«Բերում են մի օրակարգ՝ քննարկելու, օրինակ, ՀՀ քաղաքացիների անձնագրերի հարցը: Երբ որ մենք հարցնում եք այդ քաղաքացիների կյանքի իրավունքի ոչ ձեւական ամրագրումը դուք տվե՞լ եք՝ պատասխան չկա»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Անդրադառնալով կադրային վերջին փոփոխություններին՝ նա նշեց. «Նախկինում ասֆալտչիկի դերը ստանձնած անձնավորությունը հիմա գնում է ՊՆ, ասում է՝ ես ուրախ եմ ստանձնել այս դերակատարությունը: Այս մարդկանց համար նախարար աշխատելը ՀՀ-ում համարում են դերակատարություն, այսինքն՝ իրենք դեր են խաղում: Այս մարդկանց համար թե այդ պահին ՊՆ նախարար կաշխատեն, ասֆալտ փռող կաշխատեն, թե իրենց իրական դերով հանդես կգան, մասնավորապես, ծառայել թուրքին՝ ՀՀ շահերի դեմ՝ իրենց համար նորմալ է»:
Մանդատները վայր դնելու հարցի հետ կապված էլ Աննա Մկրտչյանն ասաց, որ մանդատը գործիք է՝ իրականությունը բացահայտելու ու հետեւանքները ցույց տալու հանրությանը. «Այստեղի փափուկ աթոռներին նստելը այսօրվա ընդդիմության կազմից որեւէ մեկի նպատակների մեջ չի մտնում, առավել եւս մարդկանց հետ, ում մենք համարում ենք այս երկրի դավաճաններ, ովքեր փորձում են ՀՀ մասնատված ու ավերված վիճակը ներկայացնել նորմալ, ցույց տալ, որ առանց Արցախի էլ կարող ենք ապրել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ