Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Երևանում բացվել է Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը: Այս տարի փառատոնին իրենց մասնակցությունն են բերում 7 երկրներից ժամանած շուրջ 100 մասնակիցներ: Նախատեսվում է ցուցադրել տասնհինգ ներկայացում:
Ավելի վաղ՝ ասուլիսի ժամանակ, փառատոնի տնօրեն Կարո Բալյանը նշել էր, որ թատերական փառատոնի շրջանակներում իրականացվում է նաև «FestOFF» ծրագիրը՝ արտերկրի ուսանողների, Հայաստանի ու անկախ թատերախմբերի համար: Նշենք, որ այդ ծրագրին ուսանողների հինգ խումբ է մասնակցում և գործում է նաև ժյուրիի կազմը՝ դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյանի գլխավորությամբ, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի, թատերագետներ Տիգրան Մարտիրոսյանի, Հասմիկ Սեյմորի, Գայանե Թադևոսյանի անդամությամբ:
Փառատոնի երկրորդ ներկայացումը ցուցադրվեց Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում: Փոքր դահլիճում հավաքվել էին ինչպես արտերկրից ժամանած հյուրերը, այնպես էլ արվեստագետներ, քաղաքացիներ:
«Յագո, Էմիլիա՛» ներկայացումը բեմադրել էր Գայանե Անդրեասյանը: Երկու դերակատարներն էլ իրենց խաղով լցրեցին դահլիճը և արժանացան հոտնկայս ծափահարությունների:
Հավելենք, որ այս ներկայացմանը հաջորդել է մեկ այլ՝ «Փչեցեք» ներկայացումը, արդեն Ուսանողական թատրոնի բեմում, որը նույնպես մասնակցում է «FestOFF» ծրագրին:
Փառատոնի շրջանակներում վաղը նախատեսվում է երկու ներկայացում, ինչպես նաև մեկ վարպետաց դաս Կոնստանտին Միշինի կողմից՝ Ուսանողական թատրոնում:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ