Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես ժողովուրդ չենք ճանաչում ո՛չ ռուսներին, ո՛չ թուրքերին, ո՛չ իրանցիներին, ո՛չ էլ՝ միջազգային հարաբերությունների տրամաբանությունը. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 16,2021 11:48

Ադրբեջանն օգտագործվում է Թուրքիայի կողմից՝ որպես միջոց պանթուրքիստական ծրագրերն իրականացնելու եւ համապատասխանաբար՝ Հայաստանին ճնշելու համար։ Այդ մոտեցումները բացահայտ կերպով դրսեւորվեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, երբ անցած տարի Բաքվում շքերթին ասաց, թե «հիմա Էնվեր փաշայի հոգին փառավորվեց», ինչպես նաեւ իսլամի բանակի մասին խոսելով։ Այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ օրեր առաջ պատմության ինստիտուտում կայացած «Հայաստան-Թուրքիա. հայացք ներսից» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ։

Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, պատմական անդրադարձ կատարելով մեկդարյա հայ-թուրքական հարաբերություններին, ներկայացրեց թուրքական կողմի իրական ծրագրերը Հայաստանի մասով եւ թե որքանով դրանք հեռու են խաղաղասիրական ու բարիդրացիական լինելուց։ Պատմաբանը հիշեց Նուրի փաշայի խոսքերը. «Մենք ստեղծել ենք մի պետություն, որը գտնվում է պարկի մեջ, իսկ այդ պարկի բերանը մեր ձեռքին է։ Ցանկացած ժամանակ մենք կարող ենք փակել պարկի բերանը, եւ Հայաստանը շնչահեղձ կլինի»։ Սա այն է, ինչն ամփոփում է թուրքական ծրագիրը եւ նպատակները հայկական պետականության մասով։

Ա. Մելքոնյանն անդրադարձավ նաեւ թուրքական ժխտողականությանը, որն իր շարունակությունն ու ագրեսիվ դրսեւրումն է ստացել Ադրբեջանում։ Եվ եթե թուրքական հասարակության մեջ այսօր կան անհատներ, որոնք ընդունում են Հայոց ցեղասպանությունը, ապա Ադրբեջանում չենք գտնի անգամ մեկին, որը կխոսի այդ մասին՝ լինի պատմաբան կամ շարքային քաղաքացի։ Ադրբեջանն ամեն կերպ առաջ է տանում մերժման գիծը։ Արցախի հարցում թիկունք կանգնելով Ադրբեջանին՝ Թուրքիան դրանով ցույց տվեց Հայաստանին, որ հանկարծ չհամարձակվենք մտածել Արեւմտյան Հայաստանի մասին։ Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում 1990-ականների սկզբին, երբ հայերը հող ազատագրեցին եւ երեք տասնամյակ շարունակ այդ մասին խոսում էին, երբեւէ թույլ չեն տա, որ տեղի ունենա Արեւմտյան Հայաստանի հարցում։ «Ադրբեջանի ձեռքով խլելով Արցախը՝ դրանով հասկացրին, որ մոռանանք Արեւմտյան Հայաստանի հողերի մասին։ Սրանք փոխկապակցված խնդիրներ են։ Հայաստանի հարցում Թուրքիայի քաղաքականությունը տարածքային հատուցման իմաստով իրականացվեց Արցախում՝ Ադրբեջանի ձեռքով»,- ասաց նա։

«Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական հասարակական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի համակարգող, քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանը նկատեց, որ վերջին հինգ հազար տարվա գրավոր վկայագրված պատմությունը հուշում է, որ խաղաղություն լինում է միայն այն դեպքում, երբ ուժերի հավասարակշռություն է լինում. երբ դա գոյություն չունի, խաղաղություն չի կարող լինել։ «Եթե Հայաստանը հզոր լիներ, մենք կունենայինք խաղաղություն, իսկ երբ թույլ է, մենք խաղաղություն չենք ունենալու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է դադարենք քաղաքական օբյեկտ լինելուց եւ դառնանք քաղաքական գործոն տարածաշրջանի համար։

Պատասխանելով «ՀՀ»-ի այն հարցին, թե որքանով ենք ճանաչում այսօրվա Թուրքիան եւ թուրքին, նշեց, որ, դժբախտաբար, որպես ժողովուրդ չենք ճանաչում ո՛չ ռուսներին, ո՛չ թուրքերին, ո՛չ իրանցիներին, ո՛չ էլ՝ միջազգային հարաբերությունների տրամաբանությունը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930