ անգամ առաջադրված Արթուր Ղազինյանի մասին՝ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա մեջբերեց. «Հայկական Շուշիի տակ ադրբեջանական հենակետի վրա նռնակը նետել է հայ մարդը, ով ունի արժանապատվություն, վրեժ եւ հատուցման պահանջ: Նա համոզված է, որ Շուշին հայկական է, թուրքն ու ադրբեջանցին թշնամի են եւ երբեք բարեկամ չեն դառնա: Նա վստահ է, որ մեկ հայ մարդու դիմաց թշնամու երեք կյանք պետք է մատաղ արվի: Կա հայ մարդ եւ կան նիկոլներ, կա՛մ Նիկոլ ես, կա՛մ հայ մարդ ես»:
Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանեց. «Զարմանում եմ, որ այսպիսի մոտեցմամբ կարելի է քաղաքական դաշտում այսպիսի գրառումներ անել՝ ըստ էության վտանգելով նաեւ հանրային ընկալումները պաշտպանության եւ անվտանգության մասին»:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Ղազինյանի ասածից ստացվում է՝ ով նռնակ չի նետել, նա Նիկոլ է ու հետեւաբար, Ղազինյանն էլ է Նիկոլ. «Այդպես է ստացվում, որ նա նույնպես Նիկոլ է: Տրամաբանության մեջ է խնդիրը, ունենք հոգեբանության խճանկար»:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահն ասաց, որ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծ է մշակել, որով Ղազինյանի հարցը լուծելու են ու «սանկցիա» են կիրառելու ընդդիմության նման պահվածքի համար:
Ղազինյանի թեկնածությունը այս անգամ էլ մերժվեց՝ քվեարկությամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ