Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանը մի երկիր է, որտեղ ուզում ես կրկին վերադառնալ». Դևվիդ Սերերո

Նոյեմբեր 15,2021 17:46

Ֆրանսիացի երգիչ, դերասան և պրոդյուսեր Դևիդ Սերերոն ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի հրավերով այցելել է ԵՊՀ։ Նա ելույթ է ունեցել համալսարանականների համար ու վարպետության դաս անցկացրել կենտրոնի սաների հետ:

Դևիդ Սերերոյի հետ զրուցել ենք Հայաստան կատարած այցելության և ԵՊՀ մշակույթի կենտրոնի հետ համագործակցության մասին:

– Պարո՛ն Սերերո, ինչո՞ւ որոշեցիք Հայաստան այցելել:

– Սա Հայաստան կատարած իմ առաջին այցելությունն է:

Տարիներ շարունակ բարեկամություն եմ արել հայերի հետ ինչպես Նյու Յորքում, այնպես էլ Փարիզում: Նաև շատ հայ ընկերներ ունեմ, որոնց հետ համատեղ նախագծեր ենք իրականացնում:

Տևական ժամանակ է, ինչ նրանք ինձ ասում էին՝ դու պիտի այցելես Հայաստան կամ ե՞րբ ես գալու Հայաստան:

Ի դեպ, ես նաև շատ լավ ռուսերեն եմ խոսում, այդ պատճառով շատերն են մտածում, որ հայ եմ, ինչն ինձ համար պատիվ է:

Երբ իմ ընկեր Արմանդո Ղուկասյանն ինձ առաջարկեց դառնալ Երևանում այս օրերին ընթացող վոկալի մրցույթի միջազգային ժյուրիի անդամ, ես սիրով համաձայնեցի, քանի որ նույն մրցույթի շրջանակում արդեն ունեինք համագործակցության հաջող օրինակ:

Հետաքրքիր էր, որ երբ ֆեյսբուքյան իմ էջում տեղադրեցի իմ մասին մամուլում տեղ գտած տարբեր նյութեր, բոլոր հայ ընկերներս մեծ ոգևորությամբ արձագանքեցին:

Եվ իհարկե, Հայաստանն այն վայրն է, որտեղ ես կրկին ուզում եմ վերադառնալ:

– Ո՞րն է եղել առաջին տպավորությունը, որ ստացել եք Հայաստանից:

– Հայաստանում կանայք ունեն ամենագեղեցիկ հոնքերը:

Այստեղ մարդիկ շատ պատրաստակամ են, ու ես դեռ չեմ հանդիպել մի հայի, որն ասի՝ ոչ, բոլորն ասում են՝ մի՛ մտածիր, մի բան կանենք: Երբ ես վայրէջք կատարեցի օդանավակայանում, չնայած ուշ ժամին՝ ինձ արդեն այնտեղ սպասում էր Արմանդոն:

Կցանկանայի խոսել նաև հայ հանդիսատեսի մասին, որը սիրում է երաժշտություն ու բամբ ձայնով երգիչներին:

– Կպատմե՞ք ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրենի և Ձեր համագործակցության մասին:

– Կարինե Դավթյանն իսկական մասնագետ է, իր գործի գիտակ: Եվ ես միշտ ասում եմ՝ ինչքան մեծ է մարդը, այնքան բաց է տարատեսակ համագործակցությունների համար:

Դու չես կարող հաջողված կարիերա ունենալ՝ անընդհատ «ոչ» ասելով:

Եվ երբ նա ինձ հայտնեց, որ ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրենն է, ես միանգամից ցանկություն հայտնեցի գալ ու երգել կենտրոնի տաղանդավոր սաների համար:

Ավելին անելու համար, ցավոք, ժամանակ չկա, բայց ես կրկին գալու եմ Հայաստան, և մենք միասին անվճար համերգ ենք կազմակերպելու բոլորի համար:

– Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, որոնք ցանկանում են իրենց առաջին քայլերն անել երգարվեստում:

– Կարևորը հեշտ ու բնական երգելն է, երբ մարդիկ տեսնում են, որ երգելիս դժվարանում ես, նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ:

Դրանից հետո հարկ է երգել միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է: Պետք է քեզ լսես ու լսածդ համեմատես ոլորտի առաջատարների հետ:

Երիտասարդ տարիքում մարդիկ մտածում են, որ տարբերվում են մյուսներից, յուրօրինակ են, բայց իրականում նրանք մյուսների նման են, և միակ բանը, որ կօգնի տարբերվել, աշխատանքային կարգապահությունն է:

Այստեղ կարևորը լավ ձայն, խիստ կարգապահություն և լավ հոգի ունենալն է:

Այս ամենից զատ՝ կարևոր է անգլերենի և ընդհանրապես օտար լեզուների իմացությունը. ես խոսում եմ ռուսերեն, իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն և կարող եմ գրեթե յուրաքանչյուր լեզվակրի հետ հաղորդակցվել ու ձեռք բերել մեծ լսարան:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930