Օղակաձեւ զբոսայգում, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ այսօր բացվեց նոր ու ժամանակակից սքեյթ-պարկ, որը Երեւանին ու մայրաքաղաքի բնակիչներին նվիրել է Ուկրաինայի հայերի միությունը: Սքեյթ-պարկի առաջին այցելուների մեծաթիվ քանակից երեւում էր, որ այսպիսի մարզական, առողջարարական ու ժամանցային վայրի կարիքը մայրաքաղաքում խիստ էր զգացվում:
Բացմանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իշխանական պատգամավորներ, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանը, այլ գործիչներ:
Շրջայցի ժամանակ Ալեն Սիմոնյանին մատուցեցին մի սքեյթ, սակայն նա չօգտվեց այն վարելու հնարավորությունից: Aravot.am-ի հարցին, թե ինչի՞ չփորձեց կանգնել սքեյթի վրա, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, չեմ տիրապետում, չեմ կարող վարել»: ԱԺ նախագահը նաեւ անկեղծացավ, որ հիմա նաեւ պատրաստ չէ առաջին անգամ սքեյթի վրա կանգնել եւ իրեն ֆիզիկական նման փորձության ենթարկել: «Առավել եւս, որ այսօր այսքան երիտասարդ կա եւ, կարծում եմ՝ ինձ փորձության ենթարկելը ճիշտ չէ»,-ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ հետագայում էլ նման մտադրություն չունի: Սակայն նա վստահ է, որ շատ շատերը կզբաղվեն:
Կարդացեք նաև
«Էլ չեմ ասում, որ Երեւան քաղաքի համար շատ լուրջ ներդրում է արվել Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցների կողմից, ինչը մեծ փոփոխություն է այս տարածքի համար: Մենք շատ լավ գիտենք, որ այս մասը ոչ բարվոք վիճակում է եղել: Եվ նաեւ քաղաքապետարանի, քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքի շնորհիվ մենք այսօր երեւանցիների համար ունենք նմանատիպ վայր, որը, վստահ եմ, միշտ մարդաշատ է լինելու»,-ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ