Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ապագան» սա է. Հայաստանի տարածքում Ադրբեջանն է որոշում սահմանները

Նոյեմբեր 16,2021 10:30

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայեր սպանվում, իսկ ադրբեջանցի մարդասպանները դառնում՝ «անորսալի»:

«Ապագա կա» երբեմնի նախընտրական լոզունգն իր ողջ ուժով գործողության մեջ է մտել: Երեք շաբաթ առաջ մամուլով արտահոսքերն այն մասին, թե Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում սպասվում է Փաշինյան-Ալիեւ-Պուտին հանդիպում, որի ընթացքում եռակողմ հայտարարություններ են ստորագրվելու, թեեւ իրականություն չդարձավ, սակայն, ինչպես երեւում է, կողմերը եկել են այն եզրահանգման, որ կարելի է առանց ավելորդ ցուցադրական դրվագների ու արարողակարգային դետալների իրագործել այն, ինչ Հայաստանից պահանջվում է: Իսկ Հայաստանից նոյեմբերի 10-ին հրապարակված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո արդեն ուղիղ մեկ տարի Մոսկվան, Անկարան ու Բաքուն ակնկալում են սահմանազատում եւ սահմանագծում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ եւ խաղաղության համաձայնագրի ստորագրում:

Հայաստանի իշխանությունները ունակ չեղան Հայաստանի ու Արցախի համար այս վտանգավոր հարցերի քննարկումները թողնելով օրակարգում, այսպես ասած՝ բանակցությունների սեղանին, դնել ամենակարեւոր պահանջը՝ վերադարձնել բոլոր գերիներին, ապա քննարկել բոլոր հարցերը: Նրանք մտան բանակցությունների քննարկման գործնական փուլ, իսկ տարածաշրջանային հիմնական խաղացողները մեր փոխարեն որոշումներ են կայացնում: Հայաստանին մնում է ոչ միայն «մասնակցել» կազմակերպված միջոցառումներին, այլեւ կիրակնօրյա իրադարձություններն արդեն փաստեցին, որ Հայաստանի ձեւական մասնակցությունն էլ արդեն էական չէ, կարելի է գործել: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ նոյեմբերի 10-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնեց. «Ադրբեջանական կողմը այսօր հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12։00-ից սկսած, ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում կիրականացնի սահմանային եւ մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի»։

Կիրակի օրը՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ ՊՆ-ն հաղորդեց, որ ադրբեջանական զինված ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ, ինչի արդյունքում սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն. «Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռեւս շարունակում է լարված մնալ»։

Ասվում էր, թե ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ Նոյեմբերի 13-ից պարզվեց, որ ադրբեջանական ԶՈՒ-ի շարժ էր նկատվել Վերին Շորժայի սահմանին: Նոյեմբերի 14-ին ՀՀ ՊՆ-ն երեկոյան երկրորդ հաղորդագրությունը տարածեց՝ հայտնելով. «Ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ, որտեղ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան», ապա՝ հավելեցին, որ ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով: «Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել, չի համապատասխանում իրականությանը», նշեց ՊՆ-ն։

Իրադրությունը հանդարտեցնելու ՊՆ-ի մղումը տեւեց ընդամենը մի կարճ ժամանակահատված: ՊՆ-ի զույգ հայտարարություններից հետո, երբ համացանցն արդեն ողողված էր ադրբեջանական տելեգրամյան ալիքների տարածած տեսանյութերով, ՀՀ ԱԱԾ-ն մամլո հաղորդագրություն հրապարակեց, որով հայտնեցին, որ Կապան-Ճակատենի` «ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում եւս անցակետ կտեղակայվի»: Նոյեմբերի 15-ին՝ կեսգիշերից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային եւ մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ: Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։ Տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչեւ սույն տարեվերջ, հավաստիացրեց ԱԱԾ-ն:

Հայաստանի պատկան մարմիններն իրենց տեղո՞ւմ են, թե՞ Հայաստանն ու Ադրբեջանն իրականացնում են սահմանազատում եւ սահմանագծում, սակայն մեր հասարակությունը տեղեկանում է ադրբեջանական առաջխաղացումից:

Մինչդեռ օգոստոսի 12-ին կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց. «Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է։ Տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը մեր երկարատեւ ռազմավարությունն է, եւ մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն սկսել այս օրակարգի շուրջ՝ միջազգային մեր գործընկերների աջակցությամբ, ըստ անհրաժեշտության, նաեւ ուղիղ շփումների միջոցով»։ Այսպե՞ս է իշխանությունը պաշտպանում ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ «այլընտրանքային ճանապարհների» կառուցման եւ «հայելային եղանակով սահմանային ու մաքսային հսկողության կետեր» տեղակայելու հեռանկարների խոստումներո՞վ…

Հայկական կողմի լիակատար ձախողումներն առհասարակ բոլոր հարցերում են, թվում է, թե պաշտոնական Երեւանը ո՛չ գործընկերներ ունի, ո՛չ էլ փորձում է ի շահ Հայաստանի քաղաքացիների եւ Արցախի հայության որեւէ քայլ իրականացնել, որն ի դեպ, հայկական կողմի դիրքերը կամրացներ: Բայց մենք տեսնում ենք հետեւողականորեն հայկական կողմի առանց այն էլ թուլացված դիրքերն էլ ավելի թուլացնելու, անգամ ստորացնելու մղում:

Մեկ շաբաթ է անցել, երբ Շուշիի մոտակայքում ադրբեջանցիները հայ են սպանել: Դեպքը տեղի էր ունեցել Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին, Շուշիի երկու մուտքերի միջեւ, ավտոճանապարհին, որն ի դեպ՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է գտնվում: Ադրբեջանական կողմը կրակոցներ էր արձակել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց վրա, որի հետեւանքով զոհվեց 22-ամյա արցախցին՝ Մարտիկ Երեմյանը, եւս 3 աշխատակիցներ վիրավորվեցին: Եվ ի դեպ, այս քաղաքացիական անձինք ռուսական կողմի պահանջով էին եկել այդտեղ աշխատանքներ իրականացնելու: Նաեւ հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Մարտակերտի հարակից տարածքում գտնվող նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից զոհվել էր քաղաքի 55-ամյա բնակիչը:

Ինչո՞ւ ենք հիշեցնում այս դեպքերը… Որովհետեւ ռուսական կողմը նույն «հանդիսավորությամբ» վերոնշյալ դեպքերի հետքերով, չգտավ ադրբեջանցի մարդասպաններին ու ցուցադրական ադրբեջանական կողմին չհանձնեց, ինչպես օրինակ՝ օրերս Արցախի բնակիչ 46-ամյա Նորայր Միրզոյանին, որին շքախմբով «հանձնեցին» հայկական կողմին: Հիշեցնենք, օրերս միջադեպ էր տեղի ունեցել Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին, Նորայր Միրզոյանը պայթուցիկ էր նետել Շուշիի անցակետի ուղղությամբ:

Ինչպե՞ս է ստացվում, որ ռուս հմուտ խաղաղապահների համար ադրբեջանցի մարդասպաններն անորսալի են, իսկ պայթուցիկ նետած հային պետք է ողջ աշխարհի աչքի առջեւ, ձեռքերը ոլորելով, տասնյակ զինվորականներով հանձնել հայկական կողմին:

Ու ընդհանրապես, ինչպե՞ս է ստացվում, որ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայեր են սպանվում:

Առհասարակ, պաշտոնական Մոսկվային հետաքրքրո՞ւմ է ռուս խաղաղապահների վարկանիշի հարցը: Այն, որ ադրբեջանական կողմը նպատակաուղղված ռուս խաղաղապահ առաքելության նշանակությունը զրոյացնելու քաղաքականություն է վարում՝ դա պարզ է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հրապարակումից ժամեր անց, Անկարայի ու Բաքվի նպատակն է՝ հնարավորինս շուտ ռուս խաղաղապահներին քշել Լեռնային Ղարաբաղից: Բայց այդ պայմաններում ո՞րն է Մոսկվայի առաջնահերթությունը. ողջ աշխարհին ապացուցել, որ Հայաստանի երբեմնի «ռազմավարական» դաշնակիցը ոչ միայն չկարողացավ Թուրքիայի սանձազերծած պատերազմը կանխել, այլեւ հիմա Լեռնային Ղարաբաղում ի վիճակի չէ խաղաղապահ առաքելություն իրականացնե՞լ…

Ի դեպ, հետաքրքիր կլիներ լսել այս հարցի պատասխանը օրերս Ռուսաստանում ակտիվացած մեկնաբաններին: Ո՛չ, նրանց չեն հետաքրքրում ու անհանգստացնում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայերի սպանությունները: Ռուսական քարոզչամեքենայի գիգանտներից մեկին՝ Վլադիմիր Սոլովյովին, օրինակ, հետաքրքրեց Երեւանում օրերս ինչ-որ մի խմբակի կազմակերպած ցույց, որին, եթե նա չանդրադառնար, հավանաբար Հայաստանի հասարակության մի ստվար զանգված այդ ցույցի մասին չէր էլ տեղեկանա:
Պարզապես, արդեն զավեշտի աստիճանի է տեսնել, թե ինչպես է ռուսական պետական քարոզչամեքենան իր ծառայողներին հրահանգել գտնել ցանկացած մի «կեղտոտ» լուր, որով կարելի է Հայաստան պետությանն ու հայ ժողովրդին մեղադրել բոլոր հարցում, որպեսզի չնկատվի, չճչա Ռուսաստանում գործող բազմաթիվ մեկնաբանների, խմբագիրների, սյունակագիրների, լրագրողների ու պատգամավորների ու տարբեր տրամաչափի պաշտոնյաների՝ Բաքվից «հալալ քրտինքով» ստացված «աշխատավարձերի» լույսը:

Իսկ Վլադիմիր Սոլովյովին, ռուսաստանցի մյուս մեկնաբաններին ու ռուսական հեռուստաշոուների «փայլող աստղ» փորձագետներին չի՞ հետաքրքրում հարցը, թե ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայեր սպանվում, իսկ մարդասպանները մնում են անհայտ: Հայ ժողովուրդը դրա հետ պետք է համակերպվի՞ ու անվերջ մեղադրանքներ լսի՞ Ռուսաստանից, որ «հայերը պարտվել են, որովհետեւ կորցրել են խիղճն ու պատիվը…»: 27 տարի էլ ադրբեջանական կողմն էր պարտված, ու աշխարհի բոլոր անկյուններում կազմակերպված համաժողովներում ու գագաթաժողովներում, անկախ քննարկման թեմայից, «լաց» էին լինում, որ Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, սակայն այդ նույն ռուսաստանցիները չէին հպարտանում հայերի հաղթանակներով:

Ի դեպ, նոյեմբերի 10-ին արցախցի մի խումբ կանայք նախաձեռնել են հանդիպում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գ. Վ. Անաշկինի հետ՝ արտահայտելու մեր մտահոգությունը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող եւ անպատիժ մնացող սանձարձակությունների, ոճրագործությունների վերաբերյալ։ «Բարձրաձայնել ենք գործող անվտանգության մեխանիզմների վերանայման անհրաժեշտությունը, հրատապ ու կենսական նշանակության մի շարք այլ հիմնախնդիրներ», նշվել էր ֆեյսբուքյան գրառմամբ տարածված հաղորդագրությունում։

Վլադիմիր Սոլովյովին չի՞ հետաքրքրում, թե ինչու են արցախցի մայրերը վերջին մեկ ամսում ռուսական կողմի վերահսկողության տակ գտնվող հատվածներում երկու հայերի սպանությունների փաստերի առիթով հանդիպում պահանջել ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարից:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 16.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930