«Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանն այսօր «Հայելի» ակումբում մեկնաբանեց Արցախում Նորայր Միրզոյանին $ 1000 տրամադրելու՝ իրենց ՀԿ-ի կայացրած որոշումը եւ դրան անմիջապես հաջորդած ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից իրեն ներկայացված ահաբեկիչներին հովանավորելու սուտ մեղադրանքը: «Իրենց պրոպագանդան շատ լավ է աշխատում, բայց ուզում եմ մի փոքր ճշտում անել: Այդ գումարը Արշակ Զաքարյանը չի տալիս: «Ազգային գվարդիա» ՀԿ-ի մեր տղաներով, համախոհ ընկերներով, առանց ինչ-որ մեկից գումար հավաքելու, մտածեցինք, որ այդ տղան հիմա բանտում է հայտնվել, կին, երեք երեխա ունի, որոնք փաստորեն մնում են առանց կերակրողի: Եվ որոշեցինք այդ մարդուն, ինչպես որ շատ-շատերին, որ հիմա դատում են ու անտեր են թողել ու ոչ մեկը ոչ մի ձեւով նրանց չի օգնում, պետք է սատարել: Ինչքան կռանում ես, վրայովդ թռնում են ու ասում «հավալլա»: Ներկա իշխանությունները ձեզ պարզ օրինակ:
Վաղուց ժամանակն է, որպեսզի իսկական հայ տղամարդը իրեն դրսեւորի արժանավայել կերպով: Նորայր Միրզոյանը չհանդուրժեց: Նա իսկական հայ տղամարդ է:
Թուրքերն անմիջապես թարմացրին տեռորիստ բառը, թեեւ թքած ունեմ նրանց կարծիքի վրա: Ավելին, լավ է, որ թշնամին իմ մասին վատ կարծիք ունի: Այ, որ սկսեն ինձ գովել, ինչպես մարդամեկին են գովում, այն ժամանակ պատի տակ խփեք ինձ»,-ասաց Արշակ Զաքարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ