Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս բողոքի նշանն օգտագործվում է՝ որպես նախազգուշական քայլ, որեւէ ձեւով սա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք հարցերի քննարկումից». Արծվիկ Մինասյան

Նոյեմբեր 16,2021 12:24

Այսօր ԱԺ նստաշրջանը բոյկոտելու ու նիստերի դահլիճը լքելու հայտարարությունից հետո «Հայաստան» խմբակցությունը ասուլիս հրավիրեց:

Member of ‘Armenia’ faction Vahe Hakobyan, secretary of the faction Artsvik Minasyan and head of the faction Seyran Ohanyan, give a press conference

Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց. «ՀՀ իշխանությունները, ինչպես անգրագետ կերպով պատերազմը չկարողացան ղեկավարել, ամուր թիկունք ստեղծել բանակին, մոբիլիզացնել ողջ ներուժը՝ մեր պաշտպանությունն իրականացնելու, այդ ամենի շարունակությունը եղավ այն, որ ոչ գիտակցական ցուցմամբ մեր զորքերը հետ քաշվեցին Սյունիքի եւ Գեղարքունիքի հատվածում: Այդ է պատճառը, որ հակառակորդը այդ ուղղությամբ շարունակում է ճնշումները: ՀՀ իշխանությունները ռեալ գնահատական չեն տվել պատերազմին ու պատերազմից հետո ստեղծված իրավիճակին: Ռազմավարական վերանայում չեն իրականացրել՝ Ադրբեջանի հետ շփման գիծը կահավորելու»:

Ըստ Սեյրան Օհանյանի, այսպիսի որոշումներ իրականացնելու համար մի քանի ժամ է պետք ու այդպիսի քայլեր իրականացնելու համար մի քանի օր է պետք: Նա ասաց, որ ՀՀ իշխանությունները խաբկանքի մեջ են, չեն կարեւորում ՀՀ-ի առջեւ դրված անվտանգային գերակա խնդիրները. «Այսօր ԱԺ-ում քննարկել տարբեր հարցեր տարբեր ոլորտների, բայց չքննարկել անվտանգության խնդիրները՝ ճիշտ չէ, հանցագործության նման մի բան է: Համացանցում, ԶԼՄ-ներով, տարբեր միջոցների տեղեկատվությամբ մենք տեսնում, լսում եւ հասկանում էինք տարբեր տեսահոլովակներով, որ իրավիճակը լարված է հատկապես Սյունիքի հատվածում ու դրանից ենթադրություններ չանել, արագ որոշումներ չընդունել՝ կառավարման համակարգի ամենամեծ բացթողումն է»:

Սեյրան Օհանյանը նաեւ ասաց, որ խորհրդարանական վերահսկողություն չկա ու խորհրդարանական երկրում ողջ գործիքները չեն կիրառվում, կարող էին կազմակերպել արտագնա նիստեր, իրենց աչքով տեսնեին իրավիճակը, կամ լսումներ կազմակերպել, ինչը չեն անում:

Հարցին՝ դուք քննադատում էիք նախորդ գումարման ԱԺ-ի ընդդիմությանը՝ ԲՀԿ-ին, ԼՀԿ-ին, հիմա դուք ասում եք, որ մանդատից կհրաժարվեք, եթե իմանաք, որ այն որեւէ նպատակի չի ծառայում, ի՞նչ նպատակի է ծառայում ձեր ընդդիմադիր մանդատը հիմա՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ նախորդ գումարման խորհրդարանի ընդդիմությանը արտախորհրդարանական ուժերը աջակցություն են ցուցաբերել. «Հարցն այն է, որ այսօր մենք մի իրավիճակի առաջ ենք կանգնած, որ բացահայտ, շատ ակնառու կերպով քաղաքական մեծամասնությունը ստորադասելով սեփական նեղ խմբային շահերին, արհամարհում է սահմանադրական կարգավորումները: Այս բողոքի նշանն օգտագործվում է այս պահին մեր կողմից՝ որպես նախազգուշական քայլ, որեւէ ձեւով սա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք հարցերի քննարկումից: Այսօր օրակարգում ընդդիմության պահանջով երեք հարց էր ներառված: Այս հարցերը ավտոմատ տեղափոխվում են, չի կարող քաղաքական մեծամասնությունը միայնակ քննարկել: Մենք հայտարարել ենք, որ բոլոր գործիքակազմն օգտագործելու ենք ու աստիճանաբար այդ բոլոր գործիքակազմի դրսեւորումներն իրականացնելու ենք»:

Նա ասաց, որ երեկ, երբ արտահերթ նիստ հրավիրելու պահանջը ստորագրում էին, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը դեռ կալանավորված չէր. «Վերաքննիչ դատարանը տխրահռչակ Արմեն Դանիելյանի գլխավորությամբ որոշում է կայացրել փոխել ու կալանավորման տանել Արթուր Սարգսյանին, այս իրավիճակում ընդդիմությունը այս ապօրինի վարքագծի հետ պետք է քննարկո՞ւմ իրականացներ»: Ինչ վերաբերում է մանդատներին, Արծվիկ Մինասյանն ասաց, որ դրանք չեն կաշկանդում իրենց. «Մենք օգտագործելու ենք բոլոր հնարավոր միջոցները այս իշխանությունների ազգադավ լինելը, ապօրինությունները ցույց տալու, իրականացնելու ենք բոլոր հնարավորությունները, որոնք տալիս է մանդատը, այդ թվում՝ ՍԴ դիմելու, այդ թվում այստեղ հարցեր պարտադրելու: Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել, բայց դա կանենք այն ժամանակ, երբ մենք կտեսնենք, որ դրանով կհասնենք մեր վերջնանպատակին՝ կփոխենք կապիտուլացված իշխանությանը, կձեւավորենք երկրում ազգային իշխանություն ու կվերականգնենք սահմանադրական կարգը»:

Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ «Հայաստան» խմբակցության 29 պատգամավորներից որեւէ մեկը մանդատով կաշկանդված չէ: Նա վստահեցրեց, որ նախկին ընդդիմության սխալները մեխանիկորեն չեն կրկնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930