Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուստամ Բադասյանն անձնական շահագրգռվածություն ունի Զարուհի Նախշքարյանի գործով. Սիրանույշ Սահակյան

Նոյեմբեր 15,2021 17:54

«Մենք ամբողջությամբ առարկում ենք ՀՀ արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդության դեմ եւ, կարծում ենք, որ այն ենթակա է մերժման»,- այսօր կայացած ԲԴԽ նիստում հայտարարեց Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով բովանդակային հիմնավորումները: Ըստ այդմ, Զարուհի Նախշքարյանն իրեն թույլ չի տվել «ՀՀ դատական օրենսգրքի» 142 հոդվածով իրեն մեղսագրվող դատավարական իրավունքի խախտումներ, ինչպես նաեւ թույլ չի տվել «ՀՀ դատական օրենսգրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ: Ըստ Ռուբեն Մելիքյանի, դատավոր Նախշքարյանը չի խախտել նաեւ «ՀՀ դատական օրենսգրքի» 70-րդ հոդվածով իրեն մեղսագրվող անկողմնակալության դրույթը:

Դատավորին նյութական կամ կարգապահական իրավունքի ենթադրյալ խախտման համար կարգապահական պատասխանատվությունը, ըստ Ռուբեն Մելիքյանի, լուրջ միջամտություն է դատավորի եւ առհասարակ, դատական իշխանության անկախության սահմանադրական արժեքի նկատմամբ, հետեւաբար, այն շատ լուրջ ապացուցողական բազա է պահանջում, ինչը, տվյալ պարագայում, իր գնահատմամբ չկա:

Մեջբերելով «ՀՀ դատական օրենսգրքից» դրույթներ, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ դատավորի որոշումը պետք է հիմնված լինի օրենքով նախատեսված իր լիազորությունների շրջանակում փաստերի գնահատման եւ մեկնաբանման վրա, ոչ թե Արդարադատության նախարարության, Վերաքննիչ մարմնի կամ մեկ այլ մարմնի կողմից այդ ակտի ճիշտ կամ սխալ համարելը: Տվյալ պարագայում, Ռուբեն Մելիքյանը համարում է, որ ՀՀ արդարադատության նախարարն այս միջնորդությամբ, հենց դատավորի անկախությունը խաթարելու փորձ է անում, իսկ միջնորդության մեջ ներկայացված պնդումները համարում է մերկապարանոց:

Ընթացակարգային հիմնավորումները ներկայացրեց Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը: Նա գործը հիշարժան է համարում այն առումով, որ առաջին անգամ ԲԴԽ-ին՝ կարգապահական տույժի է ներկայացվել մի դատավոր, որն իրականացրել է արդյունավետ արդարադատություն, մինչդեռ, իր կարծիքով, այս օրինակելի վարքը խրախուսման պետք է արժանանար: Տիկին Նախշքարյանի վարույթում գտնվել է գործ, որում իբրեւ կողմ հանդես էր եկել Արդարադատության նախարարությունը՝ ընդդեմ Նարեկ Մալյանի՝ պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման հայցով եւ մերժում է ստացել: Ավելի ուշ, MTC ընկերության մեկ այլ գործով, դատավոր Նախշքարյանի դեմ կարգապահական վարույթ է ներկայացվել ԲԴԽ, երբ դրա հիմքերը իսպառ բացակայում են: Սիրանույշ Սահակյանն ակնհայտ է համարում այս գործում նախարարի անձնական շահագրգռվածությունը, քանի որ մասնավոր անձի դեմ է գործը, այլ ոչ թե ի պաշտոնե ներկայացված հայց, որտեղ հանրային խնդիրներ պետք է լուծվեին: Ըստ նրա, այս դեպքում, չունենալով վարույթի հարուցման իրական նախադրյալներ, Ռուստամ Բադասյանն անձնական շահագրգռվածությունից, վրեժխնդրությունից ելնելով՝ չարաշահել է իրեն վստահված նախարարի պաշտոնը եւ այն օգտագործել է անձնական խնդիրներ լուծելու համար եւ պատժել է՝ մեկ այլ գործով իր հայցը մերժելու համար: Նախարարի՝ անձնական շահերից ելնելով կարգապահական վարույթ հարուցելու գործիքի կիրառումը Սիրանույշ Սահակյանը ևս համարում է կոռուպցիոն դրսեւորում:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչները առարկեցին պատասխանողի տեսակետին՝ պնդելով դատավորի միջնորդությունը:

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի նոյեմբերի 29-ին 15.00-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930