Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) հրապարակել է «Ճանապարհ դեպի 44-օրյա պատերազմ» խորագրով զեկույց։ Զեկույցի 1-ին մասը վերլուծում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը միջազգային մակարդակում, 2-րդ մասը՝ ներպետական մակարդակում։
Ներկայացնում ենք 53 էջանոց վերլուծության եզրակացության հատվածը։
90-ականների պատերազմից ի վեր անկախ Ադրբեջանի պատմության մեջ ամենանշանակալին եղավ 1994թ., երբ մայիսին Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի ստորագրությամբ հրադադարի պայմանագիր կնքվեց և սեպտեմբերին, երբ Ադրբեջանի պետական նավթային կազմակերպությունը և 9 միջազգային նավթային ընկերություններ 30 տարով «Դարի պայմանագիրը» ստորագրեցին, որով ադրբեջանական նավթագազային պաշարներն արևմտյան շուկաներ հասան:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելուն տանող պատրաստությունները սկսվել են 90-ականներին՝ առաջին Արցախյան պատերազմից անմիջապես հետո, երբ Հայաստանը ենթարկվեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տնտեսական շրջափակման: Ենթակառուցվածքային և հետևաբար նաև՝ տնտեսական շրջափակումն առավել բարենպաստ պայմաններ ստեղծեց Ադրբեջանի համար, որպեսզի սահմանափակելով Հայաստանի հնարավորությունները և՛ տնտեսական ուժի գեներացման, և՛ տնտեսական ռեսուրսը ռազմականի վերածելու հարցում, հակամարտությունը պատերազմի միջոցով հանգուցալուծի:
Կարդացեք նաև
Ադրբեջանի պետական քաղաքականության կարևոր բաղադրիչներից է եղել նաև հայ ժողովրդի, Հայաստանի նկատմամբ գեներացվող հայատյացության քաղաքականությունը:
Ադրբեջանի նավթային եկամուտների կուտակմանը զուգընթաց՝ Արցախյան հակամարտության լուծման հարցն այլ դինամիկա է ստացել: Առաջին և ամենակարևորը՝ հետևողականորեն աճել են ռազմական ծախսերը: 2000-ականներին Ադրբեջանը սկսել է շատ ավելի ակտիվ զինվել, ինչը շարունակվել է մինչև 2010-ականների կեսերը: Ըստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող Վասիլի Կաշինի՝ 21-րդ դարում Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում էր Հայաստանի ռազմական բյուջեն միջինը 3-5 անգամ՝ որոշ տարիներին լինելով ավելի բարձր, քան Հայաստանի ամբողջ պետական բյուջեն: 44-օրյա պատերազմից մեկ տարի առաջ Ադրբեջանը կրկին սկսել է ակտիվորեն զենք գնել արդեն Թուրքիայից: Հաշվետու ժամանակահատվածում Թուրքիայից զենքի ներմուծումը 6 անգամ աճել է՝ օգոստոսին կազմելով 36 մլն ԱՄՆ դոլար, իսկ սեպտեմբերին՝ 77 մլն: Ռազմական բաղադրիչին աջակցող էֆեկտ է ունեցել նաև կրիտիկական ենթակառուցվածքների զարգացումը, որը, ի թիվս այլնի, ներառում է արբանյակային կարողություններ, թվային-տեխնոլոգիական առաջընթացի ապահովում: Ռազմական հավասարակշռության խախտման պայմաններում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունն ավելի քիչ է հակված դարձել փոխզիջումներին՝ փոխարենը խստացնելով բանակցային դիրքորոշումը և ավելացնելով պատերազմական հռետորաբանությունը: Ռազմական ներուժի ավելացումը բանակցային այնպիսի առավելություններ է տվել Բաքվին, որոնց պայմաններում նվազել և գրեթե զրոյի է հավասարվել փոխհամաձայնեցման գնալու պատրաստակամությունը: Այսպիսով, առաջին եռակողմ փաստաթղթի՝ 1994թ. հրադադարի վերաբերյալ Բիշքեքի համաձայնագրում կար երեք կողմերի՝ ԼՂ, ՀՀ և ԱՀ մասնակցությունը, սակայն 1997թ. վերջին տարին դարձավ, երբ ղարաբաղյան կողմը մասնակցեց բանակցային գործընթացին: Հաջորդող առաջարկները (1998թ. «Ընդհանուր պետություն», 2001թ. Քիվեսթյան փաստաթուղթ) շարունակաբար մերժվել են Բաքվի կողմից, իսկ հայկական կողմի համար շահեկան դրույթները՝ գնալով նվազել:
Այսպիսով, եթե 2011թ. Կազանի փաստաթղթում քննարկվում էին ԼՂ վերջնական իրավական կարգավիճակին վերաբերող հարցեր, ապա 2014թ.-ից կարգավիճակի վերաբերյալ կետն աստիճանաբար հետին պլան է մղվել: Կարելի է նաև փաստել, որ բանակցային գործընթացի ողջ ժամանակաշրջանը հաջող կերպով օգտագործվել է Ադրբեջանի կողմից՝ ռազմական գերակայություն ձեռք բերելու նպատակով, ինչի պայմաններում այն այլևս անիմաստ կհամարեր բանակցությունները: Նույն ժամանակահատվածում՝ Իլհամ Ալիևի կառավարման երկրորդ տասնամյակի ընթացքում, Ադրբեջանում թշնամական հռետորաբանությունն արմատական բնույթ էր ստացել, և երևան էր եկել ադրբեջանական կողմի այն հասկացությունը, որ Արցախը կորած չէ Ադրբեջանի համար: Զուգահեռաբար, էներգակիրների շուրջ աճող համագործակցության շնորհիվ Բաքվին արդեն հաջողվում էր մի կողմից տնտեսական, ապա նաև՝ սերտ ռազմական և արտաքին քաղաքական հարաբերություններ ձևավորել մի շարք առանցքային խաղացողների հետ: Միջազգային կառույցներում առանձին պաշտոնյաների կաշառումը դարձել էր Ադրբեջանի հիմնական լոբբիստական գործիքը և հանգեցրել Ադրբեջանի օգտին կողմնակալ որոշումների, նախ՝ ավտորիտար ներքին քաղաքականության, իսկ 2020թ. արդեն նաև պատերազմ սանձազերծելու և պատերազմական հանցագործություններ կատարելու վրա աչք փակելուն:
Ռազմաքաղաքական ղեկավարության վարքագծի վրա մեծ հաշվով ազդեցություն են ունեցել միջազգային մակարդակում զուգահեռ տեղի ունեցող գլոբալ զարգացումները, որոնք ցայտուն դրսևորվել են հարավկովկասյան տարածաշրջանում: Այսպիսով, վերջին մի քանի տարիներին միաբևեռ լիբերալ աշխարհակարգի և համաշխարհային անվտանգային համակարգի անկման, արևմտյան պետությունների կողմից իրենց խնդիրների վրա կենտրոնացած լինելու հետևանքով փոփոխությունների է ենթարկվել տարածաշրջանային ուժային-քաղաքական լանդշաֆտը: Նման տեկտոնական տեղաշարժերը կարծրացրել են ադրբեջանական իշխանությունների՝ խնդիրներն ուժային ճանապարհով լուծելու համոզ մունքը, քանի որ առկա չեն եղել, կամ շատ թույլ են եղել այն միջազգային պրակտիկ մեխանիզմները, որոնք կզսպեին ադրբեջանական կողմի ռազմական նկրտումները: Ալիևի կողմից բազմիցս անթաքույց հայտարարվել է, որ նոր աշխարհակարգը ենթադրում է լուծումներ ուժի դիրքից: Մյուս կողմից՝ Հարավային Կովկասում սկսել են հայտեր ներկայացնել նաև արտատարածաշրջանային ուժերը: Տարածաշրջանից ԱՄՆ հետքայլն ու Իրանի և Ռուսաստանի կողմից հարևան թատերաբեմի անտեսումը համապատասխանաբար Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի վրա կենտրոնացման հետևանքով ուղիղ համեմատական են եղել Թուրքիայի ծավալապաշտական նկրտումերի աճին, որի հավակնոտ արտաքին քաղաքական նկարագիրը լավագույնս տեսանելի եղավ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման պլանավորման և աջակցության ընթացքում:
2020թ. աշնանը 44-օրյա պատերազմի սանձազերծման ժամանակային որոշումը նույնպես էապես պայմանավորված է եղել մի շարք արտաքին և ներքին հանգամանքներով: Տնտեսական բազմազանեցման հետ կապված անորոշության պայմաններում նպատակահարմար է եղել ուժային լուծման դիմել հենց այն ժամանակ, երբ նավթային եկամուտների անկումն աղետաբեր չէր լինի տնտեսական և ռազմական ներուժի վրա ազդեցության առումով: Միաժամանակ, առանձնահատուկ զգայունություն էր ստացել նաև ռեժիմի շարունակականության հարցը: Իլհամ Ալիևի քաղաքական կշռի վրա Արցախյան պատերազմի ազդեցությունը զգալի է եղել, իշխանության գալուց ի վեր Իլհամ Ալիևն այն անկյունաքարային է դարձրել ռեժիմի շարունակականության համար: Քանի դեռ հողերը հայկական վերահսկողության տակ էին, Ալիևի իշխանությունը հանդիպում էր ընդդիմության քննադատությանը և ժողովրդի անվստահություն աճին, ուստի հակամարտության էսկալացման և պատերազմի վերսկսման պատճառների մեջ առանցքային տեղ ուներ վարչակարգի վերարտադրման հարցը:
Վերջին մի քանի տարում խմելու և ոռոգման ջրի սակավության խնդիրը նոր թափով էր սրվել Ադրբեջանում, ինչի հետևանքով ակտիվացել էին նաև բողոքի ակցիաները, որոնք կարող էին վերածվել սոցիալական ընդվզումների՝ անախորժություններ ստեղծելով Իլհամ Ալիևի իշխանության համար:
Ինչ վերաբերում է պատերազմի սոցիալական ասպեկտին, ըստ վերջին տարիների դեմոգրաֆիկ տվյալների՝ Ադրբեջանում ամենամեծ սեռատարիքային խմբերն են կազմում 15-19, 20-24, 25-29 և 30- 34 տարեկան տղամարդիկ, ուստի հավանական կարելի է նաև համարել, որ իշխանությունները կօգտագործեին երիտասարդ զանգվածի ընձեռած հնարավորությունները, քանի դեռ սերնդափոխությունները չէին հանգեցրել պատերազմելու մոտիվացիայի պակասի: Վերջապես, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ նվազել էր միջազգային հանրության ուշադրությունը լոկալ հակամարտային իրավիճակների նկատմամբ: Այնպես, ինչպես 2020թ. ամռանը համավարակի պայմաններում կայացած թուրք-ադրբեջանական զորավարժությունները չարժանացան դատապարտման, այնպես էլ 44-օրյա պատերազմը սանձազերծվեց գերտերությունների՝ խնդրից օտարված լինելու պայմաններում:
Այսպիսով ակնհայտ է, որ թե՛ ներպետական, թե՛ միջազգային և տարածաշրջանային մակարդակներում հանգամանքների դասավորումն Ադրբեջանի օգտին երեք տասնամյակների ընթացքում հանգեցրել է նրան, որ վերջինի կողմից այլևս շահեկան չի դիտարկվել բանակցությունների միջոցով խնդրի հանգուցալուծումը, քանի որ տիրել է այն մտայնությունը, որ ռազմական ճանապարհով առաջ ընթանալը թույլ կտա հասնել ավելի շահեկան լուծման առանց փոխզիջումների:
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
Լուսանկարը՝ ՄԱՀՀԻ-ի ֆեյսբուքյան էջից: