Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Պապիկյանը մեր լավագույն նախարարներից է լինելու պաշտպանության առումով». Ալեն Սիմոնյան

Նոյեմբեր 15,2021 17:37

Կա՞ն տարածքներ, որոնք անցել են ադրբեջանական բանակի վերահսկողության ներքո, լրագրողի այս հարցին ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Նման բան Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ դուք տեսե՞լ եք…Եթե չեք տեսել, ուրեմն նման բան չկա»:

Լրագրողի պնդմանը՝ տեսել ենք, որ զորքը հայտնվել է շրջափակման մեջ, Ալեն Սիմոնյանն այսպես հակադարձեց. «Նման բան չկա, դա կարդացել եք Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ… Այդ թեմայի շուրջ բավականին շատ շահարկումներ են արվում, ընթերցողներն ու հեռուստադիտողներն արդեն սովորել են, որ բոլոր թեմաների վերաբերյալ շահարկումներ են լինում, ինչը տեղին չէ, ամբողջ իրավիճակը նկարագրված է Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ»:

Ինչո՞ւ Պաշտպանության նախարարը հրաժարական տվեց, եւ Սուրեն Պապիկյանի նշանակումը որքանով է արդարացված՝ հատկապես, որ նրա ծառայությունը կիսատ է մնացել հայտնի պատճառներով: Լրագրողի այս հարցին էլ Ալեն Սիմոնյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Հրաժարականի հետ կապված ասեմ, որ դա եղել է վարչապետի որոշումը, եւ վարչապետը հայտնել է, իսկ պարոն Պապիկյանի նշանակումը շատ ճիշտ եւ ողջունելի քայլ եմ համարում: Նման աշխատասեր եւ ամբողջ իրավիճակին տիրապետող մարդուն նման ոլորտ վստահելը շատ կարևոր եւ ճիշտ քայլ է…Պետք է տարբերել զուտ մասնագիտական գիտելիքները, որը շտաբի պետի գործառույթն է, եւ քաղաքական պաշտոնը, որն իրենից ներկայացնում է նախարարի պաշտոնը: Պարոն Պապիկյանը մեր լավագույն նախարարներից է լինելու պաշտպանության առումով»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Արշակ Կարապետյանի հրաժարականին չհետեւեց ԳՇ պետ Արտակ Դավթյանի հրաժարականը, արդյոք բանակում տիրող վիճակի համար նա եւս մեղավոր չէ: «Եթե նման բան տեղի չի ունեցել, ուրեմն իրավիճակի վերլուծությունը տվել է հարցի պատասխանը…Եթե հետեւելու բան լիներ, չկասկածեք, որ այդ գործողությունը նույնպես կկատարվեր»,-ասաց ԱԺ նախագահը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930