Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը լրագրողների հետ զրույցում զարմանք հայտնեց՝ ո՞նց կարող է Կադաստրը ճանաչի ՀՀ այն քաղաքացիների սեփականության իրավունքը նույն այն հատվածներում, որտեղ թշնամին մուտք է գործել մեր երկիր, բայց ՀՀ պաշտոնյաներն ասեն՝ գիտեք ինչ կա, դա ՀՀ-ն չէ. «Սա խայտառակություն չէ, սա Հայաստանի Հանրապետության հետ առնչություն չունենալն է, ՀՀ պետական շահը անտեսել է: Որոշ անձինք համառորեն գնում են նրան, որ ՀՀ-ի գոյությունը կասկածի տակ դրվի: Այս մարդիկ պայքարում են Հայաստանի պետականության դեմ»:
Նա ասաց, որ ԱԱԾ-ի հայտարարությունը երբ տեսնում են՝ հարց է առաջանում՝ ՀՀ-ի անունի՞ց է տարածվում, թե՞ ուրիշ երկրի: Իսկ երբ խոսում են այլընտրանքային ճանապարհի մասին, ոնց որ Կոմիտասի պողոտան տան հակառակորդին ու ասեն՝ կա Քոչարի ճանապարհը ու հլը տեսեք՝ ինչ լավ ասֆալտ է:
Ռազմագերիների հայրենադարձման խնդիրների վերաբերյալ ԱԺ փակ նիստ կլինի: Արամ Վարդեւանյանը հիշեցրեց, որ իրենք միջնորդել էին, որ նիստը լինի բաց ու չի կարող փակ քննարկումն արդյունավետ լինել: Եթե գոնե ապահովեն շահագրգիռ կողմերի մասնակցությունը, հասկանալի կլինի:
Կարդացեք նաև
Ըստ Վարդեւանյանի, քաղաքացիները մոլորեցվում են իշխանությունների կողմից, որ նրանց հետ շարունակեն ինչ-որ հույս կապել. «Ունենք հայրենակիցներ, որոնք հավատում են, որ երեկ, օրինակ, Սուրեն Պապիկյանը գնացել է, 10 հազար զինվորի շարել է ու ադրբեջանցիները ահուսարսափի մեջ են»:
Խոսելով մանդատները վայր դնելու մասին՝ Վարդեւանյանն ասաց, որ դա հետեւանք չի առաջացնի ու ԱԺ-ն դրա արդյունքում չի ցրվի, Սահմանադրությունը դա չի նախատեսել. «Սահմանադրության հեղինակները չէին կարող խելագարության կանխավարկածով առաջնորդվել ու գրել, օրինակ, որ զինված ուժերը կարող են ապահովել նահանջը: Ի՞նչ նահանջ»:
Ինչ վերաբերում է կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելուն, Վարդեւանյանն այստեղ քննադատեց Սահմանադրության հեղինակներին, որովհետեւ նախատեսվել է, որ, օրինակ, վարչապետին անվստահություն կարող են հայտնել պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ