Լրահոս
Օրվա լրահոսը

«Զապիսկա» չենք քննարկելու»․ Ալեն Սիմոնյանն ու ընդդիմադիրները վիճում էին, թե ում մեղքով ԱԺ արտահերթ նիստ չի լինի. (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2021 21:55

Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն այսօր ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկ էին արել, սակայն ԱԺ խորհրդի նիստը չկայացավ, օրակարգը չհաստատվեց, հետեւաբար՝ արտահերթ նիստ չի լինի։ Նպատակը անվտանգային միջավայրի մարտահրավերները քննարկելն էր, հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին դեպքերի, ՀՀ տարածք Ադրբեջանի զինվորների ներխուժման առնչությամբ կառավարությունից պարզաբանում ստանալը։

Խորհրդարանի միջանցքում ԱԺ նախագահն ու ընդդիմադիր պատգամավորները վիճում էին։ Ալեն Սիմոնյանն այսպես պարզաբանեց․ «16։45-ին իրավիճակի հետ կապված մեր ընդդիմադիր գործընկերները ներկայացրել են փաստաթուղթ, որով խնդրել են հրատապ նիստ հրավիրել։ Ցավոք, ժամանակի եւ ներկայացված փաստաթղթերի անբավարար, դիմումի թերի լինելու պատճառով ես անգամ չեմ կարողանում հարցը քննարկել եւ որոշում կայացնել, որովհետեւ, օրինակ, կցված չի նախագիծ, չկան հիմնավորումներ»։

Ընդդիմությունից ակնարկ հնչեց, որ այսպես իշխանությունը կանխում է վարչապետի՝ ԱԺ գալը։ «Նիկոլ Փաշինյանը վաղը, մյուս օրը լինելու է ԱԺ-ում, որովհետեւ բյուջեի քննարկում ունենք։ Նա մշտապես պատասխանել է բոլոր հարցերին»,-չհամաձայնեց Ալեն Սիմոնյանը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը համոզմունք հայտնեց, որ քաղաքական մեծամասնությունը չարաշահում է իր դիրքերը․ «Սա քաղաքական որոշում է»։ Ալեն Սիմոնյանն այս պահին ասաց,-«Թող արձանագրի պարոն Սաղաթելյանը, ես ձեզ չխանգարեմ»,-ու հեռացավ դեպի սրահ։ Իշխան Սաղաթելյանը շարունակեց․ «Մեր համար ամեն ինչ պարզ է, իրավական հարց չկա, սա քաղաքական որոշում է։ Ընդդիմության պահանջով հրավիրվել էր խորհրդի նիստ, երկու խմբակցություններն առաջարկել էին անել արտահերթ նիստ, որ Նիկոլ Փաշինյանը գար եւ սահմանային վիճակի հետ կապված հաշվետվություն տար։ Մենք նման իրավիճակում չենք գալու բյուջե քննարկելու»։

«Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանն էլ պնդեց՝ Ալեն Սիմոնյանի ներկայացրածը ոչ թե օրենքի պահանջ է, այլ օրենքի խախտում․ «Մեծամասնությունը խմբակցության նիստ է անում այնտեղ, որտեղ պետք է խորհրդի նիստ լիներ»։

Ապա` վերադարձավ Ալեն Սիմոնյանն ու ասաց․ «Որպեսզի ընդդիմության ասածը քննարկվի խորհրդի նիստում, հարկավոր է, որ լինի նախագիծ, որ լինի զեկուցող։ Հարգելի լրագրողներ, ահա այն թուղթը, որով դիմել են։ Ես սա անվանում եմ «զապիսկա»։ ԱԺ խորհուրդը «զապիսկեք» չի քննարկում։ Ո՞վ է ձեր զեկուցողը»։

Արծվիկ Մինասյանը պնդեց, որ օրենքն այլ բան է ասում․ «Ձեր իրավաբաններին կանչեք։ Դուք պարտավոր էիք խորհրդի նիստ հրավիրել եւ հարցը քննարկել»։ Ապա` մոտեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը եւ ասաց, որ Սիմոնյանի ձեռքի թուղթն ԱԺ արտահերթ նիստ հրավիրելուն է վերաբերում։ Սիմոնյանն ասաց՝ որպեսզի արտահերթ նիստ հրավիրվի, ԱԺ խորհրդի նիստում զեկուցող պետք է լինի․ «Երեսուն տարի այդպես է։ Ոչ նախագիծ եք ներկայացրել, ոչ զեկուցող։ «Զապիսկեն» չեմ կարող սարքել խորհրդի նիստի քննարկման առարկա»։ Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Եթե 1/5-րդի պահանջը համարում եք զապիսկա, էլ բան չունեմ ասելու»։

Ալեն Սիմոնյանը նաեւ նշեց՝ երեկ է սահմանին միջադեպը եղել, սակայն ընդդիմությունը «հրատապ» անվամբ առաջարկը բերել է այսօր՝ 16:45-ին։

Արծվիկ Մինասյանը եւս պնդեց, որ ԱԺ նախագահության որոշումը քաղաքական է։ «Այդքան նախկին չինովնիկ կա ձեր մեջ, որեւէ մեկը չկարողացա՞վ նորմալ ներկայացնի սա»,-հարցադրում արեց Ալեն Սիմոնյանը, ապա նաեւ հարցրեց՝ «Դատարան դիմելո՞ւ եք այս հարցով։ Դիմեք էթիկայի հանձնաժողով։ Ձեր սխալները քաղաքական ձեւով մի գցեք իշխանության վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930