Լրահոս
Օրվա լրահոսը

Բնության հետ հաշտ. «Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնը շարունակում է առաքելությունը

Նոյեմբեր 16,2021 15:33

Բնապահպանական խնդիրները վեր հանելու և դրանց դեմ պայքարի մեթոդները տարբեր են, նպատակը մեկն է և կարևոր: Բնության հետ հաշտ ապրելը բխում է մարդկության շահերից և անհրաժեշտ է ապագա սերունդների համար: Տևական ժամանակ՝ 2007 թվականից, այս մոտեցումը ռազմավարություն դարձրած գործընկերները՝ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն ու Վիվա-ՄՏՍ-ը, ընտրել են մշակույթի միջոցով այդ ամենը բարձրաձայնելու և իրագործելու մոտեցումը:

Իր տեսակով ամբողջ տարածաշրջանում միակը համարվող փառատոնի մեկնարկն ազդարարվել է տարիներ առաջ՝ կենդանիների դիմակահանդես-շքերթով: Իսկ օրացույցի մեջ ամրագրվող յուրաքանչյուր փառատոնի ավարտը միշտ եղել է խորհրդանշական, քանի որ երիտասարադության շրջանում բնապահպանական մտածողութան ձևավորումն ու էկոկրթությունը շարունակական գործընթաց են:

Հերթական, սակայն արդեն հոբելյանական՝ 10-րդ փառատոնը, համավարակի պատճառով առցանց է: Կազմակերպչական մեթոդները փոխվել են, սակայն սկզբունքները՝ պահպանվել. կա համոզմունք, որ հետևողական էկոկրթությունն ու համակարգված աշխատանքը երկարաժամկետ ազդեցություն են ունենալու: Եվ որ խնդիրները հաղթահարելի են, երբ կա դրանք ճանաչելու և կանխելու ցանկություն:

Տասներորդ փառատոնի շրջանակում ընտրվել է բնապահպանական 30 ֆիլմ: Հայերեն ենթագրերով ֆիլմերն ընտրվել են աշխարհի տարբեր երկրներից և sunchild.am կայքում հասանելի են շուրջօրյա դիտման համար՝ առցանց տարբերակով: Դրանք անդրադառնում են բնապահպանական կարևոր խնդիրների և հանրության տարբեր հատվածների իրազեկում բնության պահպանության՝ գնալով ահագնացող հրամայականի մասին:

«Բնությունը ինքնակարգավորող մեխանիզմներ ունի: Սակայն  չի կարելի դա չարաշահել: Անընդհատ սպառելու մոտեցումը և մարդու կողմից անհարկի միջամտությունը կարող են անդառնալի հետևանքներ թողնել: Անփութության հետևանքով առաջացած հրդեհները կարող են հաշված րոպեների ընթացքում վերացնել հսկայական հեկտարների վրա աճած անտառը: Դա և՛ ծառերի, և՛ թթվածնի կորուստ է՝ լի էկոհամակարգի հնարավոր խախտումներով: Տարիներ առաջ, երբ աջակցեցինք բնապահպանական էկո-ակումբների և կրթական կենտրոնների ստեղծմանը, նպատակ կար բնապահպանական մտածողություն զարգացնել պատանիների շրջանում: Կարծում եմ՝ մեզ ինչ-որ չափով դա հաջողվել է: Էկոկրթական արշավը պետք է շարունակել նաև նոր եկող սերունդների համար: Փառատոնի առցանց, բայց կարևոր աշխատանքներին հաջողություն եմ մաղթում»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հերթական փառատոնի շրջանակում կազմակերպիչները փորձել են հասարակության ուշադրությունը բևեռել վայրի բնության և բնապահպանությանն առնչվող հարցերի վրա և բարձրացնել մարդկանց բնապահպանական գիտելիքների մակարդակը: Թիրախային խմբերում ներառվել են տարբեր շերտեր՝ պատանիներից մինչև գործարար հանրություն:

«Արվեստն ու բնությունը միաձուլելու գաղափարը երիտասարդ սերնդին ներարկելով` մենք արդեն հանրությանը տվել ենք մի քանի սերունդ, ովքեր իսկապես սիրում են մոլորակը և աջակցում են այն բնությանը, որով շրջապատված են: Կարծում եմ, որ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը երկարաժամկետ կլինի և կհանգեցնի ցանկալի փոփոխության, որն անհրաժեշտ է մեզ բոլորիս»,-ասել է փառատոնի հիմնադիր և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

«Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ունի  ֆիլմերի 4 անվանակարգ՝

– Լավագույն ֆիլմ անտառային հրդեհների մասին

– Լավագույն ֆիլմ վայրի բնության պահպանության մասին

– Լավագույն ֆիլմ բնապահպանական խնդիրների մասին

– լավագույն կրթական ֆիլմ

*Կլիմայի և կենսաբազմազանության արտակարգ իրավիճակների հետ բախվելով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2021-2030թթ․ հայտարարել է էկոհամակարգի վերականգման տասնամյակ։   «Արևորդի» 10-րդ փառատոնի պաշտոնական մեկնարկի թեման լինելու է փխրուն էկոհամակարգերի վերականգնումը։

Վիվա-ՄՏՍ-ի մասին

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com:

FPWC-ի մասին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։

Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։

Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

Արևորդի փառատոնի մասին

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը կազմակերպվում է 2007 թվականից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից:

Փառատոնը ցուցադրում է վայրի բնության և բնապահպանական ֆիլմեր ամբողջ աշխարհից, կազմակերպում է սեմինարներ, ցուցահանդեսներ և մեդիա արշավներ, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պահպանման մշակույթի զարգացմանը:

Փառատոնի գոյության 15 տարիների ընթացքում ցուցադրվել է ավելի քան 700 ֆիլմ աշխարհի 150 երկրից։ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն իր տեսակի մեջ առաջինը և միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Փառատոնը տեղի է ունենում աշնանը, կազմակերպում ցուցադրություններ և սեմինարներ ողջ Հայաստանում՝  երիտասարդների համար: Հնարավորություն տալով նրանց՝ հասկանալ և ներգրավել բնապահպանական խնդիրներին լուծումներ փնտրելու գործին:

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930