Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշում կայացրեց նորից կալանավորել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին։
Հիշեցնենք, Սիսիան համայնքի նախկին ղեկավար, պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 14-ի որոշմամբ փոխվել էր 20 մլն դրամ գրավով։
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Արդյունքում, Սիսիան համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ շահադիտական նպատակով եւ անձնական այլ դրդումներով կեղծել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ աշխատանքների կատարված լինելու հանգամանքը փաստող կատարողական ակտը:
Ի դեպ, վաղը՝ նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի ընդհանուր դատարանի Գորիսի նստավայրում նշանակված է հերթական նիստը։ Դատավորը` Գնել Գասպարյանն է։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ