Լրահոս
Օրվա լրահոսը

Սա նախարարների խնդիրը չէ

Նոյեմբեր 16,2021 10:00

2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ պատերազմում պարտությունից հետո Հայաստանում պաշտպանության չորս նախարար է փոխվել: Պատերազմի նման ելքից հետո Դավիթ Տոնոյանի պաշտոնանկությունը օրինաչափ էր: Տրամաբանական չէր նրան մեկ տարի անց կալանավորելը. եթե նա հանցագործություն էր կատարել պատերազմի ժամանակ կամ դրանից առաջ, ապա դժվար թե պահանջվեր մի ամբողջ տարի՝ այդ գործը բացահայտելու համար: Ամենայն հավանականությամբ՝ ոչ մի գործ էլ չկա: Պարզապես նոյեմբերի 9-ից հետո մենք ունեցել ենք եռակողմ հայտարարությամբ չնախատեսված բազմաթիվ տարածքային կորուստներ, եւ դրանք «արդարացնելու» կամ ուշադրությունը շեղելու համար անհրաժեշտ են ինչ-որ «ծիսական զոհաբերություններ» զինվորական շրջանակներում, եւ դրանցից մեկը Տոնոյանն էր:

Տոնոյանին հետեւեց Վաղարշակ Հարությունյանը, որը պատերազմի ժամանակ որպես վարչապետի խորհրդական (ենթադրում եմ, ռազմական գծով), հավանաբար, արժեքավոր խորհուրդներ էր տալիս ԶՈՒ գլխավոր հրամանատարին, որոնք նպաստել են մեր «հաջողություններին»: Հարությունյանի նախարարության օրոք նույնպես Հայաստանի ինքնիշխան եւ ամենեւին ոչ վիճելի տարածքներում մի քանի դիրք հանձնեցինք, ինչի համար էլ նա, հավանաբար, «պատժվեց»:

Եկավ Արշակ Կարապետյանը, որը հայտնի է որպես հետախուզության «շատ հմուտ» ղեկավար եւ Քոչարյանի վրա ցուցմունք տվող: Դիրքերի հանձնումը շարունակվեց. ադրբեջանցիները հանգիստ, առանց որեւէ դիմադրության գալիս են մեր դիրքերը եւ այնտեղից հեռացնում են մեր զինծառայողներին:

Եվ ահա «ծավալվող իրադարձությունների արդյունքում» Կարապետյանին փոխարինեց հեղափոխական-կուսակցական գործիչ Սուրեն Պապիկյանը: (Ի դեպ, այդքան էլ պարզ չէ, թե ինչու այդ խայտառակության համար պատասխան չի տալիս Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, բայց նրա վրա, կարծես թե, այլ «կոմպրոմատներ» կան):

Նախորդ երեք նախարարներն, իհարկե, մեղքի իրենց բաժինն ունեն, բայց տարածքների հանձնումն, իմ կարծիքով, ունի խորը պատճառներ, որոնք չեն վերանում նախարարների փոփոխությամբ: Դուք երբեւէ լսե՞լ եք, որ վերջին 20 տարվա ընթացքում Իլհամ Ալիեւը հայերի որեւէ գործողության վերաբերյալ ասեր՝ «դե, ճիշտ են արել՝ դա իրենց իրավունքն է»: Անկախ բոլոր իրավական նրբություններից, դա բացառված է, որովհետեւ սխալ ուղերձ է պարունակում թե՛ միջազգային հանրությանը, եւ թե՛ սեփական հասարակությանը, այդ թվում՝ դիրքերում կանգնած զինվորներին: Մինչդեռ Հայաստանի վարչապետը նման բան կրկնում է գրեթե ամեն օր եւ երբեմն էլ ավելացնում է՝ հո այդ պատճառով պատերազմ չե՞մ սկսի: Ուզում եմ հավատալ, որ դա արվում է այն պատճառով, որ Փաշինյանը պատկերացում չունի, թե ինչ է նշանակում պետություն ղեկավարել, այն էլ՝ պատերազմող պետություն: Բայց նման մոտեցումը դիրքեր կամ մայրուղու հատվածները հանձնելու ուղիղ ճանապարհ է:

Իրավիճակի վատթարացման համար կա եւս մի պատճառ, որի մասին այստեղ կնշեմ թռուցիկ՝ դա Ռուսաստանի հետ սխալ աշխատաոճն է: Մնացածի մասին՝ մեկ ուրիշ անգամ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Քանի դեռ մեր պետությունը պարազիտներով է վարակված, պետության դերն իրենց վրա պետք է վերցնեն օրինական մասնավոր մասնագիտական կառույցները կամ միությունները կամ լիգաները՝ փաստաբանների լիգա, ծրագրավորողների լիգա, թիկնապահների լիգա, ռազմական ուսուցիչների լիգա, վարսավիրների լիգա, հացթուխների լիգա եւ մնացած բոլոր մասնագիտությունների լիգաների հետ միավորվում են մասնագիտական ապահովման լիգայում: Ոչ մի վարձու աշխատանք, մասնագիտական լիգայի մեջ կարելի է մտնել միայն օրինական մասնավոր հիմնարկի կարգավիճակով եւ մասնագիտական լիգայի հովանավորությամբ եւ աջակցությամբ՝ ուսուցման, պաշտպանության, մասնագիտական ապահովագրման պայմաններում: Սա նյութական՝ թիկունքի ապահովման համակարգն է, նմանապես ուժային եւ քաղաքական համակարգերը պետք է ձեւավորվեն՝ ՝մասնագիտությամբ՝ լոռեցիները պետք է հավաքագրվեն Լոռիի համայնքի՝ լիգայի մեջ, արցախցիները՝ Արցախի համայնքում, մշեցիները՝ Մուշի համայնքում, երեւանցիները՝ Երեւանի լիգայում եւ նմանապես բոլոր հայերս եւ հայասերներս բոլորովս էլ կմիավորվենք Հայքում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930