Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանի արժեքային համակարգի հետեւանք է, որ հասել ենք այնտեղ, որտեղ հիմա ենք». Աղասի Ենոքյան

Նոյեմբեր 16,2021 11:34

Կայացավ գրող, քաղաքագետ Աղասի Ենոքյանի «Սպանել վիշապին» գրքի շնորհանդեսը: Սա հեղինակի երկրորդ գիրքն է, բովանդակությամբ քաղաքական, սակայն լի կատակերգական եւ դրամայի տարրերով: Նրա խոսքով, գիրք գրելու հիմնական պատճառները երկուսն են՝ քովիդը, որը բոլորիս փակել էր տներում եւ տվել բավականին ազատ ժամանակ, եւ մեր հասարակության ապաքաղաքական լինելը, որքան էլ որ տարօրինակ է հնչում:

«Շատերն են սիրում խոսել քաղաքականությունից, սակայն դրա մասին լսել, կարդալ գրեթե ոչ ոք չի սիրում: Գրքում փորձել եմ մի քանի քաղաքական պրոցես, տեսություն գեղարվեստականորեն ներկայացնել եւ հանձնել ընթերցողի դատին: Մինչ սա՝ 4 տարի առաջ, մի գիրք էի հրապարակել կիսաքաղաքական սյուժեով, որից հետո լույս տեսավ այս գիրքս»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Աղասի Ենոքյանը:

Նա մտադիր է եւս մեկ գիրք գրել, սակայն կարծում է՝ այս անգամ ավելի փոքր ձեւաչափով, ասենք՝ պատմվածքներ կլինեն: Ինչպես ինքն է ասում, գրելու ոգեշնչման աղբյուրն այս պարագայում հուսահատությունն էր, որն էլ դրդում է խոսքն ու ապրումները հասանելի դարձնել այլոց. «Հայաստանի ներկա իրավիճակը՝ թե ներքին, թե արտաքին, ինձ շատ է մտահոգում եւ հուսահատեցնում: Այս վիճակից դուրս գալու ելք էլ դեռեւս չեմ տեսնում: Հայաստանի արժեքային համակարգի հետեւանք է, որ հասել ենք այնտեղ, որտեղ հիմա ենք»:

 

Շնորհանդեսին ներկաները՝ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, քաղաքագետներ, մտերիմներ, ոգեւորությամբ էին խոսում՝ թե հեղինակի, թե գրքի մասին: «Գիրքն ինձ գրավեց առաջին հերթին վերնագրով եւ առաջին իսկ տողերով: Գիրքը լրագրողական է՝ կարճ, դինամիկ եւ առանց ավելորդությունների: Ըստ իս՝ գիրքը գաղափարախոսության եւ ուտոպիայի, հասարակության մեջ դրանց դրսեւորման մասին է: Միտքը՝ ճանապարհն է, որոնումը, չարի եւ բարու պայքարը»,- ասաց լրագրող Մարիաննա Հակոբյանը:

«Սպանել վիշապին վերնագիրը խոսուն է, նույնական է Շվարցի հայտնի ստեղծագործության հետ, բայց դրանով երեւի ավարտվում է նմանությունը: Վերնագրից այն կողմ ծայրահեղ տարբեր ստեղծագործություն է՝ թե ոճային, թե մեսիջային, եւ թե եզրահանգումների առումով»,-նշեց ՎԵՏՈ շարժման հիմնադիր, գրող Նարեկ Մալյանը:

Աղասի Ենոքյանն իր հեղինակած գրքի մասին համեստորեն է արտահայտվում, ասում է՝ լուրջ գեղարվեստական արժեք չկա. «Կարծում եմ՝ սրան ինչ-որ շարունակություն կլինի, թե երբ եւ ինչպես, դեռ չգիտեմ: Քննարկումներից հասկացա, որ բավականին հուսահատեցնող եզրակացությունների ենք եկել, բայց հույս ունեմ, որ գրքի միջի հումորը, թեթեւությունը հնարավորություն կտա այդ հուսահատությունը մի փոքր կոտրել»:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930