«Ամեն օր նոր պրոբլեմներ են առաջ գալիս, ամեն օր մենք գնում ենք զիջումների: Վերջին 1 շաբաթվա իրադարձությունները վերլուծելով՝ գալիս ենք նրան, որ այն պարտությունը, որը կրել ենք անցյալ տարի, շարունակական բնույթ է կրում: Ադրբեջանական զինուժն ավելի է խորանում մեր սուվերեն տարածքում: Ի՞նչ ունենք չոր մնացորդում՝ այլընտրանքային ճանապարհ, որը H-46-ն է, որը խնդրահարույց է: Մենք բազմիցս ասում էինք, որ այդ նախագիծն արվել է սխալներով: Այնտեղ արդեն խցանումներ կան, հլը ձյուն չի եկել ու մառախլապատ չէ: Թվով 600 հոգի մեր հայրենակիցները Ճակատենի հատվածում մնացին շատ բարդ իրավիճակի մեջ: Պետք է Մեղրիով, Քաջարանով գնան Կապան՝ 150 կմ շրջանց կատարելով»,- այսօր ԱԺ նստաշրջանը բոյկոտելու ու նիստերի դահլիճը լքելու հայտարարությունից հետո հրավիրած ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Նրա խոսքով, փոխանակ կառավարությունը փորձի լուծել անվտանգային հարցերը, բեմադրություններ է անում. «Ինչ-որ նախարարներ է հանում, նախարարներ է դնում: Ինչի՞ հեռացվեց ՊՆ նախարարը, որ ինքը պատշաճ դիմադրությո՞ւն չէր իրականացնում, թե՞ հակառակը՝ պատշաճ դիմադրում էր ու ի՞նչ կապ ունի Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարության հետ»:
Խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ մանդատները վայր դնել-չդնելու հարցի առնչությամբ հայտարարեց. «Երեկվանից մենք զանգեր էինք ստանում՝ արդյոք ընդունելի առաջարկություն չէ մանդատները դնելը: Հիշեցնեմ, որ մանդատները վերցնելու առաջին իսկ օրվանից մենք ասել ենք, որ պատեհ պահին մենք մանդատներն, իհարկե, վայր ենք դնելու: Երբ է այդ պատեհ պահը՝ երբ որ մենք հասկանանք, որ այլեւս հնարավոր չէ այդ գործիքն օգտագործել: Միանշանակ մենք մանդատները դնելու ենք: Այդ մանդատները որեւէ մեկը իր բարձի տակ տաք-տաք չի պահում: Իսկապես զարմանալի է, որ այդ հարցադրումը կա, թե արդյոք այդ հարցը մեր օրակարգում կա: Իսկ նախորդ խորհրդարանական ընդդիմության հետ համեմատականներ անցկացնելու հետ կապված ասեմ, որ այլեւս անվիճարկելի փաստ է, որ այս իշխանությունների հետ. ի տարբերություն նախորդ ընդդիմադիրների, մենք որեւէ կուլիսային պայմանավորվածության, առանձին սենյակներում սուրճ խմելու չենք գնում, գոնե ինձ համար կոռեկտ չէ այդ համեմատությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ