Այսօր ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնում կայացավ Երևանի Շեքսպիրյան միջազգային 15-րդ թատերական փառատոնի մամուլի ասուլիսը։
Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի տնօրեն Կարո Բալյանն իր խոսքում նշեց, որ 15-րդ անգամ են բացում դռները հանդիսատեսի առաջ և 15-րդ անգամ փորձում են լուծել մշակութային հարցեր` համագործակցությունների միջոցով, շարժվելով միջազգային թատրոնի հետ համընթաց։
Շեքսպիրյան միջազգային 15-րդ թատերական փառատոնի կայացման գործում ձեռք են մեկնել անհատներ, այդ թվում Հայկ Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանը և այլք:
Կարդացեք նաև
Լրագրողի հարցին` պետությունից աջակցություն չի՞ եղել փառատոնի անցկացման համար, Բալյանը պատասխանել է մեկ բառով` ոչ։
Բալյանը նշեց, որ համավարակի պատճառով խմբագրվեցին պլանները, որոշ երկրներ պարզապես չկարողացան մասնակցել այս փառատոնին։
Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, «У моста» թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆեդոտովն էլ իր ելույթի սկզբում նշել է, որ ուրախ է Երևանում գտնվելու համար և կարևորեց նմանօրինակ փառատոնների անցկացումը։
Նշենք, որ փառատոնի հիմնադիրը Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն է, իսկ 2016 թվականից տնօրինում է Կարո Բալյանը։
Ասուլիսին լրագրողների հարցերին պատասխանեցին դերասանուհի Աուրելիա Իմբերտը (Ֆրանսիա), Նովոռոսիյսկի Վ.Պ. Ամերբեկյանի անվան դրամատիկական թատրոնի հասարակայնության հետ կապերի տնօրեն, Վախթանգովի անվան թատերական մենեջերների փառատոնի խոսնակ, «Ոսկե դիմակ» փառատոնի (Փոքր քաղաքների թատրոնների կլոր սեղան-քննարկումների) խոսնակ, «Փոքր քաղաքների թատրոններ» և «Թատրոնի մենեջերներ» միության համակարգող Անաստասիա Կատաևա-Լոբադան, արվեստաբան, թատերագետ Հասմիկ Սեմյորը։
Հավելենք, որ այսօր Ուսանողական թատրոնում կայանալու է փառատոնի հանդիսավոր բացումը` Կիևի ազգային ակադեմիական Երիտասարդական թատրոնի (Ուկրաինա) «Ամառային գիշերվա երազը» ներկայացմամբ։ Նոյեմբերի 15-ին մեկնարկած փառատոնը կտևի մինչև ամսի 20-ը:
Մանրամասները` առաջիկայում:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ