Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնիսկ Փաշինյանն ինքն է ասել, որ Շուշին հայկական չէ». Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար

Նոյեմբեր 15,2021 23:13

«Ինչ վերաբերում է էթնիկ զտումներին և այն պնդմանը,  որ դրանք դադարել են, և մենք հիմա նոր իրավիճակում են, ես համամիտ չեմ: Ուզում եմ ասել, որ ես ստուգել եմ՝ Շուշիում և Հադրութում ոչ մի հայ չի մնացել»,-«Մեկ տարի անց. Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագայի կառուցում հետկոնֆլիկտային դարաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովի այն պնդումներին, թե իբր Ադրբեջանն է կանգնեցրել 44-օրյա պատերազմը և կտրել փոխադարձ էթնիկ զտումների շղթան, ասաց քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը:

Անդրադառնալով Թոֆիկ Զուլֆուգարովի այն փաստարկին, թե Ադրբեջանն է իր նախաձեռնությամբ դադարեցրել պատերազմը, նա նշեց. «Այդ պնդման հետ համամիտ չեմ: Դա արվել է, որպեսզի Ռուսաստանի հետ խնդիրներ չստեղծի: Եթե չլիներ ռուսական միջամտությունը, դժվար դա տեղի ունենար: Ռուսները Ադրբեջանի հաղթանակով առանձնապես ոգևորված չէին, և դա էր պատճառը, որ Ադրբեջանն առաջ չգնաց»:

Այն պնդումներին, թե լավ կլինի, որ Հայաստանը լեզու գտնի իր հարևանների հետ, Արման Գրիգորյանն ի պատասխան փաստեց Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը Զանգեզուրի միջանցքի, իրենց հռետորաբանությամբ Էրիվանը, Գյոկչան իրենցը համարելու և երկաթյա բռունցքով սպառնալիքների մասին:

Հետո էլ իրականություն վերադառնալու կոչ անող Թոֆիկ Զուլֆուգարովին հիշեցրեց 1992 թվականը ու նշեց. «Հայաստանի պաշտոնական պահանջը կապված է Արցախում ապրող մարդկանց ինքնորոշման իրավունքի իրացման հետ: Սա շատ անկախացման շարժումների հիմքում է. անգամ Ադրբեջանը չէր կարող լինել անկախ պետություն, եթե չլիներ ինքնորոշման իրավունքը: ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշումը կապված Թուրքիայի հետ 1992-ից եղել է դիվանագական և տնտեսական հարաբերությունների հաստատումն առանց նախապայմանների: Բայց Թուրքիան առաջ է քաշել նախապայմաններ»:

Ըստ Արման Գրիգորյանի՝ կոմունիկացիաների բացումը դրական քայլ է, սակայն միջանցք տերմինի օգտագործումը շատ զգայական: Նրա համոզմամբ՝ Լաչինը չպետք է որպես միջանցք դիտարկվի, այլ երաշխավորված ճանապարհ լինի դեպի Արցախ: Արման Գրիգորյանի վստահեցմամբ՝ եթե իրոք այս դեպքում ապաշրջափակման մասին է խոսքը, ոչ թե միջանցքային տրամադրությունների, ապա դժվար թե ՀՀ-ում գտնվի խելամիտ մի մարդ, որը դեմ կլինի:

Թոֆիկ Զուլֆուգարովը, անդրադառնալով Շուշիում և Հադրութում էթնիկ զտումների մասին խնդրին, ի պատասխան նշեց. «Առաջին հերթին դա եղել է ադրբեջանական տարածքի վրա, այլ ոչ թե ինչ-որ քաղաքական մի կառուցվածքի վրա, որը դուք պատկերացնում եք, որ ունի ինքնորոշման իրավունք: Բոլորին է հայտնի, որ Շուշին մինչև հայկական ուժերի վերահսկողության տակ հայտնվելը բնակեցված է եղել 18 հազար ադրբեջանցիներով, 1400 հայերով: Նույնիսկ Փաշինյանն ինքն է ասել, որ Շուշին հայկական չէ»:

Թոֆիկ Զուլֆուգարովն իր ամեն միտքը ձևակերպելուց հետո հայտարարում էր, թե իբր ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, և իրենք այժմ լուծում են հայկական բնակչության՝ Ադրբեջանի տարածքում վերաբնակեցման հարցը: Նա վստահեցրեց՝ հայերը Ադրբեջանի տարածքում կարող են ստանալ իրավահավասար քաղաքացիություն ու ասաց. «Ինչպես գիտեք՝ ժամանակին Հայաստանում շատ ադրբեջանցիներ են ապրել: Եթե հայկական կողմը մեզ ուզում է հանդուրժողականության դաս տալ, ապա մենք սպասում ենք օրինակին, թե ինչպես են նրանք իրենց տարածքում ադրբեջանցիների համար ինքնավարություն ապահովում, և հայելային արտահայտությամբ Ադրբեջանն էլ հայերին կտա նման հնարավորություն: ՀՀ-ում վերջապես պետք է նայեն քարտեզին ու հասկանան, որ չեն կարող հարևան երկրի տարածք գնալ առանց Ադրբեջանի ղեկավարության: Այսօր Լաչինի միջանցքը փակելու մասին հայտարարություններ են հնչում, քանի որ այնտեղ մնացել են զինված հայկական խմբեր: Ինչպե՞ս կվարվեր մի պետություն, երբ իր տարածքում լինեին ոչ օրինական զինված խմբավորումներ: Դուք պետք է հասկանաք, որ Ադրբեջանը թույլ չի տա, որպեսզի շարունակի գոյություն ունենալ մի օջախ, որը կլինի մեր տարածքային ամբողջականությանը սպառնալիք: Այդ դեպքում մենք պետք է մեր քաղաքական գծից շեղվենք: Մի՞ թե ՀՀ-ն թույլ կտա, որ իր տարածքում լինի մի անկլավ, որտեղ Ադրբեջանի ՊՆ նախարարը կգնա (նկատի ունի ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի այցը Արցախի Հանրապետություն,-Տ.Հ.): Դա ռեալ չի, չէ՞: Ինչու՞ պետք է հայկական կողմի համար նման բացառություններ լինեն: Պետք չէ առանց թույլտվության հարևան երկրի կառավարման մեջ քիթը խոթել: Եթե կարծում եք, որ ՀՀ ՊՆ նախարարը կարող է ադրբեջանական տարածք մուտք գործել, ուրեմն պիտի պատրաստ լինեք, որ ադրբեջանցիները կարող են գալ ՀՀ»:

Խոսելով կոմունիկացիաների ապաշրջափակման մասին՝ Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը հիշեցրեց նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ու ասաց. «Նոյեմբերի 9-ի համաձայնագրում խոսքը երկու միջանցքի մասին է, սակայն միայն Լաչինի դեպքում է միջանցք բառն օգտագործվում: Այդ առիթով ասվում է, որ դրա անվտանգությունը պետք է ապահովեն խաղաղապահ ուժերը: Բայց այդ ուժերը ոչ թե երկնքից են ընկել, այլ Ադրբեջանի հրավերով են եկել: Իր ստորագրությամբ նրանց հրավիրել է իր ինքնիշխան տարածք՝ ժամանակավոր՝ հինգ տարով: Տեքստում Մեղրիի միջանցքի մասին է նաև խոսվում, որտեղ պետք է անվտանգություն ապահովեն ՌԴ սահմանապահ զորքերը: Ինչո՞ւ է հայ հասարակությունը դեմ դրան: Չէ՞ որ ՀՀ-ի սահմանները 1992-ից պահպանում են ռուսական սահմանապահ ուժերը: ՀՀ-ն ողջ երկաթուղային գիծը տվել է ՌԴ-ին: Մենք ռուս ժամանակավոր խաղաղապահներին հրավիրել ենք, նրանք Լաչինում անվտանգություն պետք է ապահովեն: Բայց նրանք կատարում են սահմանապահ զորքերի ֆունկցիա, սակայն ոչ մի պրակտիկայում խաղաղապահները նաև մաքսային ծառայություն չեն իրականացնում: Դրա համար Ադրբեջանը պետք է փոխի այդ իրավիճակը: Այսինքն՝ Լաչինի միջանցքի տնտեսական անվտանգությունը կապահովեն ադրբեջանցի մաքսայինները, իսկ անվտանգությունը՝ ռուսական ուժերը»:

Հայ ռազմագերիների  վերադարձի մասին հարցերի առիթով Թոֆիկ Զուլֆուգարովը կրկին պնդեց ադրբեջանական կողմի այն արդարացումը, թե նրանք ռազմագերիներ չեն, այլ դիվերսիոն խմբի անդամները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930