Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը խոստացավ վերանայել իր որոշումը՝ Բյուրականում համայնքապետի ԺՊ-ի դեմ ցույցի հետեւանքով

Նոյեմբեր 16,2021 13:35

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի բնակիչները բողոքի ցույց են անում՝ ընդդեմ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Գեւորգյանի:

Գործող համայնքապետի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է նոյեմբերի 2-ին, իսկ Ռադիկ Գեւորգյանը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար, որին, ինչպես բնակիչներն են ասում, համայնքում ոչ ոք չի ճանաչում։ Դեկտեմբերի 5-ին այս եւ մի շարք այլ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են լինելու։

«Մենք ուզում ենք, որ Բյուրականի համայնքապետ կամ թեկուզ ԺՊ լինի Բյուրականի բնակիչ, համայնքին ծանոթ մեկը, բյուրականցու խնդրին ծանոթ անձնավորություն։ Մենք Ռադիկին չենք ճանաչում, եկել, ասել է՝ ես Փաշինյանի կուրսեցին եմ, Փաշինյանը որ փախած էր Մոսկվա, իմ տանն էր ապրում, ու սենց բաներ էր ասում, ու սենց ուզում է դառնալ գյուղապետ։ Մի հարյուր հոգու էլ պարտք է էս գյուղում, երեկ մի հարյուր հոգի եկավ, ասաց՝ ինձ պարտք է, ինքն էլ՝ ես պարտք չեմ։ Ինքը ոչ թե պիտի գյուղապետ լինի, այլ նրան պետք է դատեն։ Մարդկանց աշխատացրել է՝ փողը չի տվել, ու սենց մարդը կարա՞ լինի գյուղապետ»,-պատմեցին բյուրականցիները։

Բյուրականցի մի կին էլ պատմեց, որ Ռադիկ Գեւորգյանի եղբայրը իրեն եւ իր համագյուղացիներից մի քանիսին պարտք է՝ ծիրանի բերքն են հավաքել․ «Իր եղբայրը՝ Աշոտը մահացել է, թող Ռադիկը տա պարտքը։ Օրավարձով աշխատել ենք, 30 հազար պիտի տար, 10-ը տվեց, ասաց՝ մնացածը հետո կտամ ու չտվեց։ Սուսանին, Վարդուշին, երկու ջահել տղու էլ է պարտք, մեկին էլ 60 հազար դրամ է պարտք։ Ռադիկն ասում է՝ ախպերս է պարտք»։

Ցույցի մասնակիցները դժգոհեցին նաեւ խոշորացումից, ասացին՝ հարեւան գյուղի բնակիչներն էլ են դեմ խոշորացմանը։

Բնակիչները գովասանքի խոսքեր ասացին նախկին համայնքապետ Զարզանդ Բաբայանի մասին, ասացին՝ ճանապարհներն է վերանորոգել, լուսավորության հարցը լուծել։

Համայնքապետի ԺՊ-ն ոստիկանների ուղեկցությամբ փորձեց մտնել գյուղապետարանի շենք, սակայն բնակիչները թույլ չտվեցին, ոստիկանների եւ ցույցի մասնակիցների միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ, բնակիչները վրդովվեցին․ Սա՞ է Նիկոլի ժողովրդավարությունը, ոստիկաններո՞վ է ժողովրդավարությունը»: Համայնքապետի ԺՊ-ն այդպես էլ չկարողացավ մտնել շենք, ուստի ստիպված հեռացավ գյուղապետարանի շենքի մոտից։

«Թող ընտրություններ անեն, տեսնենք՝ ժողովուրդը կընտրի՞ իրեն։ Աշտարակի շրջանում 32 գյուղ կա, չգիտես ինչու՝ միայն Բյուրականում են ԺՊ նշանակում, էն էլ՝ չգիտես՝ ում»,-ասացին բյուրականցիները։

Զարզանդ Բաբայան

Զարզանդ Բաբայանը, որը Բյուրականի համայնքապետն էր, եւ նոյեմբերի 2-ին ավարտվել էին լիազորությունները, եկավ ցույցի մասնակիցների մոտ, նրան ծափահարություններով ընդունեցին։ Բաբայանը բյուրականցիների հետ զրույցում ասաց․ «Զավեշտն այն է, որ խոշորացումից առաջ Աշտարակի շրջանի 32 գյուղերի գյուղապետերը բոլոր մնացել են ԺՊ, միայն ես չեմ մնացել։ Ինքն իր կապերն օգտագործել է․․․ ինքն ուզում է ԺՊ լինի, սաղ իր արած գործն է, ու երեւի ինձանից ազատվելու համար»։

Ռադիկ Գեւորգյան

Համայնքապետի ԺՊ-ին, որը ցուցարարներից մի քանի մետր հեռու կանգնած էր, ցույցի մասնակիցները հրավիրեցին իրենց մոտ։ Մոտենալուց հետո գյուղացիներից մեկը հարցրեց․ «Ռադիկ, դու ինձ ճանաչո՞ւմ ես»։ Ռադիկ Գեւորգյանն ասաց՝ ոչ։ «Ես էլ քեզ չեմ ճանաչում։ Միայն լսել եմ, էն էլ՝ բացասական։ Դու չես լինելու գյուղապետ։ Դու մի հատ Նիկոլին ասա՝ թող գա մեր գյուղ, իրեն էլ փոխանցի՝ համ խոշորացմանն ենք դեմ, համ էլ քո գալուն»։

Ավելի ուշ Բյուրական ժամանեց Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը։ Նա ասաց, որ Ռադիկ Գեւորգյանին իրենք են խնդրել, որպես համայնքի բնակիչ ծառայություն մատուցի, բայց ժամանակավոր։

«Վերցրեք ու տարեք ձեր կամակատարին, մենք չենք ուզում»,-ի պատասխան արձագանքեցին բնակիչները։

Երբ մարզպետը նորից կրկնեց, որ Ռադիկ Գեւորգյանին նշանակել են համայնքին ծառայելու համար, գյուղացիներն այսպես արձագանքեցին․ «Թող գնա պոստեր, էնտեղ լավ կծառայի»։ Մարզպետը հակադարձեց՝ դու մինչեւ ուղղորդելդ, ինքդ պատրաստվիր։ «Ես մեծ սիրով կգնամ»,-պատասխանեց ցույցի մասնակիցը։

Մարզպետն ասաց, որ կզրուցի Ռադիկ Գեւորգյանի եւ Զարզանդ Բաբայանի հետ, եւ կհայտարարի, թե ով կլինի իր հաջորդ թեկնածուն։ «Ռադիկին ճանաչում եմ, խնդրել եմ, որ գա։ Ես իրեն պայքարից եմ ճանաչում»,-ասաց մարզպետը։ Գյուղացիներից մեկը վրդովվեց․ «Ես անձամբ Քելբաջարում ձեզ հետ ծառայել եմ, Օմարի լեռ եմ պահել, ինչի ինձ չեք ճանաչում։ Ես դեմ եմ Ռադիկին։ Իշխանությունը ժողովրդի ձեռքից մի վերցրեք»։

Բյուրականցիներից մեկն էլ վրդովված ասաց․ «Ասում են՝ մենք բերել ենք Ռադիկին, ինչի մենք ոչխա՞ր ենք քո համար, չի լինելու նման բան։ Մեր համայնքն արդեն խոշոր է։ Վարչապետը թող մի հատ գա՝ մտնի մեր համայնք, ուզում եմ հարցնեմ՝ ինչի՞ է ժողովրդի իշխանությունը վերցնում մեր ձեռքից»։

Մարզպետը գյուղից հեռացավ, հայտարարելով՝ խնդիրը լուծվեց։ Մանրամասներ սակայն չհայտնեց։ Զարզանդ Բաբայանն էլ ասաց՝ մարզպետի հետ քննարկման ժամանակ վերջինս խոստացավ՝ ԺՊ-ի նշանակման որոշումը կվերանայի եւ հնարավոր է նոր պաշտոնակատար նշանակվի։

Ցույցն ավարտվեց, բայց գյուղացիներին ասացին՝ եթե մարզպետի նոր որոշումն էլ իրենց սրտով չեղավ՝ կրկին ցույց են անելու։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930