Երեկ աշխատանքից ազատվեց պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, եւ նրա փոխարեն նշանակվեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ով բանակի հետ կապ ունի այնքանով, որ ժամկետային զինվորական ծառայություն է անցել եւ բանակում մարդ է դանակահարել ու դատապարտվել ազատազրկման։ Իսկ հետագայում իր կենսագրությունից թաքցրել է այդ փաստը: Սուրեն Պապիկյանի նշանակումը տարաբնույթ արձագանքների է արժանացել:
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ նշանակումն իրեն ուրախացրել է: «Ճիշտն ասած՝ շատ ուրախացել եմ, այս կառավարության մեջ միակ ադեկվատ մարդը ես իրեն եմ տեսնում։ Ես իր աշխատանքը որ տեսնում եմ կառավարության նիստերի ժամանակ, միակ ադեկվատ մարդն ինքն է»,- ասաց Հակոբյանը։ Իսկ Պապիկյանը կարո՞ղ է պաշտպանության նախարարությունը ղեկավարել՝ հարցրինք զինվորականին: «Պաշտպանության նախարարությունը զինվորական կառույց չէ, կազմակերպչական կառույց է, իսկ այս 3 տարվա ընթացքում այս կառավարությունում միակ մարդը, որ իրեն ցուցաբերել է որպես ադեկվատ մարդ, ես իրեն եմ տեսնում»,- պատասխանեց Մովսես Հակոբյանը։ Տարօրինակ չէ՞, որ պատերազմող երկրում ոչ զինվորական է նշանակվում այդ պաշտոնին: «Դա շատ ճիշտ է, որպեսզի Գլխավոր շտաբի պետն իր գործով զբաղվի, որ ԳՇ-ի եւ ՊՆ-ի գործերը տարանջատվեն»։
«Արաբո» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանի կարծիքով՝ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու եւ Սուրեն Պապիկյանին նշանակելու պատճառն այն է, որ Արշակ Կարապետյանը հրաժարվել է որոշ հրահանգներ կատարելուց։ «Երեկ ես մամուլում կարդում էի, որ մեր զորքերն առանց զոհերի, քաջաբար նահանջեցին, առանց կրակոցների, առանց զոհերի` 2 կիլոմետր նահանջեցին, եւ ադրբեջանցիները տեղափոխվեցին մեր դիրքեր, մերոնք էլ տեղափոխվեցին այլ դիրքեր։ Այդ ո՞վ է իրենց հող տվել, որ իրենք այդպես հեշտ, դերասանորեն նահանջեցին, եսիմինչ արեցին, վիրավորներ չկան, զոհեր չկան։ Էդ ի՞նչ հայրենիքը տալու թազա ձեւ է։ Ես կարծում եմ, որ Արշակ Կարապետյանը դրա համար էլ հրաժարական է տվել, որովհետեւ բաներ կան, որ ինքը չի ցանկացել անել, դա անելու բան էլ չի․ մի տեղ վախեցան, մի տեղ կրակեցին, մի տեղ շուն տեսան, մի տեղ կատու տեսան․․․, այդպես հայրենիք չեն պաշտպանում։ Եթե իրենք ի վիճակի չեն հայրենիք պաշտպանելու, ապա հայրենիքը տալու իրավունք չունեն։ Դա մեր հայրենիքն է։ Դրա համար էլ բերեցին, Պապիկյանին նշանակեցին, երեւի ինքն ավելի հլու-հնազանդ կկատարի այն հրահանգները, որոնք իջնում են վերեւից։ Կարծում եմ՝ պատճառը դա է»,- մեզ հետ զրույցում ասաց Եղիազարյանը։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: