Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զարուհի Նախշքարյանը կպատժվի՞ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի գործով ինքաբացարկի որոշում չկայացնելու համար

Նոյեմբեր 15,2021 19:33

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ կարգապահական վարույթ կիրառելու մեկ այլ գործ էլ քննեց: Այն վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով մի գործի: Ավելի վաղ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցել ու նշել. «Դատավոր իշխանությունների ցանկություններին չհամապատասխանող վճիռ կայացրած հերթական դատավորի դեմ արդարադատության նախարարությունը հարուցել է կարգապահական վարույթ։ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանին նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական գործի շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը»:

Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանն ասաց, որ իրենք առարկում են արդարադատության նախարարի միջնորդությունը՝ պնդելով դատավոր Նախշքարյանը չի խախտել Դատական օրենսգրքի 71 հոդվածով սահմանված իր պարտականությունը՝ հայտնելու ինքնաբացարկ, քանի որ օբյեկտիվորեն առկա չեն եղել անկախ դիտորդի մոտ նրա անկողմնակալության դրսեւորման հիմքեր: Ըստ նրա, դատավորը կողմնակալ վերաբերմունք չի ունեցել իբրեւ կողմ հանդես եկող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Դատավոր Նախշքարյանը չի խախտել նաեւ Դատական օրենսգրքի 69 հոդվածով սահմանված պարտավորությունը՝ զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկելու, այդ իշխանության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսեւորելով: Ռուբեն Մելիքյանի դիտարկմամբ՝ դատավոր Նախշքարյանը քննադատել է գործադիր իշխանությանը՝ դատական իշխանության նկատմամբ որոշակի միջամտություն իրականացնելու համար, իսկ քննադատության ողջամտությունը լրացուցիչ հիմնավորման կարիք չունի, բայց սա չի ենթադրում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք: Նա նկատեց, որ այդ քննադատությունը չէր կարող անձնավորված բնույթ ունենալ եւ հիշեցրեց, որ 2019-ի հայտնի մայիսյան դեպքերի ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատարանները շրջափակել, բազմաթիվ քննադատություններ են հնչել:

Միջնորդության հիմքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է դատավորի ապաքաղաքականացված չլինելը: ՀՀ վերաքննիչ դատարանը դա որակել է բողոքաբերի սուբյեկտիվ ընկալումների արդյունք եւ գտել, որ տվյալ պարագայում դատավորը ինքնաբացարկի հիմք չի ունեցել:

Զարուհի Նախշքարյանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սիրանույշ Սահակյանն ուշադրության արժանի եւ էական նշանակություն ունեցող հանգամանք է համարում այն, որ այս գործով եվս միջնորդությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա պնդում է, որ սա խոսում է տիկին Նախշքարյանի հետ անձնականացված խնդրի մասին, քանի որ իր գործունեության 8 տարիների ընթացքում տիկին Նախշքարյանի նկատմամբ որեւէ կարգապահական վարույթ չի իրականացվել: Սակայն, Ռուստամ Բադասյանի հայցի մերժումից եւ վարչապետի դստերն առնչվող հայցից հետո նրա նկատմամբ երեք ամսում երեք կարգապահական վարույթ է հարուցվել: Միջնորդության համատեքստում, Սիրանույշ Սահակյանը մեջբերեց դատական իշխանության ներկայացուցչի նկատմամբ՝ դատական համակարգին վերաբերվող գործառույթներում, գործադիր իշխանությանն ուղղված քննադատության մասին միջազգային փորձից օրինակներ, որոնք ավարտվել են խոսքի ազատության խախտման որոշումներով: Սիրանույշ Սահակյանը մեջբերեց նաեւ արդարադատության գործող նախարար Կարեն Անդրեասյանի մի քանի հարցազրույցներից, որոնք ուղակի փաստում են վեթինգի՝ սկսված լինելու մասին, իր գնահատմամբ ոչ օբյեկտիվ դատավորներին «մաքրելու», ԲԴԽ գիտնական անդամներին մեկ քաղաքական ուժի կողմից նշանակելու մասին, որոնք, ըստ պատասխանողի, ոչ այլ ինչ են, քան դատական համակարգին քաղաքական միջամտության փորձեր: Եվ այս պարագայում, ԱՆ միջնորդությունը կարճելու մասին կողմի միջնորդության մերժումը նա անհասկանալի է համարում, քանի որ իր գնահատմամբ խտրական վերաբերմունք է, քանի որ նախարարի հարցազրույցները ուղղակիորեն փաստում են, որ ԲԴԽ-ն ինքնուրույն չի գործում:

Պատասխանողները կասկածի տակ են դնում նաեւ ԲԴԽ կազմի իրավասու լինելու հարցը, քանի որ ԲԴԽ մեկ անդամ մեկուսացվել է արդարադատության իրականացումից, մեկ անդամի մասնակցության հարցն էլ դեռ վիճահարույց է: Արդյունքում, ըստ նրա, խախտված է ԲԴԽ բալանսը՝ այս պահին երեք դատավոր անդամ ունի խորհուրդը եւ հինգ գիտնական անդամ: Փաստորեն, հարցն, ըստ պատասխանողի, քննվում է ընթացակարգային խախտումներով:

ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հեգնանքով շնորհակալություն հայտնեց, որ Սիրանույշ Սահակյանն իր ելույթի մեծ մասը ԲԴԽ-ին նվիրեց: ԱՆ ներկայացուցիչների համար պատասխանողի դիտարկումներն ընդունելի չեն:

Դատավոր Զարուհի Նախշքարյանն էլ իր խոսքում հաստատեց՝ իր քննադատությունը թե դատավորների ընդհանուր ժողովում, թե հարցազրույցներում, ուղղված են եղել գործադիր իշխանության տարբեր ներկայացուցիչների, ոչ թե վարչապետի անձին ուղիղ, ուստի, դրանք որեւէ կերպ չէին կարող ազդել Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի գործով հայցվորի օրինական իրավունքների կամ պարտականությունների վրա:

Իսկ Շուշան Փաշինյանի հայցը նա աննախադեպ է համարում, քանի որ թե ՀՀ նորագույն պատմության մեջ, թե խորհրդային շրջանում, անչափահաս երեխայի կողմից պատվի եւ արժանապատվության հայց չի մուտքագրվել դատարան: «Ես չունեի որեւէ ձեռնարկ, հնարավորություն՝ ծանոթանալու համար, թե ինչպիսի՞ մոտեցում ունեն մեր դատավորները նման իրավիճակների հետ կապված»,- ասաց նա՝ հավելելով, որ այս առիթով ուսումնասիրել է միջազգային փորձը եւ հայցն ընդունել է վարույթ՝ առաջնահերթություն տալով անձի իրավունքին: Դատավորը հիշեցնում է, որ իր քննադատությունը հնչեցրել է 2019-ի ընթացքում, իսկ այս գործը վարույթ է ընդունել 2020-ի գարնանը եւ այդ մասին անմիջապես տեղեկացրել է հայցվորի ներկայացուցչին: 9 ամիս գործն իր վարույթում է գտնվել, եղել են դատական նիստեր, բայց հայցվորի ներկայացուցիչ Գյոզալյանը կասկածներ չի հայտնել դատավորի անաչառության մասին, բացարկ չի հայտնել նրան, թեեւ լավատեղյակ էր նրա հրապարակային ելույթներից եւ տեսակետից: «Այո, ես կայացրել եմ այն որոշումը, որը կայացրել եմ»,- ասաց Զարուհի Նախշքարյանը՝ հավելելով ԲԴԽ ներկայացուցչի տեսակետը, որ անաչառության մասին կողմի կասկածը բավարար չէ ինքնաբացարկի համար եւ եթե այդ կասկածին դատավորը չի հակազդում, ապա հեղինակազրկում է դատական խորհուրդը: Զարուհի Նախշքարյանը հայտարարեց, որ եթե ինքը մերժեր Շուշան Փաշինյանի հայցը, ինքը կհայտնվեր ԲԴԽ-ում՝ նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հայտնվեց դատավոր Նելլի Բաղդասարյանը: Բայց ինքը չի ընդունել բացարկը եւ դարձյալ հայտնվել է խորհրդի առջեւ ու սրանով էլ պայմանավորում է իր անաչառությունը:

Զարուհի Նախշքարյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, թե ԲԴԽ-ում ովքեր են փորձում անկողմնակալ դիտորդի դիրքից հանդես գալ՝ նախկին նախարար Ռուստամ Բադասյանը, որի դեմ ինքը հայց է մերժել, Նիկոլ Փաշինյանին, Կարեն Անդրեասյանը, որը գործադիր մարմնի ներկայացուցիչ է եւ այս միջնորդությունն է հարուցել, նաեւ, Ստյոպա Սաֆարյանը, որի դեմ ինքը հայց է բավարարել ու նա էլ դժգոհ է իրենից: Արդյոք այս մարդիկ անկողմնակալ են՝ հարցը նա ուղղեց ԲԴԽ-ին եւ հայտարարեց, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում՝ այս կամ այն որոշումը կայացնելու համար եւ դրա ապացույցն են իր նկատմամբ երեք ամսվա ընթացքում հարուցված երեք վարույթները:

«Ես կարծում եմ, որ դատավորին չպիտի հետապնդի արդարադատության նախարարի ուրվականը, դատավորները պետք է անկախ լինեն իրենց որոշումները կայացնելիս եւ երբեք այն չհամաձայնեցնեն արդարադատության նախարարի, երկրի վարչապետի, Ստյոպա Սաֆարյանի կամ այլ անձի հետ»,- ասաց Զարուհի Նախշքարյանը՝ հավելելով, որ եթե վեթինգը, ինչի մասին քանիցս հայտարարվել է, գալու են այս կարգապահական վարույթների դեմքով, ապա դա պատրանքային բույթ ունի եւ բոլորովին այլ նպատակ է հետապնդում, քան այն, ինչ հնչեցնում է գործադիր մարմնի ներկայացուցիչը: Նա ԲԴԽ-ին խնդրեց իր նկատմամբ վարույթներով զիջումների չգնալ եւ հարգել իր մոտեցումները եւ խոստացավ՝ այսուհետ էլ վարվել իր խղճին եւ օրենքով սահմանված կարգին համահունչ:

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ: Այս գործով որոշումը կհրապարակվի նոյեմբերի 29-ին, 19.10:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930