Հայաստանի օդային ուղիներով թռիչք իրականացնելու համար Ադրբեջանը Հայաստանին գումար կփոխանցի միջնորդավորված եղանակով: «Ժողովուրդ» օրաթերթը Քաղավիացայի կոմիտե հարցում էր ուղարկել՝ պարզելու համար, թե հոկտեմբերի 6-ին ՀՀ օդային տարածքով իրականացրած թռիչքի համար ադրբեջանական AZAL ավիաընկերությունն ինչքան գումար է փոխանցել հայկական կողմին:
Պարզվում է՝ ըստ օդային ուղիներից օգտվելու մասին միջազգային բազմակողմ համաձայնագրի, ինչի տակ նաեւ Հայաստանն է ստորագրել, միմյանց օդային ուղիներից օգտվելու համար պետությունները ոչ թե ուղիղ իրար են գումար փոխանցում, այլ միջնորդավորված: Բոլոր երկրների ամենատարբեր ավիաընկերությունները թռիչք իրականացնելու հայտերը, այնուհետ նաեւ գումարները ուղղում են Բրյուսելում գտնվող «Եվրոկոնտրոլ» ընկերություն, ինչն էլ որոշում է օդային ուղուց օգտվելու գումարի չափը: Թռիչքն իրականացնելուց հետո ավիաընկերությունը 2-3 ամսվա ընթացքում բելգիական վերոնշյալ ընկերությանն է փոխանցում գումարը:
«Եվրոկոնտրոլն» էլ իր հերթին այն ուղարկում է այն երկրին, որի օդային ուղուց օգտվել է ավիաընկերությունը: Այսինքն՝ ադրբեջանական ավիաընկերությունը գումարը Հայաստանին է փոխանցելու միջնորդավորված՝ «Եվրոկոնտրոլ»-ի միջոցով: Ոլորտի մասնագետները նշեցին, որ այդ գումարը մեծ թիվ չէ կազմում. 1 կմ օդային ուղու համար մոտավորապես 1 դոլար են վճարում:
Այսինքն՝ ադրբեջանական ավիաընկերությունը ՀՀ օդային տարածքից օգտվելու համար մոտավոր 200 դոլարի չափով գումար է փոխանցելու:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։