Այսօր Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ամենայն հայոց երգահանի դիմաքանդակի բացումը նրա անունը կրող երաժշտական դպրոցում: Կոմիտասի քարեղեն մարմնավորման կերտման գործը սկսվել էր դեռ 2020 թ-ին՝ տաղանդաշատ երաժիշտ և քանդակագործ Արման Հարությունյանի կողմից:
Բայց բազմաշնորհ երիտասարդը չհասցրեց այն ավարտին հասցնել: Վրա հասավ 44-օրյա պատերազմը և Արմանը գիտակցաբար իր կյանքը դրեց հայրենյաց զոհասեղանին:
Արվեստի բնագավառում նրա կիսատ գործն ավարտին հասցրեցին պապիկը եւ հորեղբայրը՝ Ալբերտ և Արեն Հարությունյանները…
Արարողությանը ներկա էին Կոմիտասի ժառանգության երկրպագուներ, մտավորականներ, արվեստագետներ, հասարակական գործիչներ: Ներկա էին նաև Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանն ու ԿԳՄՍ փոխնախարար Գայանե Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Բոլորը լիահույս էին, որ Կոմիտասը նաև այս դիմաքանդակի շնորհիվ կշարունակի հավերժել, իսկ նրա ստեղծած գոհարները կշարունակեն մնալ երաժշտական վարպետության նշաձող: Արման Հարությունյան երաժիշտ-քանդակագործն էլ կհիշվի՝ որպես հայրենիքին ու արվեստին նվիրվածության խորհրդանիշ:
Ստեփանակերտի քաղաքապետարան