Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Հակոբյան. Պետք է մեր ներդրումը ունենանք, որ հնարավորինս շուտ կառուցվեն ճանապարհներ

Նոյեմբեր 16,2021 15:25

«Մեզ պետք են լուծումներ, որովհետև խախտվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը մի կողմից»,- «Հոդված 3» ակումբի կազմակերպած քննարկման ընթացքում ասաց պատմության հետազոտող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ»-ի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ լուծումներից առաջինը նոր ճանապարհների կառուցումն է: Թաթուլ Հակոբյանի խոսքով՝ երբ որ Հայաստանը ստիպված էր ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարության տակ, այդ ժամանակից պետք է պարզ լիներ, որ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել տարածքներ, որոնք միմյանց կապում էին հայկական բնակավայրերը, մասնավորապես՝ Որոտան-Դավիթ Բեկ և Կապան-Ճակատեն համայնքները. «Մենք պետք է մեկ ժամ շուտ, մեկ օր շուտ սկսեինք Կապանից Ճակատեն տանող այլընտրանքային ճանապարհի շինարարությունը՝ Գեղանուշ գյուղով: Տեղանքը, իհարկե՛, բարդ է, բայց մեր աշխարհագրությունն է բարդ: Հիմա էլ ուշ չէ: Ամբողջ երկիրը պետք է ոտքի կանգնի և զբաղվի այս աշխատանքով՝ ով ինչով կարող է: Համաձայն չեմ, որ այդ գյուղերը կտրվել են աշխարհից: Այո՛, նրանց կապը կտրվել է Կապանի հետ, չմտածեք, որևէ ձևով արդարացնում են Հայաստանի իշխանությունների աղետալի քաղաքականությունը: Ինձ համար կարևոր է, որ այնտեղ ապրում են մարդիկ և ժամ առաջ այդ մարդկանց համար ստեղծվեն հասանելի պայմաններ, որ նրանք կապվեն Կապանի և Հայաստանի մյուս հատվածների հետ»:

Թաթուլ Հակոբյանը համարում է, որ Ադրբեջանը ուզում է Հայաստանին մինչև վերջ ծնկի բերել, և այդ ճանապարհներից օգտվելու համար, ուզում է, որ դրա դիմաց Հայաստանը տա իրենց միջանցք դեպի Նախիջևան և Թուրքիա. «Ես համարում եմ, որ մենք պետք է կրենք զրկանքներ, մեր գյուղացիները՝ այդտեղ ապրողները պետք է կրեն զրկանքներ, բայց արդար չէ, որ այդ զրկանքները միայն նրանք կրեն: Արդար է, որ այդ զրկանքները բաժանվի ամբողջ Հայաստանի բնակչության վրա, մենք մեր ներդրումը ունենանք, հնարավորինս շուտ կառուցվեն ճանապարհներ, որ ստիպված չլինենք Ադրբեջանի պայմանները ու պարտադրանքները կատարել, և նրանց տանք ճանապարհ, որ նրանք կապվեն Նախիջևանի և Թուրքիայի հետ: Սա է Ադրբեջանի ուզածը: Այո՛, մենք հասկանում ենք, որ ծանրագույն վիճակում ենք: Այո՛, Հայաստանի իշխանությունները աղետ են բերել մեր երկրին: Այո՛, նրանք շարունակում են իրենց անպատասխանատու, պոպուլիստ քաղաքականությունը, բայց այս իշխանությունները հավերժ չեն, նրանք կարող են անգամ շատ շուտ հեռանալ իշխանությունից: Շատերին թվում է, որ դա կարող է հավերժ տևել, բայց կարող են լինել հանգամանքներ, որ նրանք ուղղակի շատ շուտ հեռանան կամ հեռացվեն իշխանությունից: Հավերժը հայ ժողովուրդն է և Հայաստանն է: Հետևաբար՝ մեզ պետք են լուծումներ, լուծումների համար մեզ պետք են ճանապարհներ, ճանապարհների համար մեզ պետք է աշխատուժ, փող, և պետք է այս հարցը լուծել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930