Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին

Նոյեմբեր 16,2021 13:10

Ադրբեջանական կողմը օրեցօր առաջ է գալիս, այս իրավիճակում մենք չպե՞տք է դիմենք ՀԱՊԿ-ին եւ ՌԴ-ի վարքագիծը ձեզ համար ընդունելի՞ է այս պահին, Սիսիանում կատարվող իրավիճակը կարո՞ղ է հերթական բանավոր պայմանավորվածության արդյունք լինել. այսօր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հրավիրած ասուլիսում այս հարցերին ի պատասխան ասաց, որ ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունն ավելի գլոբալ խնդիրների համար է. «Այսինքն, պետք է լինի տարածաշրջանային ավելի մեծ դերակատարների հետ խնդիրներ ունենալու արդյունքում, օրինակ, Թուրքիայի կողմից սադրանք կազմակերպվելու դեպքում: ՀԱՊԿ-ին դիմելու համար պայմաններ գոյություն ունեն, առաջինը այն է, երբ մարտական գործողություններ են ընթանում ու ՀՀ իշխանությունները դիմում են ՀԱՊԿ-ին, ընթացակարգեր գոյություն ունեն՝ կառավարություն, Անվտանգության խորհուրդ, հետո դիմել ՀԱՊԿ-ին, որից հետո որոշում կկայացվի: Այն իրավիճակում, երբ ինքնիշխան երկրի ղեկավարությունն ի վիճակի չէ գոնե իր սահմանները պաշտպանել, դա նշանակում է , որ ինքնըստինքյան ինքնիշխանության կորուստ մենք արդեն ունենք: Այսօրվա իշխանությունները չեն կարողացել ժամանակին որոշում կայացնել, մտածել սահմանների մասին, եթե անհրաժեշտ է, մոբիլիզացիա իրականացնել, ԶՈՒ-ն, սահմանապահ ծառայությունը համալրել անձնակազմով, ինժեներական համապատասխան միջոցներով, որ մեր սահմանների պաշտպանությունն իրականացնենք: Երբ հակառակորդը մխրճված է մեր սահմաններ, այսօրվա իշխանությունը պետք է այդ գործիքակազմը նույնպես կիրառի, որ ազդի Ադրբեջանի վրա զորքերը հետ քաշելու: Ինչ վերաբերում է բանավոր, թե գրավոր պայմանավորվածություններին հատկապես այն հատվածներում, որտեղ ճանապարհների ապաշրջափակման, Ադրբեջանի համար միջանցքի բացման խնդիր կա, այս իշխանությունից ամեն ինչ կարելի է սպասել»:

Հարցին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը Անվտանգության խորհրդի նիստին է մասնակցել, հայտարարել է, որ խնդրահարույց 4 դիրքերը միջանկյալ հատվածում էին ու, ըստ էության, չէին գործում, ինչպե՞ս կարձագանքեք նրան ու որպես նախկին նախարար, կասե՞ք դրանց նշանակությունը ո՞րն է ռազմավարական տեսանկյունից ու տարօրինակ չի՞, որ ոչ թե ԳՇ պետն է պաշտոնանկ արվել խնդրի համար, այլ՝ ՊՆ նախարարը՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ իրենք տիրապետում են իրավիճակին այնքան, որքան համացանցում տեղեկություններ կան, բայց այն, որ 4 դիրքեր հայտնվել են հակառակորդի դիտարկման ներքո կամ շրջափակված վիճակում, դա վկայում է, որ ղեկավարությունը համապատասխան որոշում չի ընդունել, մարտական հերթապահության կարեւորագույն խնդիրները չեն լուծել՝ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար. «Զորքերին ցուցում չի տրված ինչպես գործել ու թույլ չտալ, որ հակառակորդը մխրճվի մեր հատված: Ուժային կառույցները, հատկապես բանակը այն ամենապատրաստ գերատեսչությունն է, որը կարող է առաջինը ինքնակազմակերպվել ու իր առջեւ դրված խնդիրներն իրականացնել, դա նշանակում է, որ ցուցում չկա: Ինչ վերաբերում նախարարության ու ԳՇ պետի խնդրին՝ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ու առավել եւս հիմա՝ երբ երկիրը խորհրդարանական համակարգում է ու թիմերի արագ փոփոխություն է, ՊՆ նախարարի պաշտոնը քաղաքական պետք է լինի, հիմա պետք է հարց տալ՝ իրենք հասկանո՞ւմ են՝ ով է պատասխանատու ռազմաքաղաքական իրավիճակի, զորքերի մատակարարման ու ով է զորքերի կառավարման անմիջական պատասխանատուն: Երբ որ այդ ամեն ինչը հասկանան, դրան համահունչ էլ որոշումներ կընդունեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930