«Ես որոշեցի խոսել ոչ թե անգլերեն, այլ ռուսերեն. դրա պատճառը ոչ թե իմ քաղաքական նախընտրություններից է բխում, այլ իմ լեզվական բազայից»,-«Մեկ տարի անց. Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագայի կառուցում հետկոնֆլիկտային դարաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթը սկսելուց առաջ ասաց Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը՝ հիմնավորելով, թե տարածաշրջանում հայերն ու ադրբեջանցիները հենց ռուսերեն են շփվում:
Քննարկումը կազմակերպված էր բանավեճի ձևաչափում. Թոֆիկ Զուլֆուգարովն ու քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը նախ ներկայացրին իրենց տեսակետները, բանավիճեցին, իսկ հանդիպման ավարտին պատասխանեցին լսարանից հնչող հարցերին:
Ադրբեջանի ԱԳ նախարարը փորձեց համոզել, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսվել է երկրների անկախացումից առաջ՝ որպես միջէթնիկ հակամարտություն ու նշեց. «Այս հակամարտության առանձնահատկությունը երկկողմանի էթնիկ զտումներն են: Ուստի պիտի հասկանանք՝ այս հակամարտությունը ոչ թե երկու պետությունների միջև է, այլ երկու հասարակությունների՝ երկու ազգերի միջև: Տուժել են երկու ազգերը՝ մեկն իր տունն է կորցրել, մյուսը՝ հարազատին, ունեցել ենք երիտասարդ զինվորների կորուստ: Երկու ազգերն էլ շատ մեծ զգայական տրավմա են ստացել»: Ըստ նրա՝ երկարատև խաղաղության մասին խոսելիս պետք է խոսենք ոչ միայն պետությունների, այլ ազգերին հաշտեցնելու մասին. «Դա առաջին հերթին պիտի արվի շփումների միջոցով: Երկու հասարակությունների միջև պիտի շփում լինի, խոսեն իրենց խնդիրների մասին և հասկանան՝ ինչ անել, որպեսզի կրկին խաղաղության մեջ կողք կողքի ապրեն»:
Ըստ Թոֆիկ Զուլֆուգարովի՝ իբր 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանն է արել այնպես, որպեսզի կանգնեցվի էթնիկ զտումը: Նա ասաց. «Ամեն մեկն իր կողմից կբերի իր թվերը, թե ով է ավելի շատ սխալ եղել: Բոլորն էլ եղել են ոչ ճիշտ տարբեր փուլերում: Բայց առաջին անգամ Ադրբեջանը և Ադրբեջանի ղեկավարությունը, ունենալով հնարավորություն շարունակել պատերազմը, կանգնեցրել է այն: Այսինքն՝ Ադրբեջանին հաջողվեց կտրել փոխադարձ էթնիկ զտումների շղթան: Եվ այն շրջաններում, որտեղ հայեր են բնակեցված եղել երկար տարիներ, այժմ նրանք ապրում են իրենց բնակավայրում, այնտեղ այժմ խաղաղապահներն են և թուրք դիտորդները: Այնպես որ, սա մեծ ներդրում է, որպեսզի սկսենք երկու ազգերի հաշտեցման գործընթաց: Ցավոք, միջազգային հանրությունն այս փաստը ինչպես որ հարկն է չի գնահատում»:
Կարդացեք նաև
Ադրբեջանի ԱԳ նախարարը դժգոհեց՝ պատերազմի կանգնեցման հարցով մեկն ասում է Ռուսաստանը փրկեց, մյուսն ասում է սպառվել էին ռազմական հնարավորությունները ու պնդեց, թե փաստն այն է, որ առաջին անգամ էթնիկ զտումների շղթան Ադրբեջանը կտրել է իր անձնական քաղաքական որոշման արդյունքում:
Այնուհետև դժգոհեց, թե ՀՀ ՊՆ նախարարը «անօրինական կերպով այցելում է Ադրբեջանի տարածք» (նկատի ունի Արցախի Հանրապետություն,-Տ.Հ.): Ըստ Թոֆիկ Զուլֆուգարովի՝ այս փաստն էլ հաշվի առնելով և ընդհանուր իրավիճակը հաշվի առնելով շատ մարդիկ չեն թաքցնում իրենց հավակնությունները նոր պայմաններում հակամարտության շարունակության հարցում:
Թոֆիկ Զուլֆուգարովը հորդորեց նայել քարտեզին ու նշեց. «Եթե նայենք քարտեզին, կտեսնենք, որ մի կողմից ՀՀ-ն սահմանակից է Ադրբեջանին՝ 10 միլիոն բնակչությամբ, մյուս կողմից 80 միլիոնանոց Թուրքիային: Ինչպես պրակտիկան ցույց տվեց, մենք կարողացել ենք ստեղծել ռազմական հիմք, ուժեղ տնտեսություն, որպեսզի մեր խնդիրը կատարենք. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնենք: Չեմ ուզում կոշտ երևալ, բայց պետք է հստակ հասկանանք, որ մենք մեր խնդիրը կատարել ենք: Իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, նրա բանակը ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է, տնտեսական ցուցանիշներով աշխարհի 20-յակում է: Իսկ այս երկու պետությունների մեջտեղում ՀՀ-ն է, որը, չգիտես ինչու, իր քաղաքականությունը կազմակերպել է այնպես, որ Ադրբեջանին ու Թուրքիային թշնամի է համարում: Թե ՀՀ-ում ինչքան մարդ կա, դժվար է ասել. մեր տվյալներով՝ երկու միլիոնից էլ քիչ է, կարող եք ինձ ուղղել՝ ասելով, որ հինգ միլիոն է, բայց դա չի փոխում այն անհամաչափությունը, որը կա: Այնպես որ, այս իրավիճակում հայ քաղաքական գործիչներին հորդորում եմ վերադառնալ իրականություն: Սա աշխարհաքաղաքականություն չէ, այլ աշխարհագրություն: Եթե այստեղ ավելացնենք նաև 30 միլիոն ադրբեջանցիներին, որոնք ապրում են Իրանում, կհասկանաք, որ հայ քաղաքական վերնախավն և հասարակությունը չունի այլ ճանապարհ, քան հարևանների հետ լեզու գտնել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Արման Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից