Լրահոս
Օրվա լրահոսը

Աշտարակում ՔՊ-ն 81 հոգանոց ցուցակով կպայքարի, ՀՅԴ-ն՝ 28, «Հայրենիքը» 21 թեկնածով կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

Նոյեմբեր 15,2021 18:40

Աշտարակում, որտեղ այս տարվա դեկտեմբերի 5-ին, ի թիվս այլ համայնքների, նույնպես տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ,  «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը հանդես է եկել 28 հոգանոց ցուցակով: Բացառությամբ 6 թեկնածուի, որոնք անկուսակցական են, մնացած 22-ը ՀՅԴ անդամ են:

Հիշեցնենք, որ այս տարի մեր երկրի մի շարք համայնքներում տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ, որոնց մի մասը հետաձգվել էր COVID-19-ի եւ 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի պատճառով: Աշտարակից բացի ընտրություններ կլինեն նաեւ Արագածոտնի մարզի Թալինում եւ Ապարանում: Բոլոր այս համայնքներում կգործի համամասնական ընտրակարգը: Այսինքն՝ համամասնականի  պայմաններում ընտրություններն անցկացվում են կուսակցական ցուցակներով, ընտրողներն իրենց ձայնը տալիս են առանձին կուսակցությունների եւ ըստ այդ ձայների տոկոսային հարաբերակցության՝ կուսակցությունները տեղ են զբաղեցնում տեղական ինքնակառավարման մարմիններում:

Աշտարակում կմրցեն նաեւ «Հայրենիք» կուսակցությունը ՝ 21 թեկնածուանոց ցուցակով եւ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որի ցուցակում 81 թեկնածու կա, որից 6-ն անկուսակցական:

Թալինում առաջադրվել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 35 հոգանոց ցուցակով, որից 8-ն անկուսակցական, «Հայք» լիբերալ կուսակցությունը՝ 41 թեկնածուով, որից 11-ն անկուսակցական, «Քաղաքացիական պայմանագիր»-ը 61 թեկնածուով,  եւ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակում 30 թեկնածու կա, 5-ն՝ անկուսակցական:

Ապարանում առաջադրվել է «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը: ՔՊ-ն Ապարանում գրանցել է 50 թեկնածուի ցուցակ, որից 8-ն անկուսակցական, «Կարեն Եղիազարյան» դաշինքի ցուցակը 57 թեկնածուից է բաղկացած, որից 13-ն անկուսակցական են, 18 թեկնածու՝ «Արդար Հայաստան» կուսակցությունն են ներկայացնում, մնացածը՝ «Քրիստոնյա Հայաստան» կուսակցությունից են:

Դեկտեմբերի 5-ին Արագածոտնի մարզի եւս 2 համայնքում՝ Արեւուտում եւ Մեծաձորում էլ տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, սակայն՝ մեծամասնական ընտրակարգով, քանի որ դրանք բնակեցված են ազգային փոքրամասնություններով եւ այդ համայնքներում ընտրողների թիվը չի գերազանցում 4000-ը: Արեւուտն ունի 486 ընտրող, Մեծաձորը՝ 131 ընտրող:

Համայնքի ղեկավարի ընտրություններում  Արեւուտում առաջադրվել են 3 թեկնածու, որից երկուսն անկուսակցական, մեկը՝ «Քաղաքացիական պայմանագրից»: Ի դեպ, ՔՊ թեկնածուն՝ Ալիկ Մստոյանը, Օթեւան համայնքի ժամանակավոր պաշտոնակատարն է, Արեւուտի մյուս թեկնածուն էլ՝ Սիաբանդ Բաքոյանը Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության աշխատակից:
Մեծաձորում համայնքի ղեկավարի համար կպայքարեն անկուսակցական Մրազ Միրոյանն ու Ջամալ Սալմոյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930