Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ է հենց Արշակ Կարապետյանին հանել, իսկ ԳՇ պե՞տը։ ԳՇ պետն է որոշողը՝ կրակե՞լ, թե ոչ»

Նոյեմբեր 15,2021 23:30

«Պաշտպանության նախարարը պետք է լինի զինվորական, որը գոնե մեկ ակադեմիա ավարտած կլինի, բայց ավելի լավ կլինի, որ ավարտած լինի ոչ միայն ռուսական ակադեմիան, այլ ՌԴ ԳՇ ակադեմիան։ Բայց Սուրեն Պապիկյանը քաղաքացիական մարդ է, շատ հեռու է բանակից։ Ինքը չի հասկանում՝ ինչ է նշանակում ռազմական քաղաքականություն, պաշտպանական քաղաքականություն, չի հասկանում սպայի կյանքը, չի հասկանում սահմանին ինչ է կատարվում, ինչ են մարտական գործողությունները, չի հասկանում 21-րդ դարի բանակներն ինչ փիլիսոփայություն ունեն»,-Aavot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի խորհրդական, Արցախյան առաջին պատերազմում ՀՀ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Վլադիմիր Պողոսյանը՝ Սուրեն Պապիկյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակելու մասին։

Վլադիմիր Պողոսյանի դիտարկմամբ՝ մենք Եվրոպա չենք, իրավունք չունենք, որ մեր պաշտպանության նախարարը լինի քաղաքացիական, սովորական մարդ։

«Սերժ Սարգսյանի ժամանակ կատաստրոֆիկ բարեփոխում են արել՝ առանձնացրել են ՊՆ-ն ու ԳՇ-ն, այսինքն, ՊՆ-ն դառել է մի հատ մուտանտ, մի մարդ երկու գլուխ։ Այդպես չի լինում։ Պաշտպանության նախարարը պարտադիր պիտի դառնա զինվորական, ԳՇ պետը պիտի դառնա առաջին տեղակալ։ Սա է նորմալ բանակը։ Այդպես է Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում»,-ասաց պարոն Պողոսյանը։

Նրա խոսքով՝ 2020-ին ՊԲ հրամանատար նշանակվեց Ջալալ Հարությունյանը, այն ժամանակ ԳՇ պետն ասել էր՝ նա դեռ պատրաստ չէ այդ պաշտոնին․«Ես ԳՇ-ում ասել եմ՝ եթե թույլ գեներալին նշանակում են գլխավոր հրամանատար, ուրեմն պատերազմ է պատրաստվում։ Երեք տարվա մեջ փոխել են ԱԱԾ 5 տնօրեն, ԳՇ 4 պետ, 4 նախարար։ Այդ մարդիկ ի վիճակի չեն միանգամից մտնեն գործի մեջ, մինչեւ մտնում են, հասկանում են ինչ պետք է արվի, ինչ պետք է փոխվի, հանում են։ Հիմա նորից փոխեցին, ինչ-որ մեծ խաղ է սպասվում։ Այս նախարարը չի կարող մի ամսում մտնի այդ մեծ գործի մեջ։ Երբ փոխվում են, չեն հասցնում հասկանալ՝ ինչ է կատարվում։ Տոնոյանը գնաց, եկավ Վաղարշակ Հարությունյանը, հրաման տվեց, որ Ղուբաթլուից , Զանգելանից նահանջենք, նահանջեցինք, ու հակառակորդը մտավ Սեւ լիճ։ Հիմա էլի նախարարն են փոխում, վախում եմ, որ էլի ենք կորցնելու։ Կամ մտածված են անում, կամ բան չեն հասկանում»։

Վարչապետ Փաշինյանը Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու վերաբերյալ ասել է․«Այս որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում․․․ Այսօր մենք նախ կլսենք Գլխավոր շտաբի պետի՝ պարոն Դավթյանի զեկույցը ստեղծված իրադրության և ընդհանուր առմամբ օպերատիվ իրավիճակի մասին, նաև իրավիճակի վերլուծություն կանենք և մի քանի ուղղություններով կփորձենք որոշում կայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված մեր գործողությունների վերաբերյալ»։ Հիշեցնենք, որ ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ։

Վլադիմիր Պողոսյանն այս գործողության վերաբերյալ ասաց՝ երեկ ինչ տեղի է ունեցել՝ դա մի մեծ թատրոն է․«Ո՞նց հասկանանք՝ բանակում կան օրենքներ, եթե հակառակորդը անցնում է սահմանի գիծը, դու պարտավոր ես ոչնչացնես իրեն, մտնես մարտի մեջ, պիտի մտնես մարտական գործողությունների մեջ։ Ինչո՞ւ է հենց Արշակ Կարապետյանին հանել, իսկ ԳՇ պե՞տը։ Մեր սահմադրությամբ ԳՇ պետն է որոշողը։ ԳՇ պետն է հրաման է տալիս կրակ բացել կամ չբացել, գնալ առաջ կամ գնալ հետ։ Եթե նույնիսկ նախարարն ասում է կրակ չբացել, պահանջում է հետ գնալ, ԳՇ պետն իրավունք ունի ասի ոչ, ես համաձայն չեմ, ու զանգի վարչապետին, ասի՝ նախարարը սենց հրաման է տվել, ես համաձայն չեմ, հակառակորդը մոտենում է։ Ինչո՞ւ ԳՇ պետն այս ամենը չի արել։ Կա հետախուզության վարչության պետ, իրեն ենթարկվում են հատուկ ջոկատները, ինչո՞ւ դրանց չեն ուղարկել, ինչու իրենք բոյի մեջ չեն մտել, ինչո՞ւ ԱԱԾ սահմանապահ զորքերը չեն մոտեցել ու չեն մասնակցել»։

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երեկ ադրբեջանցիները մոտենում են մեր դիրքերին, եւ առանց կրակի, կարելի է ասել՝ դիրքավորվում։ Այս տեսանյութի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, շատ օգտատերեր նշում են, թե մեր դիրքերը կահավորված չէին, 18 տարեկան զինծառայողները ինչպես պետք է կռվեին ադրբեջանցիներ դեմ այլն։  Այս առնչությամբ պարոն Պողոսյանը կոշտ դիրքորոշում հայտնեց՝ եթե համազգեստ ես հագել, զենք վերցրել, մինչեւ վերջ պետք է կռվես։ Ապա «Էն որ վարչապետն ասում էր՝ մարդիկ պատրաստ չեն գնան կռվեն․․․ ես իրան կարող եմ շուտով ապացուցել, որ մենք զենքը կվերցնենք ու ես կնայեմ, թե հակառակորդը ոնց է նահանջում»։

Ապա Պողոսյանը մի դեպք պատմեց․«2021-ի հունվարն էր, թե՝ փետրվարը, 2-րդ կորպուսի հրամանատարը խնդրեց, որ մասնակցեմ Ալագյուլում բանակցություններին, Վարդենիսի ուղղությամբ հակառակորդը առաջ էր եկել։

Գնում եմ, ադրբեջանցիներն ասում են՝ մինչեւ ժամը 12-ն առաջ ենք գնալու։ Ու կանգնած է մի հատ մեծ բրիգադ, մի կիլոմետրանոց ավտոշարասյուն։ Մենք էլ 15-20 հոգի ենք։ Ասացի՝ առաջ չեք գնալու, գնաք՝ կոչնչացնենք։ Դրանք էլ թե՝ դուք սաղ-սաղ 15 հոգի եք։ Ասացի՝ մենք մինչեւ վերջ կռվելու ենք, դուք առաջ չեք գնալու մինչեւ ես հրաման չստանամ նահանջի, հիմա բանակցություններ են գնում ՀՀ-ՌԴ-Ադրբեջան։ Մեկ էլ գալիս է ՌԴ ներկայացուցիչն ու ասում՝ ադրբեջանցիք բողոքում են, որ հետ չեք գնում։ Ասում եմ՝ ես հրաման ունեմ հետ չգնալ, հետ չեմ գնալու, մինչեւ հատուկ հրաման չստանամ։ Անցնում է մի կես ժամ, ինձ զանգում են, ասում՝ չի ստացվում, պիտի հետ գնանք։ էդ ռուսը գալիս է, ասում՝ արդեն պայմանավորվել են, պիտի հետ գնաք։ Ես ասում եմ՝ չեմ գնա։ Ցույց եմ տալիս մի ավտոմեքենա ու ասում՝ տեսնո՞ւմ ես, թուրքական դրոշը, ես համարում եմ, որ ՆԱՏՕ-ի զորքը մոտենում է ՀԱՊԿ-ի սահմանին, ես համարում եմ, որ դա ՆԱՏՕ-ի բանակն է։ Հիմա կզեկուցեմ, որ դու տեսնում ես, որ այստեղ ՆԱՏՕ-ի դրոշն է, ու ասում ես հետ գնանք, կզեկուցեն ձեր նախագահին, պագոններդ կհանեն։ Դա ասաց՝ մի վայրկյան, գնում է էն կողմ ու էդ դրոշը հանում են։ Հետո ասում եմ՝ էդ բոլոր մեքենաների ապակիների վրայից մինչեւ թուրքական դրոշը չեք հանել, իրենք առաջ չեն գնալու։ Վերջը, հանել ու շպրտել են։ Այ սենց պիտի պաշտպանենք մենք, որ դրանք հասկանան՝ հայկական բանակը դուխ ունի։ Հիմա ես չեմ հասկանում՝ այս ի՞նչ է կատարվում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930