Այսօր Աբովյան քաղաքի «Երեխաների աջակցության կենտրոնում» 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում անմահացած Իլյա Հակոբյանի մահվան տարելիցին քրոջ՝ Հասմիկ Հակոբյանի նախաձեռնությամբ և «Հանուն սահմանի» ՀԿ-ի աջակցությամբ տեղի է ունեցել «Դու կաս» խորագրով հուշ-ցերեկույթ:
Ցերեկույթին ներկա էին հերոսի հարազատները, բարձրաստիճան սպաներ, հերոսածին մայրեր և հայրեր, հյուրեր:
Միջոցառումն ուղեկցվել է երիտասարդ երգիչներ Դավիթ Աղասիի և Ջուլյա Առաքելյանի, «CryStyle» պարային ստուդիայի սաների, Աբովյանի Վ. Համբարձումյանի անվ. թիվ 10 հիմնական դպրոցի սաների, հերոս Գոռ Վարդանյանի քրոջ՝ Գոհար Վարդանյանի, Սոնա Էյվազիի գեղարվեստական կատարումներով, Իլյայի կյանքի և հերոսական ուղու մասին պատմող տեսաշարերով:
«Ազգի և անհատի համար կարևոր արժեքը անունն է: Պետք է իմանանք՝ ով ենք, որ հասկանանք՝ ուր ենք գնում։ Ներկան հետևանքն է արածի ու չարածի, իսկ վաղվա ներկայի պատասխանատուն նաև մենք ենք։ Մենք պատասխանատու ենք մեր ընկած հերոսների, ազգի նվիրյալների առաջ.նրանք ընկան ՀԱՅԻ շարունակության համար։ Պարտավոր ենք ճանաչել, հիշել, ներկայացնել բոլոր ժամանակների մեր նվիրյալներին»,- իր խոսքում նշեց «Հանուն սահմանի» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Հովհաննես Մարուքյանը:
Միջոցառման վերջում գնդապետ Աղաբեկ Խաչատրյանը հերոսի ծնողներին հանդիսավոր հանձնել է «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» կողմից Հայրենիքի պաշտպանության համար «Արցախ» շքանշանը:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ