Քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով անցած գիշեր Հայաստանի արեւելյան սահմաններին թշնամական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի զինվորների միջեւ տեղի ունեցած միջադեպին՝ ասաց. «Մի բան կարող եմ ասել: Այն, ինչ որ արվում է, արվում է պայմանավորվածության շրջանակներում: Կապան-Գորիս ճանապարհին, որ անցակետը դրեցին, դա, եթե չեմ սխալվում, Հրանտ Բագրատյանն էր ժամանակին բացահայտել, ըստ որի նախկինում պաշտոնազրկված Վաղարշակ Հարությունյանը, որ վերջը հասավ նրան, որ այս իշխանության օրոք իրեն բերեցին, պաշտոն տվեցին, անցած տարվա դեկտեմբերին գնացել եւ հուշագիր է ստորագրել:
Այսինքն, ադրբեջանցիներն անում են այն, ինչ պայմանավորվել են: Այս գիշեր կատարվածը նույնպես պայմանավորվածության շրջանակներում է: Դրա համար Նիկոլ Փաշինյանից, կառավարությունից կատարվածին ոչ մի արձագանքում չկա: Իմունիտետից, դիմադրողականությունից զուրկ մի իրավիճակ է: Մարդիկ մտածում են, թե երիտասարդներին ոնց հանեն Հայաստանից, որովհետեւ տեսել են, որ պատերազմի ժամանակ բանակը անտեր է մնացել, որ իր որդին անպաշտպան է:
Ես հայտարարություն եմ անում հանցագործության մասին: Կամ ընդունեք որպես հայտարարություն, կամ իմ դեմ քրեական գործ հարուցեք: Սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը պատերազմական գործողությունները ղեկավարել են տգետ ամուսինները: Հայտնի բունկերը, որտեղ ամեն ինչ պետք է գաղտնի լիներ, որտեղ մտնել չեն թողել մարտական գեներալներին, նախագահներին, բայց եղել են նվաստացված ու սերժանտացված իրենց սրտի գեներալները, այնքան է նման եղել բարդակի, որ թուրքական կողմը ամբողջությամբ տիրապետել է ամեն ինչին: Մեր բանակի ողնաշարը ջարդվեց Լելե-Թեփե բլրակը գրավելու որոշման օրը, երբ մեկ օրում մեր հազարից ավելի երիտասարդ զինվորներ շրջափակվեցին ու զոհվեցին: Մեր բանակի ողնաշարը ջարդվեց այդ օրը, երբ մեր ռազմական առողջ տեխնիկան, որը գործում էր, թշնամին կարողացավ վերցնել եւ մենք $ 5 միլիարդի վնաս կրեցինք:
Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում մեր ազգի հետ: Երեկ ՏԻՄ ընտրություններում իշխանությունը մեծ տոկոսով պարտվեց, բայց այն 5-6 հազար հոգին, որ ձայն են տվել սրան, չեն հասկանո՞ւմ, թե ում հետ գործ ունեն»,- ասաց նախկին պատգամավորը:
Կարդացեք նաև
Ռուբեն Հակոբյանը նաեւ նշեց, որ ինքը ՏԻՄ ընտրությունները այնքան էլ չի կարեւորում: Իր համար էական չի, որ որոշ բնակավայրերում վարչական լծակներ օգտագործելով, ղեկավարության, ուժային կառույցների մասնակցությամբ, բարեկամներով, ազգուտակով ինչ-որ բան են արել: Նա կարեւորում է Կապանը, ռազմավարական նշանակության բնակավայրը, որի բնակչությունը ասաց, որ իրենք չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի ներկայությունը: «Այս ՏԻՄ ընտրությունները ուշադրություն շեղելու բան է, ու ինձ շատ է մտահոգում, որ շատ ենք կենտրոնանում դրա վրա, որովհետեւ պետություն ենք տալիս»,- ասաց բանախոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ