Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տաթեւ համայնքը նոր ղեկավար ունի․ իշխող ուժի ավագանու անդամները նիստին չմասնակցեցին

Նոյեմբեր 15,2021 20:55

Երկուշաբթի՝ նոյեմբերի 15-ին կայացավ Տաթեւ համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին կայացած ընտրության քվեարկության արդյունքները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, արդեն նախկին համայնքապետ Արթուր Մաթեւոսյանը նախ վերահաշվարկի դիմում էր գրել, հետո  թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկել էր վարչական դատարան։ Վերջինս այն թողեց ուժի մեջ։

Ըստ այդմ, Տաթեւ համայնքի ավագանու 15 մանդատները բաշխվեցին հետեւյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացավ 7 մանդատ, «Շանթ դաշինք» կուսակցությունը՝ 6 մանդատ, «Ապրելու երկիրը»՝ 2 մանդատ։

«Շանթ դաշինք»-ն ու «Ապրելու երկիր» ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ ավագանիում դառնալով մեծամասնություն։ «Չգիտեմ, թե ինչու «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները չմասնակցեցին նիստին։ Անհասկանալի էր։ Տարիքով ավագը ես էի, նիստը անցկացրի ու ընտրվեցի համայնքի ղեկավար»,-Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Տաթեւ համայնքի ղեկավար Սամվել Լալայանը։

Վերջինս նաեւ նշեց, որ ըստ հուշագրի՝ տեղակալներից մեկը նշանակվելու է «Ապրելու երկրից»։ «Հենց ցուցակը գլխավորող Մարատ Գերասիմյանն է նշանակվելու, միասին կաշխատենք ի շահ Տաթեւի»,-ասաց Սամվել Լալայանը՝ ավելացնելով որ Գերասիմյանը նախկինում եղել է Տաթեւի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը։

Տաթեւ համայնքի ավագանու առաջին նիստին ուշացումով մասնակցեց Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը։ Նա նիստի մասնակիցներին ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանիները չեն մասնակցել նիստին, քանի որ հարցը դեռ իրավական դաշտում է «Ճիշտն ասած, չհասկացա ինչի մասին է խոսքը, քանի որ նրանք էլ են ստացել իրենց մանդատները»,-նշեց Սամվել Լալայանը։

Ի դեպ, ընթերցողներից մեկը դիմել էր Aravot.am-ին՝ առաջարկելով պարզաբանել, թե ինչու է ուշանում Տաթեւի ավագանու առաջին նիստի նշանակումը։ Ըստ գործող կարգի, առաջին նիստերը պիտի նշանակվեն մանդատները ստանալուց՝ 20 օրվա ընթացքում։ «Աբսուրդն այն է, որ մենք ավագանու անդամների 1/3-րդ դիմեցինք մարզպետարան՝ տեղեկացնելով, որ մեր որոշմամբ կարող ենք նիստ նշանակել, քանի որ գործող համայնքապետը չի նշանակում։ Ի զարմանս ինձ, դրանից հետո հայտարարվեց, որ համայնքապետն առաջին նիստի օրը նշանակել է»,-Aravot.am-ի հետ զրույցը եզրափակեց Սամվել Լալայանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարը` Սամվել Լալայանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930