Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները մուրազի մեջ են, ասում են՝ էս ինչ «կպնել է կպել». Թեւան Պողոսյան

Նոյեմբեր 16,2021 14:56

«Այն, ինչ կատարվում է այսօր, նաեւ վերջին 4-5 օրվա ընթացքում, նկատի ունեմ հայտնի տեսանյութերը, որտեղ մեր զինվորներին քշում են, կամ մոտենում են առանց սպառնալիքի, ասում են՝ մենք ձեզ չենք խփի, թողեք պարզապես գնացեք, նման դեմորալիզացիա 30 տարվա ընթացքում ես դեռ չեմ հիշում »,- Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի կազմակերպած «ՀՀ անվտանգություն․ համընդհանուր փլուզումից դուրս գալու ելքեր» խորագրով քննարկման ժամանակ նշեց քաղաքագիտության թեկնածու, Genesis Armenia-ի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը: Ի թիվս այլնի, նա անդրադարձավ, իր ձեւակերպմամբ, անվտանգային փլուզվող համակարգին, շրջափակման մեջ հայտնված հայկական համայնքներին եւ ադրբեջանական կողմի ճանապարհին՝ իշխանությունների վառած կանաչ լույսին

Genesis Armenia-ի «Անվտանգություն» ոլորտի ղեկավար Թևան Պողոսյանի խոսքով, սրանք այն հետեւանքներն են, որոնք մենք պետք է կրենք ներկայումս տարվող քաղաքականության արդյունքում. «Օրինակ, հունիսի 20-ի ընտրությունների արդյունքը այս տեսակի հետեւանքներ էր ունենալու, այն քաղաքականությունը, որ վարվում էր բանակի հետ, բնականաբար սրան պետք է բերեր, քաղաքական գործիչների խոսքի կառուցվածը՝ քաղաքական առաջնորդության իմաստով, եթե որեւէ մի իմաստով չի նպաստում, որ բարոյահոգեբանական ճգնաժամը հաղթահարվի, եւ մարդիկ ցանկանան դեպի ապագա, ազգային երազանք գնալու ճանապարհներ, սրան պետք է բերեր…Նորմալ երկրներում կան օրենքներ, եւ եթե դա երկիր է, որն ունի պետականություն, ցանկացած օրենք պետք է կատարվի:

Մինչդեռ մայիսի 12-ից, երբ Ադրբեջանը մտավ Սեւ լիճ, Պետական սահմանի մասին օրենքը չի կատարվում…Կարող էին ասել, Պետական սահմանի մասին օրենքով սահմանագծում, սահմանազատում դեռ չենք արել, որովհետեւ դա ընկալում ենք որպես Հայաստանի եւ Արցախի Հանրապետության սահման, տարբեր հատվածներ օկուպացրել են, բայց դրա համար որեւէ մեկը քաղաքական, իրավական պատասխանատվություն չի կրում, այս երկրում օրենքի, քաղաքական խոսքի հանդեպ հարգանք չկա, նույնիսկ հրամանների հանդեպ հարգանք չկա:

ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է տալիս, ասում է՝ այլեւս որեւէ միջադեպի ժամանակ տեղում ոչնչացնել թշնամուն: Բայց այս հրամանից հետո ես չեմ լսել, թե կլինեն ինչ-ինչ դեպքեր, որ այսպես կարվի կամ այնպես»:

Թեւան Պողոսյանի խոսքով, չեն գործում պետական ինստիտուտներն ու օրենքները. «Օրենքը գրված չի նրա համար, որ երբ ցանկանաս, հարգես, օրենքը գիշերն էլ է աշխատում, 24 ժամ, 365 օր աշխատում է: Օրենքի մեջ քնելու գաղափար չկա…Ինչու պետք է նման պատկեր լիներ: Կամ այդտեղ եղել է ուրիշ հրաման, որ ասել են՝ մի արեք, կամ այլեւս պաշտպանության նախարարն էլ պետք է գիտակցի, որ իր հրամանները բանի տեղ չեն դնում…Եթե մենք լինեինք երկիր, որն ուզում է աշխարհում իր տեղն ունենալ, ուրեմն օրենքներն այստեղ կգործեին»:

Քաղաքագետի ձեւակերպմամբ, այս կաթվածահար երկրում կա միայն մեկ աշխատող ինստիտուտ՝ ՄԻՊ գրասենյակը. «Եթե ես լինեի քաղաքական անձ, կլինեի պահանջատեր հենց այն ուժի հանդեպ, որին ընտրել եմ: Հունիսի 21-ից 670000 մարդ պահանջատիրության իմաստով պետք է ասեր՝ մենք ձեզ ընտրել ենք նրա համար, որ օրենքն աշխատի, երկիրն առաջ գնա: Իսկ եթե քաղաքական ազգ չենք, պետականություն չենք սիրում, ի՞նչ տարբերություն, թե ինչ ենք քննարկում…

Ի դեպ, քանիցս ասել եմ, եւ հիմա էլ կրկնում եմ՝ հունիսի 20-ին ամենաշատն ուրախացել է 10 մլն ադրբեջանցի…Այսօր իրենք մուրազի մեջ են, ասում են՝ էս ինչ «կպնել է կպել»: Պետք է այս վիճակը ճիշտ ախտորոշել, որպեսզի խնդրին թիրախային հնարավոր լինի անդրադառնալ»:

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, որը ծնունդով Սյունիքից է՝ Դավիթ Բեկից, նշեց, որ անհատական գործողությունները, ինչպես Շուշիում ադրբեջանցի զինվորների վրա նռնակ նետած արցախցու միջադեպը, ինչ-որ չափով գովելի են, բայց անձամբ իր համար նման մարդիկ հերոս չեն: «Ես Արցախյան առաջին պատերազմի մասին խոսելիս եւս հերոսների մեջ կարող եմ 3-4 անուն առանձնացնել, օրինակ` Վազգեն Սարգսյան, Լեւոնիդ Ազգալդյան, Վլադիմիր Բալայան եւ այլն:

Ինչու իրենց եւ ոչ շատերին, որովհետեւ խնդիրը ոչ թե անհատական հերոսությունն է, այլ այն, թե ինչքանով եք համակարգաստեղծ: Այսօր հերոսը պետք է լինի այն մարդը, որը համակարգաստեղծ է:

Սա պետք է կարողանանք հասկանալ, իսկ ապրիորի գործողությունները, պոռթկումները այնքանով են լավ, որ կարող են ինչ-որ տեղ կայծ լինել, բայց ոչ ավելին, որովհետեւ մենք պարտիզանական վիճակներից վաղուց դուրս ենք եկել, ու հիմա կարծես էլի կարող ենք հետ շպրտվել դեպի պարտիզանական վիճակներ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930