«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ներկայացրել են «Սահմանային իրավիճակով պայմանավորված Կառավարության գործողությունների հաշվետվությունը» օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ գրությունը, որը ենթակա է վերադարձման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ վարչապետի պաշտոնական գրությամբ: Պատգամավորների գրությունում, ինչպես նաև վարչապետի գրությանը կից ներկայացվող Կառավարության որոշման մեջ նշվում են՝
1) արտահերթ նիստի օրակարգը, ներառյալ՝ օրակարգային հարցերի անվանումները և քննարկման հաջորդականությունը,
2) արտահերթ նիստը սկսելու օրը և ժամը, ինչպես նաև արտահերթ նիստի անցկացման կարգը` նիստերի օրերը և յուրաքանչյուր օրվա ընթացքում անցկացվելիք նիստերի թիվը,
Կարդացեք նաև
3) արտահերթ նիստը նախաձեռնողի ներկայացուցչի անունը և ազգանունը,
4) գրությանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ արտահերթ նիստը, որպես կանոն, գումարվում է պաշտոնական գրությունն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ հինգերորդ աշխատանքային օրվանից ոչ շուտ: Մինչև նշված ժամկետը լրանալը արտահերթ նիստ կարող է գումարվել, եթե օրակարգում ընդգրկված նախագծերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունները ստացվել են, կամ դրանց ներկայացման ժամկետները լրացել են, իսկ առանց եզրակացության՝ բացառիկ դեպքերում, հետևյալ կարգով՝ պատգամավորների կամ խմբակցության նախաձեռնության դեպքում՝ խմբակցության հիմնավորված միջնորդությամբ՝ Խորհրդի որոշմամբ:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե գրությունը կամ օրակարգային որևէ հարց սույն հոդվածի պահանջներին չի համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է գրությունը կամ օրակարգային տվյալ հարցին առնչվող փաստաթղթերը՝ նշելով պատճառների մասին:
Տվյալ դեպքում գրությամբ ներկայացված չէ կից փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև՝ գրությանը կից ներկայացված չէ օրենքի, որոշման, հայտարարության կամ ուղերձի որևէ նախագիծ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ